ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

Վերջերս Վրաստանի կառավարությունը, հերթական անգամ ընդգծելով զբաղվածության հիմնախնդրի առաջնահերթությունը, հրապարակեց աշխատանքային շուկայի ձեւավորման պետական ռազմավարությունը եւ այդ շուկայի ձեւավորման ռազմավարական ծրագրով նախատեսված 2013֊2015 թվականների գործունեության ծրագիրը։

Ռազմավարական բնույթի սույն փաստաթղթից բխում է, որ առաջիկա երկու տարիների ընթացքում կկազմավորվի զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության հիմնական բաղադրամասերի օրենսդրական, մեթոդական, տեղեկատվական եւ կազմակերպչական համակարգը։ Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվելու տվյալների բազայի կատարելագործման նպատակով, այն հաշվով, որպեսզի պետությունն իր տնօրինության ներքո ունենա այդ ոլորտին վերաբերող եւ աշխատանք որոնողների անհատական ստույգ տվյալները։
Նախատեսվում է, որ 2013֊2014 թվականներին «Զբաղվածության աջակցության կենտրոններում» կգրանցվի շուրջ 150֊170 հազար աշխատանք որոնող։ Նրանցից 40֊45 հազարը, անմիջականորեն կենտրոնի միջնորդությամբ, կստանա աշխատանք։ Բացի այդ, հանրային աշխատանքում եւ ենթակառույցային նախագծերում ժամանակավորապես աշխատանք կգտնեն կենտրոններում գրանցված եւս 10֊12 հազար գործազուրկներ։
Վերոնշյալ ժամանակահատվածի համար նախատեսվում է նաեւ մշակել եւ իրականացնել «Գործազուրկների մասնագիտական ուսուցման պետական ծրագիրը», որի շրջանակներում, տեղի աշխատանքային շուկայի պահանջարկին համապատասխան, հետագայում աշխատանքով ապահովելու նպատակով կիրականացվի աշխատանք որոնողների պատրաստումը եւ վերապատրաստումը։
Ռազմավարական ծրագրի համաձայն, 2013֊2014 թվականներին մասնագիտական ուսուցում կանցնի շուրջ 10 հազար մարդ։ Նրանցից երեք հազարը դասընթացները կանցնեն 2013 թվականին, իսկ 7 հազարը՝ 2014 թվականին։ Վերոնշյալ քանակությունից, ուսուցման առաջին վեց ամիսների ընթացքում աշխատանքով կապահովվի շուրջ 4 տոկոսը։
Ռազմավարական ծրագրում նշված է, որ նույնիսկ զանգվածային գործազրկության պայմաններում, գործատուների մեկ երրորդը, իսկ առանձին տարածաշրջաններում եւ ոլորտներում գործատուների 70֊80 տոկոսը, ընդհարվում է աշխատանքի համար պիտանի կադրերի որոնման հիմնախնդրին։ Դրա պատճառներից մեկը, կառավարությունը համարում է աշխատանքային շուկայի զարգացման նվազ մակարդակը։
Գործադիր մարմնի կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ աշխատանքային շուկայում աշխատուժի պահանջարկի եւ դրանով ապահովման միջեւ առկա է ոչ միայն քանակական, այլեւ բավականին լուրջ կառուցվածքային ու որակական անհավասարակշռություն։
Ուսումնասիրությունները ցույց տվեցին նաեւ, որ աշխատողների շուրջ 38 տոկոսը վարձու ծառայողներ են, իսկ մյուսները ինքնազբաղվածությամբ են կարգավորվել։ Միաժամանակ, իրենց հերթին վարձու աշխատողների շուրջ 40 տոկոսը գործում է պետական հատվածում, ինչը, իր հերթին, վկայում է, որ Վրաստանում աշխատանքային շուկայի ծավալը բավականին սուղ է։
Փաստաթղթում նշված է նաեւ, որ երկրում ծայրաստիճան հրատապ է այսպես կոչված «աղքատ վարձու աշխատողների» հիմնախնդիրը։ «Աշխատողների որոշակի խմբի համար կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունն ավելի քիչ է, քան երկրում հաստատված կենսական նվազագույնն է։ Ճիշտ է, վերջին տարիներին աշխատողների միջին աշխատավարձը զգալիորեն բարձրացվել է, սակայն վարձատրության դիֆերենցման ծայրաստիճան բարձր մակարդակի պայմաններում, ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում, աշխատավարձն աշխատողների որոշակի խմբի համար բավական չէ նույնիսկ սովորական գոյատեւության համար։ Հարկ է նշել նաեւ, որ ներքին տնտեսություններում ստացվող եկամուտներից վարձով աշխատողների բաժինը կազմում է մեկ երրորդից էլ քիչ։ Ցածր աշխատավարձի հետ միասին, փաստաթղթում ընդգծվում են վարձու աշխատողների աշխատանքային ծանր պայմանները։ Վրաստանի աշխատանքային շուկայում զանգվածային բնույթ է կրում 8 ժամից ավելի տեւողության աշխատանքը, աշխատանքի ծանր ու վնասակար պայմանները, արձակուրդի բացակայությունը, փորձարկման, չվճառվող փուլի տեւողությունը, աշխատավարձի ուշացումները, աշխատանքից չհիմնավորված ազատումը, տարիքային, արհմիության անդամնակցության կամ քաղաքական նկատառումներից բխող խտրականությունը։ Դրան նպաստեց Վրաստանում աշխատանքային օրենսդրության այսպես կոչված «ազատականացումը»։ 2006 թվականին եւ դրանից հետո, Վրաստանի աշխատանքային օրենսգրքում կատարած փոփոխությունների արդյունքում էականորեն վատթարացել է քաղաքացիների աշխատանքի եւ սոցիալական իրավունքների իրականացումը, երկիրը այդ ոլորտում նահանջ է ապրել»,- ասված է ռազմավարական ծրագրում։
Նշենք, որ Վրաստանի վիճակագրական ազգային ծառայության տվյալներով, երկրում գործազրկության մակարդակը կազմում է աշխատունակ բնակչության 15֊16 տոկոսը։ Ընդ որում, փորձագիտական ստուգումները վկայում են, որ այդ ցուցանիշը հասնում է առնվազն 35-40 տոկոսի, իսկ ո՚չ լրիվ եւ ո՚չ արդյունավետ աշխատանք ունեցողների հաշվառմամբ՝ 45֊50 տոկոսի։
Վիճակագրական ուսումնասիրություններով, աշխատողների մասնագիտական ուսուցման համար գործատուն, մի աշխատողի հաշվով տարեկան ծախսում է 4-5 լարի։
Ավելացնենք, որ Վրաստանում գործազուրկների մեկ երրորդից ավելին բարձրագույն կրթություն ունի։ Դա պայմանավորված է ինչպես բնակչության հանրակրթական բարձր մակարդակով եւ նրանց աշխատանքային պայմաններին առաջադրվող աճող պահանջներով, այնպես էլ՝ կառուցվածքային ու որակական անհավասարակշռությամբ, որն առկա է աշխատուժի պահանջարկի եւ դրա ապահովման հարցում, առանձին մասնագիտություններով բարձրագույն կրթության մասնագետների գերարտադրությամբ, մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորության սահմանափակմամբ։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ