ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԵՎ ԳԱՆՁԱՅՈՒՄ ԸՆԹԵՐՑԵՑԻՆ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ

Տպել

altԱրդեն մի քանի տարի է, ինչ Թբիլիսիի թիվ 24 դպրոցի նախաձեռնությամբ կենսագործվում է «Ընթերցում ենք Ռուսթավելի» նախագիծը, որին  մասնակցում  են Վրաստանի տարբեր դպրոցների սաներ: Այս անգամ, սեպտեմբերի 19-ին, նախագծի եզրափակիչ մասում, իրենց մասնակցությունն էին բերել նաեւ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սաներ:

Մայրաքաղաքի թիվ, թիվ 23, 24, 116 եւ Թերջոլայի մասնավոր  դպրոցի սաներն ընթերցեցին հատվածներ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմից՝ վրացերենով, ֆրանսերենով, անգլերենով:
Պոեմի  հատվածների վրացերեն-հայերեն ասմունքով հանդես եկան Գանձայի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտները (տնօրեն՝ Սարգիս Դուրգարյան)  եւ «Լավագույն ասմունք» անվանակարգում արժանացան պատվոգրի, իսկ նրանց սիրելի ուսուցչուհին՝ Նանուլի Միխանաշվիլին, ճանաչվեց մրցույթի «Լավագույն ուսուցիչ» անվանակարգի հաղթող:


Ցուցադրված տեսահոլովակների (castings) շարքում աչքի ընկավ սեբաստացիների պատրաստած տեսահոլովակը՝ հայերենով եւ վրացերենով: Այն հաղթող դարձավ «Լավագույն տեսաժապավեն» անվանակարգում: Այդ դպրոցում վրացերենն ընդամենը երկու տարի է, ինչ ուսուցանվում է, սակայն արդյունքն այնքան տպավորիչ էր, որ հուզեց ե’ւ ներկաներին, ե’ւ մրցութային հանձնաժողովի անդամներին: Իսկ որքա՜ն սեր ու ջերմություն կար այդ ֆիլմում... չզգալն անհնար էր: Մեզ մնում է խորին շնորհակալություն հայտնել համալիրի տնօրեն, հարգարժան Աշոտ Բլեյանին, որի նախաձեռնությամբ էլ կրթօջախի սաները հնարավորություն ունեն ուսումնասիրելու, բնագրով ծանոթանալու վրաց գիր ու գրականության, մշակույթի կոթողներին: Շնորհակալություն նաեւ ուսուցչուհի Ռինա Շահինյանին, ով նվիրումով է ստանձնել այդ  կարեւոր առաքելությունը:

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի խորհրդական