ՎԻՐԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՆՇԵՑ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

Տպել

2015 թվականի ապրիլի 24-ին, աշխարհի առաջադեմ մարդկության հետ միասին, Վրաստանի հայությունը եւս իր խոնարհումը բերեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների 100-րդ տարելիցին:

Մարդկանց հոսքը դեպի Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի սկսվեց դեռեւս վաղ առավոտյան՝ մասնակցելու եկեղեցում մատուցվող Հիշատակի Սուրբ պատարագին:
Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակի Սուրբ պատարագին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը՝ տիկնոջ՝ Էլեոնորա Վարդանյանի հետ, Վրաստանում Ավետարանական-Լյութերանական եկեղեցու առաջնորդ Հանս-Իոիահիմ եպիսկոպոս Կիդերլենը, Վրաստանի Ավետարանական-Մկրտական եկեղեցու հոգեւոր հայր Տեր Մալխազ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, մայրաքաղաքի հայ հասարակական գործիչներ, մտավորականներ, համայնքային կառույցների ղեկավարներ: Բազմություն, որ զբաղեցրել էր եկեղեցին եւ նրա մերձակա ողջ տարածքը:
Հավարտ Սուրբ պատարագի, պատարագիչ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը օրվա խորհրդի մասին քարոզի խոսքում հիշատակեց նախորդ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասված մեկուկես միլիոն նահատակների հիշատակը, սրբեր, որ դարձան հայ ժողովրդի պահապանները երկնքում: Տեր հայրը շնորհակություն հայտնեց քույր եկեղեցիներ՝ Հռոմեական-Կաթոլիկ, Ավետարանական-Լյութերանական եւ Ավետարանական-Մկրտական Սուրբ եկեղեցիներին, որոնք կիսելով հայոց վիշտը այս օրերին իրենց աղոթքով, գուժկան զանգերով եւ Հիշատակի պատարագին իրենց ներկայությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Պատարագից հետո, ներկաները ծաղկեպսակ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, հոգեւոր դասը շարականներ երգեց, իսկ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարեց Ցեղասպանության 100-ամյակին նվիրված «Հրաշակերտ բազմություն» շարականը:
Այնուհետեւ ժողովուրդը բողոքի պաստառներով, Վրաստանի եւ Հայաստանի պետական դրոշներով շարժվեց դեպի Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանություն, որտեղ կազմակերպվեց բողոքի խաղաղ հանրահավաք: Բազմամարդ էր հանրահավաքը, որին մասնակցեցին Թբիլիսիի հայկական կազմակերպություններ, այլ համայնքների ներկայացուցիչներ, Վրաստանի հայաբնակ շրջաններից հատուկ ժամանած հայեր: Բողոքի ակցիային իրենց մասնակցությունն էին բերել վրաց քաղաքական գործիչներ, ովքեր դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, վրաց իշխանություններին կոչ արեցին Ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը նման ոճրագործությունները կանխելու նպատակով: Հանրահավաքին հնչեցին նաեւ բողոքի բանաստեղծություններ եւ հայրենասիրական երգեր:
Ապրիլի 24-ին Հիշատակի պատարագներ, բողոքի ակցիաներ եւ խաղաղ հանրահավաքներ տեղի ունեցան Վրաստանի բոլոր հայաբնակ քաղաքներում եւ գյուղերում: