ԵՐԿՐԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԽԹԱՆՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐ

Տպել

Ինչպես արդեն հաղորդել ենք, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, իր գլխավորած կառավարության գործունեության 100-օրյա արդյունքների հանրագումարմանը նվիրված մամուլի ասուլիսում բարձրացրեց երկրի էկոնոմիկայի զարգացումն արագացնելուն նպատակաուղղված երեք հիմնադրամների հիմնման նախաձեռնությունը։

Մասնավորապես, ներդրումների ծավալների եւ, ընդհանրապես, ներդրողների ավելացման նպատակով ծրագրվում է հիմնել ինքնուրույն, անկախ հիմնադրամ։ Շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարի ծավալով այդ հիմնադրամը նպաստելու է ռազմավարական նախագծերի իրականացմանը։ 20 միլիոնից մինչեւ 50 միլիոն ԱՄՆ դոլարի նախնական կապիտալով նորարարական կամ երիտասարդական հիմնադրամը ֆինանսավորելու է երիտասարդական նախագծերը, աջակցելու է նոր եւ հեռանկարային գործարարությանը։ Եվս երկու միլիարդ ԱՄՆ դոլարի կապիտալով նախատեսված մասնավոր ներդրումային հիմնադրամը համաֆինանսավորում կիրականացնի ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղի ներդրողներին։
Ինքնուրույն, անկախ հիմնադրամը կազմավորվելու է գործընկերային հիմնադրամի բազայի վրա՝ վերջինիս վերակազմավորման պայմաններում։ Հիմնադրամին վերապահվելու են հոլդինգային գործառույթներ։ Այն իր տնօրինության տակ կունենա պետական ակտիվներն ու կիրականացնի ռազմավարական նախագծերը։
Նորարարական կամ երիտասարդական հիմնադրամը գլխավորապես նպատակաուղղված է լինելու երիտասարդ գիտնականներին ու գործարարներին սեփական նախաձեռնությամբ նորարարական նախագծեր իրականացնելու աջակցությանը։ Հիմնադրամը յուրաքանչյուր նման նախագծի ֆինանսավորման համար նախատեսում է հատկացնել 100 հազարից մինչեւ 150 հազար լարի։ Հիմնադրամը կողմնորոշվելու է բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, բժշկության եւ նորարարական մյուս ոլորտների ֆինանսավորմանը։
Ինչ վերաբերում է մասնավոր ներդրումային հիմնադրամին, ապա, ինչպես նշեց վարչապետը, դա նրա վաղեմի նպատակն էր եւ նման հիմնադրամի հիմնումը լրացուցիչ ազդակ կդառնա ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրումների ծավալների ավելացման համար։ Մասնավոր, ներդրումային հիմնադրամը որպես համաֆինանսավորող կմասնակցի տեղի եւ օտարերկրյա ներդրողների կողմից երկրում իրականացվող նախագծերին։ Ըստ հիմնադրամի նախաձեռնողների մտահղացման, հետաքրքիր նախագծերի դեպքում, անկախ նրանից, թե իրականացնողները կլինեն տեղացիներ, թե օտարերկրացիներ, հիմնադրամը պատրաստ կլինի համաֆինանսավորել նախագիծը դրա արժեքի 75 տոկոսի չափով՝ մնացած մեկ քառորդը իրականացնող ներդրողների կողմից ֆինանսավորման պայմանով։
Կառավարության հաշվարկումներով, սկզբնական փուլում հիմնադրամների նախնական կապիտալը կազմավորվելու է տեղական ներդրումների հաշվին, քանզի օտարերկրյա ներդրումների գրավման համար կպահանջվի որոշակի ժամանակ։ Խոսքը վերաբերում է ոչ միայն հիմնադրամների կանոնադրության հստակեցմանն ու կարգավորմանը, այլեւ ներկայացվող նախագծերի մշակմանը, առաջնահերթությունների ներկայացմանը եւ այլն։
Հատկանշական է մի հանգամանք։ Իսկ Բիձինա Իվանիշվիլու վերոնշյալ հիմնադրամներում, բացառված չէ, որ կներկայացվի նաեւ իր կապիտալը, թեպետ հիմնադրամի կառավարման հետ, վարչապետի հավաստմամբ, դա ոչ մի կապ չի ունենա։ Ըստ վարչապետի՝ հիմնադրամները կկառավարվեն հատուկ խորհուրդների կողմից եւ կգործեն բացարձակապես անկախ ու ինքնուրույն։
Փորձագետների գնահատմամբ, վերոնշյալ հիմնադրամների կազմավորումը, ծրագրված նախնախական կապիտալների ծավալները թույլ են տալիս ենթադրելու, որ կառավարությունը, իրականում մտադիր է գործնական քայլեր իրականացնել երկրի էկոնոմիկայի խթանման ուղղությամբ, ինչը թույլ կտա հիմնել նոր արտադրություններ, բացել նոր աշխատատեղեր, հնարավորինս նվազեցնել գործազրկության մակարդակը, ինչը ինքնըստինքյան կանդրադառնա մարդկանց բարեկեցության վրա։ Թեպետ, ընդգծվում է նաեւ հիմնադրամների կողմից տրամադրվող միջոցների նկատմամբ հասարակական վերահսկողության անհրաժեշտությունը, ինչն էլ կարող է դառնալ դրանց արդյունավետ օգտագործման գրավականը։
Ավելացնենք, որ վերոնշյալ հիմնադրամներից անկախ, ինքնուրույն կգործի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որն, արդեն կազմավորման գործընթացումն է։ Նշենք, որ դեռ մինչեւ ընտրությունները Բիձինա Իվանիշվիլին հայտարարում էր, որ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը կազմելու է մեկ միլիարդ ԱՄՆ դոլար, սակայն ներկա դրությամբ չի բացառվում, որ հիմնադրամը շատ ավելի միջոցներ կունենա, քանզի արդեն այսօր սույն հիմնադրամը գյուղատնտեսական գարնանային աշխատանքների համար պատրաստ է վարկերի տեսքով ոլորտին տրամադրել 700 հազար դոլար։
Մասնավորապես, «Նվազագույն հողամասերով ֆերմերներին գարնանային աշխատանքների կատարման աջակցության» նախագծի շրջանակներում սկսել է գյուղատնտեսական քարտերի բաշխումը։ Քարտերում նշված է գարնանային աշխատանքների համար իրականացվելիք աշխատանքների համար անհրաժեշտ նյութերի եւ գյուղգործիքների ձեռքբերման համար բավարար գումար։
Նշենք, որ գյուղատնտեսական քարտեր կստանան բոլոր այն գյուղացիները, որոնք իրենց տնօրինության տակ ունեն մինչեւ հինգ հեկտար հողատարածք։ Քարտով տրվող գումարի մեծությունը կախված է հողամասի չափերից։ Այսպես մինչեւ 0,25 հեկտար հողամաս ունեցողները կստանան 100 լարիանոց գումար, 0,25-ից մինչեւ 1,25 հեկտար ունեցողները՝ 510 լարի, 1,25-ից մինչեւ 5 հեկտար ունեցողները՝ 640 լարի։
Ավելացնենք, որ գյուղատնտեսական քարտերի բաշխումը մեկնարկեց փետրվարի 12֊ին, Քվեմո Քարթլիի տարածաշրջանից։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ