ԿԱՏԱՐՎԵՑ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ԵՎ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Տպել

Աֆղանստանում զոհված վրացի զինվորների դիերը հունիսի 9-ին Սուրբ Երրորդության Մայր տաճարից փոխադրվեցին նրանց ընտանիքներ։

Սուրբ Երրորդության տաճարում կայացավ հոգեհանգիստ, որ մատուցեց Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը։
Սգո արարողությանը մասնակցեցին Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի նախագահը, կառավարության եւ խորհրդարանի անդամները, հասարակայնության ներկայացուցիչներ։ Տաճարում էր նաեւ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը։
Հունիսի 9-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածնի եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչության բաժնի տնօրեն ու Վանական խորհրդի նախագահ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Աֆղանստանում զոհված վրաց զինվորականների հիշատակի պատարագ։
Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները Գորիում մասնակցեցին Գիորգի Ադամովի հոգեհանգստի արարողությանը։
Աֆղանստանում զոհված վրաց զինվորները հունիսի 13-ին զինվորական պատիվներով հողին հանձնվեցին։