ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ

Տպել

Հունիսի 1-ին, Նինոոբայի տոնի կապակցությամբ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեն այցելեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան։
Նա Փարվանա լճի ափին, Փոկայի մենաստանում ներկա գտնվեց Սուրբ Նինոյի՝ Վրաստան մուտք գործելուն նվիրված հանդիսավոր պատարագին։ Նինոոբայի տոնը Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ նշվում է 1989 թվականից, յուրաքանչյուր տարվա հունիսի մեկին։
Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելեց նաեւ Նինոծմինդայի շրջանի հայաբնակ Սաթխա գյուղը, տեղացիներին շնորհավորեց գյուղի տոնի առթիվ։ Տեղի բնակիչների հետ հանդիպմանը Դավիթ Բաքրաձեն խոսեց վրաց եւ հայ ժողովուրդների բազմադարյա հարաբերությունների մասին եւ նշեց, որ եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամաբար եւ ինչպես Վրաստանի բոլոր քաղաքացիները, տեղի բնակիչները ներգրավված են երկրի զարգացման ու բարգավաճման գործին։
Տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպում ունեցավ Նինոծմինդայի բնակիչների հետ։ Հանդիպմանը Դավիթ Բաքրաձեն խոսեց երկրում ընթացիկ սոցիալական, առողջապահական եւ ապահովագրական ոլորտների բարեփոխումների մասին։ Նրա հայտարարությամբ, պետությունը իր միջոցներով արդեն սեպտեմբերի վերջին կապահովագրի երկու միլիոնից ավելի քաղաքացիների, որի արդյունքում կենսաթոշակային տարիք ունեցողներն ու մինչեւ հինգ տարեկան երեխաները կապահովվեն մատչելի բժշկությամբ։ Խորհրդարանի խոսնակը խոսեց նաեւ տարածաշրջանում ծրագրված նախագծերի մասին եւ նշեց, որ տարածաշրջանի զարգացումը Վրաստանի միասնության ու հզորացման նշանակալի նախադրյալներից մեկն է։ Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպմանը Նինոծմինդայի երիտասարդները կատարեցին պետական օրհներգն ու վրացական ժողովրդական երգեր։
Նինոծմինդայի շրջան կատարած այցի ընթացքում Դավիթ Բաքրաձեին ուղեկցում էին Նինոծմինդայից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Լաշա Ճկադուան, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթյանը, Ախալքալաքիից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հարություն Հովհաննիսյանը, Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի եւ վարչության ղեկավարներ Վլադիմիր Ստամբոլցյանը եւ Սամսոն Փնջոյանը, պաշտոնական այլ անձինք։
Այցի մանրամասները հաջորդ համարում