…ԵՎ ԿՈՐԾԱՆԵՑԻՆ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ԿԵՌԽԱՉԸ

Տպել

Այսօր՝ մայիսի 9-ին, համաշխարհային հանրությունը նշում է ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը։

Բեռլինի Ռայխստագի վրա հաղթական դրոշի փողփողման համար մարդկությունը ծանր գին վճարեց՝ հաղթանակի զոհասեղանին դրվեց վեց տասնյակ միլիոնից ավելի կյանք, իսկ ամենածանր փորձությունը բաժին ընկավ խորհրդային ժողովրդին, որի բաժինն ավելի քան 26 միլիոն մարդկային կյանքն էր։

Այլ ժողովուրդների հետ ֆաշիստական ժանտախտի դեմ պայքարում իրենց ծանրակշիռ ավանդը ներդրեցին վրաց եւ հայ ժողովուրդները։ Հատկանշական է, որ իրենց բազմադարյա պատմության ընթացքում այդ երկու հինավուրց ազգերը երբեք նման քանակությամբ զինվոր մարտադաշտ դուրս չէին բերել։ Բավական է նշել, որ պատերազմին Վրաստանից մասնակցեց երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը, շուրջ 700 հազար մարդ՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ, ռուսներ, աբխազներ, օսեր, քրդեր, հույներ…, իսկ Հայաստանից՝ բնակչության 22 տոկոսը, շուրջ 300 հազար մարդ։ Պատերազմի տարիներին կազմավորվեցին վրացական եւ հայկական դիվիզիաներ, որոնք իրենց մարտական ուղին սկսելով Կովկասյան նախալեռներից հասան Բեռլին, Պրահա, Վիեննա… Ցավոք, թե՚ Վրաստանից եւ թե՚ Հայաստանից զորակոչված զինծառայողների նշանակալի մասը չվերադարձավ պատերազմի դաշտից։ Այդ առումով, եթե հաշվարկի ելակետը վերցվի ազգաքանակությունն ու տված զոհերի թիվը, ապա հայ եւ վրացի ժողովուրդների կորուստները անհամեմատելի են պատերազմին մասնակից մյուս ժողովուրդների կրած կորուստների հետ։
Առաջին հայացքից, լինելով պատերազմական գործողություններից զերծ տարածքում, թե՚ Վրաստանը եւ թե՚ Հայաստանը մեծ ներդրում ունեցան հաղթանակի կոփման գործում։
Վրաստանից 137 զինծառայող արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման, 240000-ը պարգեւատրվեց շքանշաններով ու մեդալներով, 46000-ից ավելի աշխատավորներ՝ «Կովկասի պաշտպանության համար» եւ 333000-ից ավելի՝ «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աշխատանքային արիության համար» մեդալներով։ Իսկ ինչ վերաբերում է պատերազմին հայերի մասնակցությանը, ապա, ընդհանուր առմամբ, հայերից մասնակցեց շուրջ 550 հազար մարդ, որից 300 հազարը՝ Հայաստանից։ 103 հայ արժանացավ հերոսի կոչման, 27-ը դարձավ փառքի շքանշանի լրիվ ասպետ, իսկ մեդալներով ու շքանշաններով պարգեւատրվեց շուրջ 70000 հայազգի զինծառայող։
Պատերազմին ԱՄՆ-ից մասնակցել է 21 հազար հայ, Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից (այդ թվում՝ եւ նրանց գաղութներից)՝ 30 հազար։ Սփյուռքահայերի հանգանակություններով ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» եւ «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները։
Պատերազմի դաշտում իրենց զորավարական բարձր ունակություններով աչքի ընկան նաեւ հայ ու վրացի զորավարները։ Խորհրդային բանակի կազմում պատերազմին մասնակցեց շուրջ 80 հայ եւ վրացի գեներալ։ Ետպատերազմյան տարիներին Խորհրդային Միության մարշալի կոչման արժանացած Հովհաննես Բաղրամյանը պատերազմն ավարտեց Մերձբալթյան առաջին ռազմաճակատի հրամանատարի պաշտոնում, բանակի գեներալ կոչումով, Հովհաննես Իսակովը արժանացավ նավատորմի ծովակալի կոչման, Համազասպ Բաբաջանյանը, պատերազմը սկսելով մայորի կոչմամբ, այն ավարտեց տանկային զորքերի մարշալի աստիճանում, իսկ Սերգեյ Խուդյակովը ստացավ ավիացիայի մարշալի կոչում։
Վրացի գեներալներից իրենց փառքով պսակեցին ինժեներական զորքերի մարշալ Արչիլ Գելովանին, գեներալ-գնդապետ Կոնստանտին Լեսելիձեն, գեներալ-գնդապետ Պարփիրե Չանչիբաձեն, գեներալ-լեյտենանտ Վասիլի Մժավանաձեն, գեներալ-մայոր Գիորգի Կուպարաձեն, ուրիշներ։
Պատերազմին ակտիվ մասնակցություն են ունեցել նաեւ վիրահայերը։ Բավական է նշել, որ պատերազմի դաշտում իրենց մարտական անմար փառքով պսակեց Վրաստանում ծնված ավելի քան երեք տասնյակ գեներալ։ Պատերազմի առաջին օրվանից, արդեն գեներալի աստիճանում մարտեր էին վարում գեներալ-մայոր Գիրգոր Արությունովը, գեներալ-լեյտենանտ Իվան Վեքիլովը, զրահատանկային զորքերի գեներալ-լեյտենանտ Գայ Թումանյանը, գեներալ-լեյտենանտ Ստեփան Կինոսյանը, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ Լեւոն Օրբելին, բժշկական ծառայության գեներալ-մայոր Արթուր Քյուչարյանցը, ուրիշներ։
Վրացի ու հայ մարտիկները մասնակցեցին պարտիզանական պատերազմին եւ Եվրոպայի ժողովուրդների Դիմադրության շարժմանը։
Այսօր Վրաստանում ողջ է պատերազմի 17919 վետերան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու նախաձեռնությամբ, բոլոր վետերանները, ի պատիվ Մեծ հաղթանակի 70-ամյակի կստանան հազարական լարիի միանշանակ նպաստ։
Այսօր՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին, անկախ վերջին ժամանակներում լայն տարածում ստացած վերաարժեքավորման միտմանը, գլուխ ենք խոնարհում բոլոր հայտնի եւ անհայտ զինվորների առաջ, ովքեր աշխարհը փրկեցին ֆաշիստական դարչնագույն ժանտախտից։ Գլուխ ենք խոնարհում եւ, միաժամանակ, հպարտանում, որ հենց մենք էինք, մեր պապերը, որ կյանքի գնով պաշտպանեցինք մե՚ր ազատությունը, մե՚ր ինքնությունը, մե՚ր ապագան։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ