ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ

Տպել

Հուլիսի 4-ին, «Օրենսդրական տեղեկատու» կայքում հրապարակվելուց հետո, ուժի մեջ մտան Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները։

 Խորհրդարանի հավանությանն արժանացած եւ արդեն օրենքի ուժ ստացած փոփոխությունների համաձայն, Վրաստանում 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար աշխատանքային օրը, շաբաթական հինգ աշխատանքային օրում չպետք է գերազանցի 40 ժամը, 16֊ից մինչեւ 18 տարեկանների համար՝ 36 ժամը, 14 տարեկանից բարձր տարիք ունեցողների համար՝ 24 ժամը։ Արտաժամյա աշխատանքի համար վճարումը իրականացվելու է ըստ աշխատաժամերի։ Գործատուի եւ աշխատողի միջեւ պայմանավորվածության դեպքում, արտաժամյա աշխատանքը կարող է փոխհատուցվել լրացուցիչ արձակուրդով։
Արտաժամյա է համարվում ցանկացած աշխատանքը, որը աշխատողը կատարում է գործատուի համաձայնությամբ, եւ որի տեւողությունը շաբաթվա հինգ աշխատանքային օրերին գերազանցում է 40 ժամը։
Արտաժամյա է համարվում նաեւ տոնական օրերին կատարած աշխատանքը։


Օրենսգրքի նախորդ խմբագրությամբ աշխատանքային ժամերը սահմանվում էին միայն աշխատանքային պայմանագրերով։ Դրանում չէր սահմանված 18 տարեկանից փոքր անձանց աշխատանքի առավելագույն ժամանակը, բացի այդ, առանց նրանց ցանկության, արգելվում էր նրանց աշխատանքով ծանրաբեռնելը գիշերային ժամերին։
Ինչ վերաբերում է հանգստին, ապա վճարովի արձակուրդը պետք է լինի առնվազն 24 աշխատանքային օր։ Ընդ որում, արձակուրդը կարող է երկարաձգվել պաշտոնական ազատ օրերին կատարած աշխատանքի հաշվին։
Տարեկան մեկ անգամ, աշխատողի պահանջի դեպքում, գործատուն պարտավոր է վերջինիս հաշվին նրան տրամադրել արձակուրդ, առնվազն 1 աշխատանքային օրվա ժամկետով։
Ծանր, վնասաբեր կամ վտանգների հետ կապված աշխատանքի դեպքում, գործատուն պարտավոր է աշխատողին տրամադրել վճարովի լրացուցիչ արձակուրդ առնվազն 15 աշխատանքային օրվա տեւողությամբ։
Խորհրդարանի կողմից հաստատված աշխատանքային նոր օրենսգրքում նորամուծությունն այն է, որ աշխատանքային պայմանագրերում պարտադիր կարգով նշվելու են աշխատանքը սկսելու ժամանակը եւ դրա տեւողությունը, աշխատանքային ժամանակն ու հանգստի ժամանակը, աշխատանքի վայրը, աշխատողի պաշտոնն ու կատարվելիք աշխատանքը, վարձի չափն ու դրա հանձնման կարգը, արտաժամյա աշխատանքի վճարման կարգը, վճարովի եւ չվճարվող արձակուրդների տեւողությունը։
Փոփոխությունները նախատեսում են նաեւ փորձառնական ժամանակահատվածով աշխատողների վարձատրության կարգը, ընդ որում՝ փորձառնական ժամանակահատվածը չպետք է գերազանցի վեց ամիսը։
Աշխատանքային պայմանագրի պայմանները փոխելու դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին տեղեկացնել աշխատողին։ Պայմանագրում փոփոխություններ չեն կատարվում աշխատավայրի փոփոխման դեպքում, եթե աշխատողը նոր աշխատավայր գնալ-գալու համար ճանապարհին ծախսում է ոչ ավելի քան 3 ժամ, եւ դա կապված չէ մեծ ծախսերի հետ։ Նաեւ աշխատողին բավական է բանավոր զգուշացնել աշխատանքը սկսելու եւ այն ավարտելու ժամանակի փոփոխման մասին, եթե խոսքը վերաբերում է ոչ ավելի, քան երկուսուկես ժամին։
Վերոնշյալ փոփոխությունները կիրականացվեն միաժամանակ, ուստիեւ գործատուն, աշխատանքային նոր օրենսգրքից ելնելով, ստիպված աշխատանքային նոր պայմանագրեր է կնքելու աշխատողների հետ։
Աշխատանքային պայմանագրի խզման դեպքում, գործատուն պարտավոր է այդ մասին աշխատողին տեղեկացնել 30 օր շուտ, գրավոր տեսքով։ Միաժամանակ, գործատուն նշելու է աշխատանքային պայմանագրի խզման պատճառը։ Ընդսմին, գործատուն նաեւ պարտավոր է աշխատողին փոխհատուցման կարգով վճարել երկամսյա եւ ոչ թե մեկամսյա աշխատավարձը, աշխատանքային պայմանագրի խզումից 30 օրվա ընթացքում։ Եթե վերոնշյալ պայմանները չեն կատարվում, ապա աշխատողը իրավասու է գործատուի հետ հարցերի կարգավորման համար դիմել դատարանին։
   Աշխատանքային նոր օրենսգրքում փոփոխություն է կատարվել նաեւ հղի կանանց վերաբերվող մասում։ Ինչպես հաղորդել է Վրաստանի արհմիությունների փոխնախագահ Գոչա Ալեքսանդրիան, այն վերաբերում է դեկրետային արձակուրդին։ Նա նշել է, որ եթե նախկինում գործատուն կարող էր հեռացնել հղի կնոջը, ապա այժմ նա այդպիսի իրավունք չի ունենա։
«Երբ աշխատակցուհին գործատուին ներկայացնում է տեղեկանք հղիության մասին, ապա այդ օրվանից մինչեւ դեկրետային արձակուրդից վերադառնալը, մնում է անձեռնմխելի։ Այդ ժամանակամիջոցում ոչ ոք իրավունք չունի նրան հեռացնել աշխատանքից»,- հայտարարել է Գոչա Ալեքսանդրիան։
Ավելացնենք, որ աշխատանքային օրենսգրքում կատարվել են եւս մի քանի ուղղումներ՝ կապված կանանց իրավունքների ընդլայնման հետ։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ