ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԴՐԱԲԱՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԵՆ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Տպել

altԻնչպես արդեն հաղորդել ենք, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձեւակերպվող ութերորդ գումարման խորհրդարանն անդրանիկ նիստը կանցկացնի Քութայիսիում, հոկտեմբերի 21-ին։ Նոր խորհրդարանում խորհրդարանականների մեծամասնությունը ներկայացնելու է «Վրացական երազանք» կոալիցիան։ Ինչպես նշում են կոալիցիայի անդամները, նոր խորհրդարանի օրակարգում կներառվեն օրենսդրական մի շարք փոփոխություններ։ 

Ապագա խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ապագա նախագահ, կոնստիտուցիոնալիստ Վախթանգ Խմալաձեն ներկա դրությամբ չի մանրամասնում, թե որ օրենքներում եւ ինչ տեսակի փոփոխություններ են ծրագրվում իրականացնել, թեպետ նշում է, որ ներկայումս գործող շատ օրենքներում փոփոխությունների կատարումը կենսական անհրաժեշտություն է։
Նոր խորհրդարանում մեծամասնությունը, առաջին հերթին, մտադիր է հանդես գալ օրենսդիր մարմինը կրկին մայրաքաղաք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Ճիշտ է, նման որոշում ընդունելու համար «Վրացական երազանքը» պետք է ունենա սահմանադրական մեծամասնություն, որը այն չունի։ Ուստի լրիվ կազմի երկու երրորդ քվեների հավաքման համար մեծամասնությունը հույսը դնում է այն պատգամավորների վրա, ովքեր լրիվությամբ կընկալեն, թե ինչ բարդությունների հետ է կապված Քութայիսիում խորհրդարանի աշխատանքը։


Իրավաբանական հարցերի կոմիտեի ապագա նախագահը նշեց, որ նոր խորհրդարանի պատգամավորներին այդ կապակցությամբ հստակ տեղեկատվության մատակարարման դեպքում, հարցը դրականորեն կլուծվի։ «Ներկա դրությամբ, դեռ հայտնի չէ անգամ, թե ինչ միջոցներով եւ որտեղ են ապրելու պատգամավորները։ Հայտնի չէ նաեւ, թե ինչպես են աշխատելու խորհրդարանի աշխատակազմի 700-ից ավելի աշխատակիցները»,- հայտարարեց Խմալաձեն։ Վերոնշյալ փոփոխությունից բացի, խորհրդարանական մեծամասնությունը ծրագրում է արմատական փոփոխություններ կատարել նաեւ երկրի Սահմանադրությունում։ Փոփոխության ենթակա հոդվածներն առնչվելու են խորհրդարանի նախագահի, գործադիր իշխանության, պետական ֆինանսների եւ պետական վերահսկողության հոդվածներին։
«Պետք է ստեղծել պետական կառավարման այնպիսի մոդել, որի պայմաններում իշխանության ոչ մի ճյուղ չի ունենա գերակայություն։ Մեր նախընտրական ծրագրում նշել էինք, որ դրա լավագույն տարբերակը դասական խորհրդարանական հանրապետությունն է, որի պայմաններում գործադիր իշխանությանը վերահսկում եւ այն իրավասու է փոխելու խորհրդարանը։ Այսօր ունենք գերնախագահական պետություն, սակայն նոր Սահմանադրության գործարկումից հետո կստանանք գերվարչապետական պետություն։ Չնայած նրան, որ ստեղծված պայմաններում երկրի ապագա վարչապետը դառնալու է «Վրացական երազանքի» լիդերը, մենք պատրաստ ենք վերացնել վերոնշյալ օրենսդրական փոփոխությունը»,- հայտարարեց Վախթանգ Խմալաձեն՝  ներկայացնելով խորհրդարանական մեծամասնության պետական կառուցվածքի իր հայեցակետը։
Անդրադառնալով նախագահի իրավասությունների սահմանափակման հարցին, Վախթանգ Խմալաձեն հայտարարեց. «Նախագահից առաջին հերթին պետք է վերցնել այն բազում իրավասությունները, որոնք նրան վերապահվեցին վերջին տարիների ընթացքում։ Նախագահին վերապահվում էր նույնիսկ նախարարի տեղակալների նշանակման հարցը, որն, ըստ էության, պետք է լուծի միայն նախարարը»։
Նոր խորհրդարանի իրավաբանական հարցերի կոմիտեի ապագա նախագահի խոսքերով, փոփոխության ենթակա են ոչ միայն Սահմանադրությունը, այլեւ շատ օրենքներ, որոնք թույլ են տալիս երկակի մեկնաբանություն։ Մասնավորապես, Խմալաձեի հայտարարությամբ, արմատական փոփոխություններ պետք է կատարվեն հարկային օրենսգրքում։ Օրինակ, պետք է կիրարկել մրցակցության մասին օրենքը, ինչը թույլ կտա հիմնել հակամենաշնորհային ծառայություն, որն, իր հերթին, լուրջ նախադրյալներ կստեղծի վերնախավային կոռուպցիան արմատախիլ անելու հարցում։
«Մենաշնորհը եւ վերնախավային կոռուպցիան շղթայված հասկացություններ են։ Այն հնարավոր է վերացնել միայն օրենսդրական փոփոխություններով։ Համապատասխան փոփոխությունների հարցում արդեն աշխատում է «Վրաստանի զարգացման հետազոտական ինստիտուտը» եւ մոտ ժամանակներս խորհրդարանի քննարկմանը կկարողանանք ներկայացնել նոր օրինանախագիծը»,- հայտարարեց Խմալաձեն։ Կոնստիտուցիոնալիստի հավաստմամբ, փոփոխության է ենթակա նաեւ «Բնական ռեսուրսների մասին» օրենքը, քանզի կտրուկ միջոցներ պետք է ձեռնարկվեն այն վտանգների կանխման ուղղությամբ, որոնք սպառնում են անտառներին եւ հողածածկույթին։
Ըստ Վախթանգ Խմալաձեի, փոփոխություններ են նախատեսվում նաեւ Ներքին գործերի համակարգում։ Խմալաձեն գտնում է, որ ՆԳ նախարարության համակարգից պետք է անջատել անվտանգության ծառայությունը, իսկ համակարգն ինքը պետք է վերածվի քաղաքացիական ծառայության։ Ոստիկանությունը դառնալու է նախարարության միայն մի մասը։
 Խմալաձեի խոսքերով՝ խորհրդարանական մեծամասնությունը ծրագրում է նաեւ փոխել դատախազության գործառույթները եւ նրան վերապահվելու է օրենքի պաշտպանության գործառույթ։ Փոփոխություններ են նախատեսվում նաեւ դատավարության օրենսգրքում եւ փաստաբանների լիազորությունների ավելացման ուղղությամբ։
Վերոնշյալին զուգընթաց, Խմալաձեն գտնում է, որ լուրջ փոփոխություններ պետք է իրականացվեն անմիջականորեն օրենսդիր մարմնի ընթացակարգային հարցերում։ Խմալաձեի խոսքերով, խորհրդարան մուտք գործած բոլոր օրինանախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման եւ մարդկանց ընձեռվի դրանց մանրամասն ծանոթանալու հնարավորություն։
Առաջիկա օրենսդրական փոփոխությունների հարցին անդրադարձավ նաեւ քաղաքագետ, Վրաստանի վերինտեգրման գործերի պետնախարարի թեկնածու Պաատա Զաքարեիշվիլին։ Ելույթ ունենալով վրացական «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում, նա ընդգծեց «Բռնազավթած տարածքների մասին» օրենքի վերանայման անհրաժեշտությունը։
Նրա խոսքով՝ «օրենքը պետք Է լինի, սակայն պատժամիջոցներն անհրաժեշտ Է հասցնել նվազագույնի»: «Մենք պետք Է առավելագույնս նպաստենք բնակչության, բեռների եւ օտարերկրացիների տեղաշարժին»,- նշեց նա:
«Ընդհանուր առմամբ, այդ օրենքում շատ են անարդար դրույթները»,- հայտարարեց Զաքարեիշվիլին, ընդսմին չբացառելով միջազգային կազմակերպությունների հետ խորհրդակցությունների հիման վրա դրա վերանայման հնարավորությունը:
«Վստահ եմ, որ այդ օրենքում փոփոխություններ կատարելը կմեծացնի Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների հոսքը»,- հավելել Է պետնախարարի թեկնածուն:

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ