ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆ. «ԻՄ ՔԱՅԼԸ ԲԽՈՒՄ Է ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ»

Տպել

altԻնչպես արդեն հաղորդել ենք, այսօր Վրաստանի ութերորդ գումարման խորհրդարանում գործում է նոր՝ վեց մեծամասնական պատգամավորներից կազմավորված խմբակցություն։ Վեցից չորսին լավ ճանաչում են ինչպես իրենց շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ երկրում։ Այդ պատգամավորներն են Գիորգի Լիպարտելիանին՝ Լենտեխիից, Կախա Օքրիաշվիլին՝ Դմանիսիից, Գոդերձի Բուկիան՝ Աբաշայից եւ Հենզել Մկոյանը՝ Նինոծմինդայից։ Նրանք չորրորդ անգամ անընդմեջ, սկսած 1999 թվականից, ընտրվում են մեծամասնական պատգամավորներ վերոնշյալ շրջաններից։ Ինչո՞ւ նրանք որոշեցին դուրս գալ «Ազգային շարժումից» եւ հիմնել նոր խմբակցություն։ Այդ հարցը երկրում եւ այն տարածաշրջաններում, որտեղ այդ պատգամավորներին հիանալի ճանաչում են, դարձել է տարբեր խոսակցությունների առիթ։ Ոմանք գտնում են, որ խմբակցությունը հատուկ ստեղծել է «Ազգային շարժումը»՝ «Վրացական երազանքում» նրանց ներդնելու նպատակով։ Մյուսների համոզմամբ, ընդհակառակը, «նրանք արդեն վաղուց անցել են «Երազանքի» կողմը»։ Խմբակցության ստեղծման առիթով կան նաեւ այլ, հաճախ անհեթեթության հասնող վարկածներ։ Բայցեւայնպես, ինչո՞ւ ձեւավորվեց «Անկախ մեծամասնականների» վերոնշյալ խմբակցությունը։ Այս եւ նման հարցերով դիմեցինք խմբակցության անդամ Հենզել Մկոյանին։

- Ակնհայտ է մի հանգամանք. ձեր նորաստեղծ խմբակցությունը մտահոգություն եւ իրարանցում առաջացրեց ոչ միայն «Ազգային շարժման», այլեւ «Վրացական երազանքի» շարքերում։ Ասում են՝ «Ազգայիններն» արդեն ձեզ չեն հավատում, «Երազանքն» էլ թերահավատորեն է նայում։ Բայցեւայնպես, ո՞րն է նոր խմբակցության կազմավորման իրական պատճառը։
- Նման արձագանքները բնական են, եւ այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այդ ամենը մենք նախատեսում էինք, այնպես որ, անսպասելի ու զարմանալի ոչինչ չկա։
Երբ մենք չորս պատգամավորով որոշեցինք դիմել այդ քայլին, գլխավոր նպատակը, ինչը հետապնդում էինք, այն էր, որ խորհրդարանում քվեարկության ժամանակ մեր ձայները ծառայեն միայն եւ միայն արդարությանը։ Մենք արդարությունը կպաշտպանենք նաեւ խորհրդարանում ծավալվող բոլոր բանավեճերում ու վիճաբանություններում, կպաշտպանենք այն դիրքորոշումը, որն ուղղված կլինի բնակչության բարեկեցության բարձրացմանը։
- Սակայն ձեր խմբակցությունում միավորված են կարցծես թե միայն գործարարներ։ Ինչո՞վ է արտահայտվում ձեր արդարությունը։
- Եթե ցանկանայինք հասնել ինչ-որ այլ բանի, ապա մենք հանգիստ կարող էինք մնալ «Ազգային շարժման» շարքերում կամ, ընդհակառակը, միանալ մեծամասնությանը։ Սակայն ոչ մեկին չմիացանք, մենք դարձանք լրիվ անկախ, այդ քայլին դիմեցինք միայն այն նպատակով, որպեսզի մեր ձայները երաշխավորված չպատկանեին իրար դիմակայող կողմերից ոչ մեկին։ Ավելացնեմ նաեւ, որ այն, ինչ խոսում են մեր մասին, մեզ չի անհանգստացնում։ Փաստն այն է, որ թե՚ երկրում եւ թե՚ խորհրդարանում նոր իրականություն է, եւ դա պետք է ընդունել, դրանց պետք է հարմարվել։
- Իսկ ի՞նչ կասեիք ձեր նորակազմ խմբակցության մասին։
- Դա համախոհների խմբակցություն է։ Մենք 10-12 տարի է, ինչ միասին ենք աշխատում  խորհրդարանում, եւ այսօր էլ որոշեցինք համատեղել մեր ջանքերը, հիմնել անկախ խմբակցություն, քանզի չենք ցանկանում լինել ո՚չ փոքրամասնության եւ ո՚չ էլ մեծամասնության շարքերում։ Որպես մեծամասնական պատգամավորներ, մեզ համար գերխնդիրն ու առաջնային նպատակն այն է, որ կատարենք բոլոր այն խոստումները, որ տվել ենք մեր ընտրողներին, կատարենք անկախ ամեն ինչից, անկախ երկրում քաղաքական ուժերի հարաբերակցությունից։ Իսկ ընտրողներին տված խոստումներն անհնարին է կատարել առանց խորհրդարանական մեծամասնության, առանց գործադիր իշխանության հետ համագործակցության։ Անկախ խմբակցության ստեղծմամբ, մենք ստացանք ձեռքերի ազատություն, ազատ գործելու հնարավորություն, միայն նման պայմաններում կկարողանանք օգնել մեր ընտրողներին եւ ընդհանրապես մեր շրջաններին։ Բնականաբար, մենք կհամագործակցենք նաեւ խորհրդարանական փոքրամասնության հետ եւ միշտ կպաշտպանենք արդարացի որոշումները, այն օրենքները, որոնք կգործեն ի շահ ժողովրդի։
- Բայցեւայնպես, դուք ընտրություններին մասնակցում էիք «Ազգայինների» հովանու ներքո, վաղուց արդեն «Ազգային» էիք համարվում։ Տվյալ պարագայում, փոքրամասնության շարքերի լքումը չի՞ ընկալվի որպես դավաճանություն։
- Ի՞նչ դավաճանության մասին կարող է խոսք լինել, երբ մեզանից յուրաքանչյուրը մեր շրջաններում  այդ կուսակցության համար ապահովեցինք քվեների բարձր տոկոսներ։ Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգով մեր հաղթանակին, ապա դա այնքան տպավորիչ էր ու համոզիչ, որ կասկածի առիթ չի տալիս։ Դրանում համոզվելու համար, բավական է բացեք հոկտեմբերի մեկի խորհրդարանական ընտրությունների ԿԸՀ-ի հանրագումարային տվյալները։ Այնպես որ, թե՚ համամասնական, թե՚ մեծամասնական համակարգերով, ընտրությունների ժամանակ մենք մեծապես օգնեցինք «Ազգային շարժմանը»։ Ուստիեւ, դավաճանության մասին խոսք անգամ լինել չի կարող։
- Իշխանափոխության պայմաններում դուք չե՞ք երկնչում, որ ձեր գործարարությանը վտանգ կարող է սպառնալ։
- Ոչ, քանի որ միշտ գործել եւ շարունակում եմ գործել օրենքի շրջանակներում։ Ընտրողներին տված խոստումներս էլ կատարել եմ օրենքի շրջանակներում, իմ հնարավորությունների ու կարողությունների սահմաններում։
Ընդհանրապես, գործարարները եւ անձամբ ես համոզված ենք, որ գործող իշխանության հետ հարկ է ունենալ լավ հարաբերություններ։ Այլապես՝ դու քո շրջանին եւ ընտրողներին լիարժեք օգնություն ցուցաբերել չես կարող։ Բացի այդ, մենք նաեւ համոզված ենք, որ պետք է համագործակցենք երկրի բոլոր ողջամիտ ուժերի հետ։
- Եվս մի հարց։ Դուք արդեն չորրորդ անգամ ընտրվեցինք մեծամասնական պատգամավոր եւ բոլոր այդ տարիներին խորհրդարանում ներկայացնում եք նինոծմինդացիներին։ Այս ընտրաշրջանում ի՞նչ խոստումներ եք տվել ձեր ընտրողներին։
- Քարոզարշավի ժամանակ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ընտրողների հետ։ Նոր ոչինչ չեմ խոստացել։ Նրանք, ովքեր ինձ վստահության քվե են տվել, քաջատեղյակ են, որ ես կատարել եմ իմ բոլոր խոստումները վերջին տաս տարվա ընթացքում։ Այնպես որ, տվյալ պարագայում ամեն ինչ ակնհայտ է։ Իսկ ինչ վերաբերում է խոստումներին, ապա երկնքից աստղեր իջեցնել չեմ խոստացել։ Տվել եմ իրատեսական խոստումներ, որոնք բխում են ինչպես իմ ամեն մի ընտրողի ու շրջանի, այնպես էլ երկրի շահերից։ Պետք է շարունակվեն ճանապարհների բարեկարգման աշխատանքները, ենթակառույցների շինարարությունը, ջրատար համակարգերի վերանորոգումը եւ, ամենակարեւորը, պայմաններ ստեղծվեն նոր աշխատատեղերի կազմավորման համար։ Սրանք են այն հիմնական թեմաները, որոնք, ներկա դրությամբ, հուզում են նինոծմինդացիներին, եւ հուսով եմ, որ առաջիկա չորս տարիներին կկարողանանք համատեղ ուժերով կարգավորել այդ հարցերը։

Հարցազրույցը վարեց
ՆԻՆՈ ԹԱՎԱՐԹՔԻԼԱՁԵՆ