ԹԲԻԼԻՍԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍՑԵՆԵՐԸ

Տպել

altԻնչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, լույս է տեսել «Թբիլիսի. զբոսաշրջիկի տեղեկատու» անգլերեն եւ ռուսերեն լեզուներով լույս տեսած ուղեցույցը, որից պարբերաբար ներկայացնում ենք մեր քաղաքի պատմական ու մշակութային արժեքավոր հուշարձանների եւ կառույցների պատմությունները:

ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՊՈՂՈՏԱ. ՏՈՒՆ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ Է ՀԱՅ ԲԱՐԵՐԱՐ ՄԵԼԻՔ-ԱԶԱՐՅԱՆՑԸ
Որքան էլ տարօրինակ լինի, Ռուսթավելու պողոտայի այդ հատվածը շատերի համար շարունակում է կոչվել «Զեմել» անունով։ «Զեմել» գերմաներեն նշանակում է «բուլկի»։ Հենց այդ հատվածում, Ռուսթավելու պողոտայի թիվ 37 հասցեն մի հետաքրքիր շինություն է, որ շատ ավելի տարածված է «Մելիք-Ազարյանցի տուն» անվամբ: Այն կառուցվել է 1900 թվականին, ճարտարապետ Օբոլենսկու նախագծով: Սա հսկայական, ամբողջ թաղամասն ընդգրկող շենք է, որը պատկանել է առաջին գիլդիայի վաճառական Ալեքսանդր Մելիք-Ազարյանցին: Դեռեւս XX դարասկզբին Տունն արդեն ունեցել է իր առանձին էլեկտրո եւ ջրամատակարարումը, ջեռուցման համակարգը, հեռախոսակապը, մանկապարտեզը, կինոթատրոնը, լուսանկարչական սրահը, գեղագիտական պատկերասրահն ու այգին՝ շատրվանով եւ էկզոտիկ բուսականությամբ... Լայն ցուցափեղկերով, բազմանկյուն աշտարակներով բազմամուտք շինությունը, ասես վառ ապացույցն ու վկան է XX դարի շինարարական պոռթկման: Աշտարակներին զետեղված քարե պսակները խորհրդանշում են վաճառականի 25-ամյա մահացած դստեր պատմությունը, ով վախճանվեց տան շինարարությունը դեռ չավարտած: Ասում են՝ երբ փորում էին տան հիմքը, այստեղ ներկա քաղաքի վաճառականները գանձեր էին գցում փոսի մեջ՝ հանուն երջանկության… Բայց, դժբախտաբար, տունը Մելիք-Ազարյանցին երջանկություն այդպես էլ չբերեց, նա մահացավ աղքատության մեջ, արդեն խորհրդային կարգերի օրոք եւ հողին հանձնվեց ընկերների հանգանակությամբ: (Մանրամասն Մելիք-Ազարյանցի մասին տես՝ «Վրաստան» թերթ, 2012թ. մարտի 10, N 19-20)։

ՄԹԱԾՄԻՆԴԱ
Շոթա Ռուսթավելու պողոտայի խորհրդանիշը Մթածմինդան է, որ վրացերենից թարգմանաբար նշանակում է Սուրբ լեռ: Իր անունը ստացել է XV դարի վերջում, ի պատիվ Աֆոնի Սուրբ լեռան: Մյուս՝ Դավիթի լեռ անվամբ, Մթածմինդան հայտնի է VI դարից եւ կրում է այն սիրիական հայրերից մեկի՝ Վրաստանի լուսավորիչներից Դավիթ Գարեջիի պատվին: Մթածմինդայից դեպի քաղաք հիանալի համայնապատկեր է բացվում: «Երբ հոգեվիճակս ծանր է, բավական է հայացք նետեմ լեռան վրա եւ սիրտս թեթեւանում է»,- գրում էր բանաստեղծ Նիկոլայ Բարաթաշվիլին, XIX դարի 30-ական թվականներին:
Մթածմինդայի ստորոտում, Թբիլիսիի թերեւս ամենախոշոր թաղամասերից մեկն է՝ Մթածմինդան: Մինչեւ XIX դարի սկիզբն այստեղ հյուսիսային ճանապարհ է անցել, որը կապել է altԹբիլիսիի ու նաեւ կենտրոնական Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ:
Մթածմինդա լեռան լանջերից մեկին գտնվում է Սուրբ Դավիթի եկեղեցին: Տաճարը կառուցել է Դավիթը, ով Վրաստան է եկել VI դարում եւ ապաստանել Սուրբ լեռան լանջերից մեկի քարանձավում: Այստեղ էլ կառուցել է փոքր եկեղեցի եւ կամ ավելի ճիշտ, մատուռ: XVI դարում աֆոնի երկու միաբան Դավիթ ու  Նիկոլայ Գաբաշվիլիները կառուցել են այստեղ քարաշեն փոքրիկ եկեղեցի եւ կոչել այն Իվերիայի Աստվածամոր անունով (ուղղափառ աշխարհի ամենապաշտելի սրբություններից): 1809 թվականին, Վրաց կաթողոկոս Անտոնի II կարգադրությամբ եկեղեցին վերակառուցվել է, իսկ 1817 թվականին գեներալ Երմոլովի նախաձեռնությամբ ու սակրավոր գումարտակի զինվորների օգնությամբ. այստեղ հարմարավետ ճանապարհ է գցվել:
Խավարի տարիներին, երբ քաղաքը ենթարկվել է թշնամու ներխուժումներին, շատերը Սուրբ Դավիթի տաճարում են գտել իրենց փրկությունը, իսկ վրաց թագավորները հենց այստեղ են փարատել իրենց վիշտը: Ինչպես հայտնի է պատմությանը, կորցնելով որդուն՝ Սողոմոնին, Իրակլի II վրաց թագավորը, իր մերձավորների հետ տեղափոխվել է տաճար ու հենց այստեղից կառավարել երկիրը: Եկեղեցու մոտ, լեռան ճեղքվածքից մի աղբյուր է ցայտում, որի հետ է  կապվում հին ու գեղեցիկ մի ավանդություն. հինգշաբթի օրերին այստեղ ջահել աղջիկներ էին հավաքվում Սուրբ Դավիթին աղոթելու եւ բաղձալի երազանքը հայտնելու համար: Հետո երեք անգամ պտտվում էին եկեղեցու շուրջ, ցատկում աղբյուրն ու վերցնում քարերից մեկը, փորձելով կպցնել այն եկեղեցու պատին: Եթե քարը չէր ընկնում, ուրեմն հաջողակի երազանքն իրականություն էր դառնում:
Եկեղեցու մոտ, գտնվում է նաեւ Վրաց բանաստեղծների եւ հասարակական գործիչների պանթեոնը: 
«Վրաստան» թերթի հավելում. Պանթեոնի բացման պաշտոնական տարեթիվը համարվում է 1929 թվականը, բայց առաջին ռուս դասական  Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունն ամփոփվել է այստեղ 1829 թվականին: Այստեղ հանգչում են նաեւ վրաց մեծանուններ Վաժա-Փշավելայի, Իլիա Ճավճավաձեի, Ակակի Ծերեթելու, Գալակտիոն Տաբիձեի, Նոդար Դումբաձեի, Կոտե Մարջանիշվիլու, Աննա Կալանդաձեի, Նիկոլոզ Բարաթաշվիլու, Մերաբ Կոստավայի, Ստալինի մոր՝ Եկատերինա Գելաձեի… եւ ընդհանուր թվով հիսուն երեւելիների աճյուններ:
(Շարունակելի)

Պատրաստեց
ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ