ԿԵՆՍԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԸ ՆՎԱԶՈ՞ՒՄ Է

Տպել

Վերջին մեկ ամսվա ընթացքում, պաշտոնական վիճակագրությամբ, կենսական նվազագույնը նվազել է հինգ լարիով, թեպետ, ինչպես նշում են վիճակագիրները, նվազեցման միտումն արդեն կանգ է առել։ Միաժամանակ, վիճակագիրների կանխագծումներով, արդեն սեպտեմբերին գները կսկսեն բարձրանալ, հետեւաբար, կմեծանա նաեւ կենսական նվազագույնի չափը։

«Սաքստատի» տեղեկատվությամբ, հունիսին աշխատունակ տղամարդու կենսական նվազագույնը կազմեց 149,7 լարի, հուլիսին այդ ցուցանիշը նվազեց եւ հասավ 144,8 լարիի։ Նախորդ տարվա հուլիսի համեմատությամբ նվազումը կազմեց 1,7 լարի։
Հատկանշական է, որ հուլիսին միջին սպառողի կենսական նվազագույնը կազմեց 128,2 լարի, հունիսի 132,6 լարիի դիմաց, իսկ միջին ընտանիքի կենսական նվազագույնը՝ հունիսի 251,1 լարիից հուլիսին նվազեց մինչեւ 242,8 լարի։
 Վիճակագրության համաձայն, երկու հոգուց բաղկացած ընտանիքի կենսական նվազգույնը կազմում է 205,1 լարի, երեք հոգուց բաղկացած ընտանիքինը՝ 230,8 լարի, չորսինը՝ 256,4 լարի, հինգինը՝ 288,5 լարի, իսկ վեց եւ ավելի անդամ ունեցող ընտանիքինը՝ 341,1 լարի։
Կենսական նվազագույնը հաշվարկելիս նախ ելնում ենք սպառողական զամբյուղի պարունակությունից, որում հաշվվում է շուրջ 40 անուն սննդամթերք եւ չափահաս տղամարդու համար օրվա հաշվով կազմում է 2300 կիլոկալորիա։ Փորձագետների հավաստմամբ, կիլոկալորիաների ավելացումը իրականացվում է հացի միջոցով, որ կալորիական արժեքը բարձր է, թեպետ միայն հացով օրգանիզմը չի ստանում հանքային նյութերի եւ վիտամինների անհրաժեշտ քանակությունը։ Ուստի վերոնշյալ ցուցանիշը պետք է ավելացվի մինչեւ 5000 կիլոկալորիա, իսկ դա նշանակում է, որ կենսական նվազագույնի չափն էլ պետք է ավելացվի եւ փորձագետների հաշվումներով այն պետք է հասցվի 250 լարիի։
2012 թվականի հունվարից դեկտեմբեր աշխատունակ տղամարդու կենսական նվազագույնը 157,2 լարիից նվազեց՝ հասավ 149,1 լարիի, իսկ 2013 թվականի հուլիսին. ինչպես նշեցինք, այն կազմեց 149,7 լարի։
Մոնիտորինգի, գնահատումների եւ ծրագրավորման, տվյալների վերլուծության եւ զարգացման խորհրդական Նոդար Կապանաձեն գտնում է, որ 5 լարիով կենսական նվազագույնի նվազեցումը ոչ մի ազդեցություն չի գործում վրացական էկոնոմիկայի վրա, որի առջեւ, անհամեմատ ավելի բարդ խնդիրներ են ծառացած, թեպետ դա կարող է դառնալ համապատասխան ռազմավարության մշակման հիմքը, ռազմավարություն, որի շուրջ վերջին ժամանակներում ակտիվ քննարկումներ են տարվում։
«Այն, որ կենսական նվազագույնի նվազեցումը ո՞ր ցուցանիշի կապակցությամբ պետք է վավերագրվի, երկրի էկոնոմիկայի վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Դա ուղղակի գների տարբերության արտահայտիչն է։ Շատերը անգամ չեն կարողանում լրիվությամբ ընկալել, թե ինչ է նշանակում կենսական նվազագույնը՝ աղքատության շեմ, սոցիալական կողմնորոշիչ, թե երկուսը միասին։
Ցուցանիշները փոխվել են, թեպետ ոչ ոք չի պարզաբանում, թե այդ փոփոխությամբ ի՞նչ ենք ցանկանում ապացուցել կամ հերքել։ Բացառված չէ, որ շատերի համար կենսական նվազագույնի անընդմեջ հոլովումը զուտ պոպուլիստական նշականություն ունի, թեպետ, կրկնում եմ, դա տնտեսական առումով էական ոչ մի նշանակություն չունի։ Ավելին, եթե հաշվի առնենք կենսական նվազագույնի հաշվարկման մեթոդի բազմակի փոփոխումը, այնպիսի պատկեր է գծագրվում, որ դրա հաշվարկումը իրականացվում է միայն եւ միայն ինչ-ինչ նպատակներով»,- հայտարարեց Նոդար Կապանաձեն։
Վիճակագրության ծառայության նախկին աշխատակից Սոսո Արչվաձեի համոզմամբ, կենսական նվազագույնի չափի հերթական փոփոխումը ցուցադրում է դրա անմիջական կախվածությունը գների փոփոխության հետ, թեպետ տարվա երկրորդ կեսի համար նման կախվածությունը, հնարավոր է թուլանա։
«Կենսական նվազագույնի չափի վրա զգալի ազդեցություն է գործել պարենամթերքի գների նվազեցումը եւ դա սպասելի էր։ Իսկ տարվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի եւ նման կախվածությունը այնքան էլ ակնհայտ չի լինի։ Գտնում եմ, որ գները կբարձրանան, թեպետ կենսական նվազագույնի վրա դրանք այնքան էլ մեծ ազդեցություն չեն գործի»,֊ հայտարարեց Արչվաձեն։
Ավելին, նրա համոզմամբ, կենսական նվազագույնի ներկայիս ցուցանիշը հնացել է եւ իրականությանը չի համապատասխանում. «Դրա մեջ անպայման պետք է հաշվարկվեն առանձին ապրանքներ, որոնք նախկինում չէին օգտագործվում, թեպետ այսօր դրա օգտագործումը սովորական երեւույթ է։ Օրինակ՝ բջջային հեռախոսը։ Եթե առաջներում դա կենսական ոչ մի նշանակություն չուներ, ապա այսօր, անկախ մարդկանց եկամուտների մեծությունից, գրեթե բոլորը այն ունեն։ Ուստի դրա ծախսն էլ կենսական նվազագույնի հաշվարկմանը պետք է նկատի ունենալ։ Նույնը, որոշակիորեն կարելի է ասել ավտոմեքենայի մասին, որը դադարել է լինել պերճանքի առարկա։ Այնպես որ, ըստ ժամանակի պահանջների, կենսական նվազագույնի ավելացումը, բնական երեւույթ է։
Կենսական նվազագույնի նվազեցումը հիմնականում իրականացվել է անասնապահական ցածր որակի արտադրանքի գների հաշվին։ Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանել պարենային եւ ոչ պարենային ապրանքների հարաբերակցությունը։ Կենսական նվազագույնի 70 տոկոսը բաժին է ընկնում սննդամթերքին եւ դա պետք է փոխվի։ Եթե պայմանականորեն հաշվենք, որ պարենային եւ ոչ պարենայինի համեմատականությունը 50-50 է, այդ դեպքում կենսական նվազագույնը 70-80 լարիով պետք է ավելացնել։ Իսկ այդ դեպքում կենսական նվազագույնի չափը կհասցվի մոտ 250 լարիի։
ԱՄՆ-ում կենսական նվազագույնը 900 լարի է, իսկ մեզ մոտ՝ 150 լարի, եւ դա այն պայմաններում, երբ մեզ մոտ գները բավականին բարձր են։ Միաժամանակ, Վրաստանում մեկ շնչի հաշվով բյուջետային ծախսը կազմում է 1100 դոլար, այն դեպքում, երբ ԱՄՆ-ում դա հասնում է ավելի քան 20 հազար դոլարի։
Ճիշտ է, վերջին տարիներին Վրաստանում միջին աշխատավարձը բարձրացվել է, սակայն տնտեսական եւ սպասարկման ոլորտներում աշխատողների թիվը գրեթե չի փոխվել։ Հետեւաբար, եթե իրոք ցանկանում ենք, որ կենսական նվազագույնի հաշվարկումներն իրատեսական նշանակություն ունենան, հարկ է իրատեսական քայլեր ձեռնարկել գործազրկության մակարդակի նվազեցման ուղղությամբ, ինչն աղքատության հաղթահարման ամենաիրատեսական ուղղությունն է»,- հայտարարեց Սոսո Արչվաձեն։
Թե որքանով են արդարացված վերոնշյալ դիտողությունները, ցույց կտա ապագան, ավելի ստույգ, վիճակագրական ծառայության օգոստոսյան տվյալները։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ