ՍՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆ. «ՂԵԿԱՎԱՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԽՈՍՔԻ ՏԵՐԸ, ՃՇՏԱՊԱՀ ՈՒ ՊԱՀԱՆՋԿՈՏ…»

Տպել

altԱրդեն չորս ամիս է անցել, ինչ Սմբատ Կյուրեղյանն ընտրվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ։
Ինչպես նշում են մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավորները, շրջանի հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, նորընտիր նախագահը խորամուխ է լինում գործերի բուն էության մեջ, կողմնորոշվում Է եւ հունի մեջ մտնում իր պատասխանատու պարտականությունների կատարման գործում։
- Ինչո՞վ սկսեցիք Ձեր գործունեությունը սակրեբուլոյի նախագահի պաշտոնում,- այս հարցով սկսվեց մեր հարցազրույցը Սմբատ Կյուրեղյանի հետ։

- Անցած ժամանակահատվածում աշխատեցի երկու ուղղությամբ: Առաջին հերթին ավելի խորը ծանոթացա գյուղերի ու շրջանային հիմնարկների եւ կազմակերպությունների բոլոր այն հիմնահարցերին, որոնք հրատապ լուծում են պահանջում կամ այսպես ասած` առաջնահերթություններ են, քննության առնվելիք հարցեր, որոնք պետք է անհապաղ կատարվեն:
Անհրաժեշտ համարեցինք առանձնահատուկ ուշադրություն դարձնել մունիցիպալիտետի աշխատակազմի կառավարման մեթոդների հստակեցմանն ու կոնկրետացմանը, ներկայացվեց ինտենսիվ աշխատանքի պահանջ ողջ աշխատակազմին, հանձնաժողովներին, այո, հանձնաժողովներին, որպեսզի նրանք իրենց իրավասությունների սահմաններում ճիշտ մոտեցում ցուցաբերեն հարցերի լուծմանը եւ անթերի կատարեն նախանշված անելիքները:
Մեր գործունեության սկզբնական շրջանում պարզորոշ կերպով ուրվագծվեցին այն հրատապ, առաջնահերթ անելիքները, որ պետք է կենսագործվեին:
- Ուզում եք ընդգծել, որ առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ե՚ւ տնտեսական, ե՚ւ գործնական բնույթի հարցերին, շրջանի կյանքի բոլոր բնագավառները հարկավոր է պահել տեսադաշտում:
- Իհարկե, ինչը որ առաջին հերթին բխում է բնակչության շահերից: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս: Քանի որ խոսք գնաց՝ բնակչության շահերին, հետեւապես եւ նրա կենսապայմանների բարելավմանը, առանձնակի ուշադրություն պետք է նվիրել, հասկանալի պատճառով, գյուղատնտեսության զարգացմանը: Այդ ոլորտում շատ են կնճռոտ հարցերը, մանավանդ ներկայումս, եւ ճյուղի զարգացման համար հարկավոր է շատ ջանքեր ներդնել: Դեռեւս հստակեցված չէ հողերի սեփականաշնորհումը, բնակչության լայն խավերի համար որոշակիորեն պարզ չէ, թե հողը, ի վերջո, ում սեփականությունն է: Բացի օրենքով հասանելիք հողակտորներից (1,25 հա տարածք), շատ հողահանդակներ մնացել են որպես օտարի, այսինքն` մարդիկ հողը օգտագործում են, բայց չգիտեն իրենցն է, թե ոչ: Խնդիրը նրանում է, որ հողը պետք է ունենա իր իսկական տերը, եւ այն օգտագործվի իսկական տիրոջ խնամակալության ներքո:
Մյուս կարեւոր հարցերից մեկը դա տեղում գյուղմթերքների իրացումն է: Դրա համար պետական համապատասխան մարմինների առջեւ խնդիր ենք հարուցել սահմանափակել այն մթերքների ներբերումը, որոնք խոչընդոտում են մեր արտադրանքի իրացմանը: Հուսով եմ, որ այդ գործում դրական լուծումների կհասնենք:
- Մեր կյանքի մյուս կարեւոր բնագավառը շինարարությունն է, մի բնագավառ, որ պահանջում է անընդհատ կառուցել ու կառուցել:
- Այո: Դա ինքնըստինքյան ինքը` կյանքն է թելադրում: Եվ ոչ միայն նորը պետք է կառուցել, այլեւ՝ վերակառուցել հինը: Մեր այսօրվա օրը, հիրավի, աչքի է ընկնում շինարարական աշխատանքների լայն ծավալով ու թափով: Բնորոշ է այն փաստը, որ շինարարական տարաբնույթ օբյեկտներ են կառուցվում բոլոր գյուղերում: Բնակչության հարաճուն պահանջմունքները բավարարելու համար հին ջրագծերը նորոգվում եւ նորերն են կառուցվում Հեշտիայի, Փոկայի, Գորելովկայի բնակտարածքներում, տեղական ճանապարհների եւ բնակավայրերի փողոցների բարեկարգումներ են կատարվում շատ տեղերում (Հեշտիայի, Գոնդուրայի տարածքներում, բարձրադիր գոտու գյուղերում): Կենցաղի (ծիսակատարության) տներ են կառուցվում, օրինակ, Սաթխա, Գանձա, Սաղամո, Ռոդիոնովկա, Կաթնատու գյուղերում, հիմնական վերանորոգման են ենթարկվում Ջիգրաշենի, Օրոջալարի մշակույթի տները, մինի-մարզադաշտ է կառուցվում Դիլիֆում եւ այլն: Այս տարվա համար մի կարեւոր, ուրախալի նորություն եւս: Տամբովկա գյուղի համար հատուկ տրակտոր է ձեռք բերվելու, որը ձմռան ընթացքում մաքրելու է ճանապարհները: Դա ինքնին շատ բան է ասում հեռավոր գյուղերում ողջ տարվա ընթացքում երթեւեկությունը անխափան գործելու մասին: Թվարկումը կարելի է շարունակել: Նկատի առնենք, որ ընթացիկ տարում կատարվելու են 3,5 միլիոն լարիի շինարարական եւ շինվերանորոգման աշխատանքներ:
Կցանկանայի հավելել, որ ընթացքի մեջ գտնվող եւ ծրագրվող աշխատանքների իրականացման գործում մենք սերտորեն համագործակցում ենք մեր շրջանից Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, լայն աջակցություն ստանում կենտրոնական իշխանությունից։
- Ի՞նչ կասեիք շրջանի մշակութային եւ մարզական կյանքի մասին:
- Քաղաքի մշակույթի կենտրոնը, երաժշտական դպրոցը, շատ գյուղերի գեղարվեստական ինքնագործունեության խմբերը հաճախակի են ելույթ ունենում հասարակության առջեւ, կազմակերպում երգի ու պարի, երաժշտական բազմաբնույթ միջոցառումներ, մասնակցում հանրապետական փառատոների, արժանանում մրցանակների: Մարզական կյանքը եւս զարգացման ճանապարհին է: Այս գծով իր ուրույն տեղն ունի ազատ ոճի ըմբշամարտը: Մեր շատ մարզիկներ միջազգային ասպարեզ են դուրս եկել: Առաջընթաց է ապրում շախմատը, կարատեն, վոլեյբոլը, բասկետբոլը, ֆուտբոլը եւ այլ մարզաձեւեր:
- Ի՞նչ կասեիք շրջկենտրոնի մասին։
- Նինոծմինդան, որպես քաղաք, դեռեւս էլի շատ հիմնահարցեր ունի լուծելու: Ավարտելով կենտրոնական փողոցների ասֆալտապատումը, շարունակվելու են եւ վերջնական ավարտին են հասցվելու Պուշկինի, Սպանդարյանի, Վիկտոր Հովսեփյանի փողոցների ասֆալտապատումը, բարեկարգվելու են քաղաքի առանձին փողոցներ: Ասֆալտը հասցվելու է մինչեւ Խոջաբեկի գերեզմանատունը: Գնալով ընդլայնվում է խմելու ջրի եւ ջրմուղ-կոյուղու ցանցը: Շատ փողոցներում անցկացված է ցերեկային լուսավորություն: Այդ ցանցը եւս առաջիկայում կընդլայնվի:
- Ինչպիսի՞ն պետք է լինի ղեկավարը Ձեր պատկերացմամբ:
- Ես այն կարծիքին եմ, որ ղեկավարը, լինի դա շրջանային կամ ավելի մեծ մասշտաբի, մշտապես կապի մեջ պետք է լինի բնակչության հետ, որը եւ կհանդիսանա նրա գործունեության հաջողության գրավականներից մեկը: Նա պիտի լինի սկզբունքային, խոսքի տերը, ճշտապահ, պահանջկոտ, առօրյա ծագող հիմնախնդիրներին ցուցաբերի զգայուն վերաբերմունք եւ չհետաձգի դրանց լուծումը: Ղեկավարի բնորոշ գծերից են նաեւ, ըստ իս, պարզությունը, ազնվությունը, մարդկանց միջեւ խտրականություն չդնելը, քինախնդիր չլինելը…
- Շնորհակալություն:

Հարցազրույցը վարեց`
ՄԱՆՈՒԿ ԿԱՐԱԽԱՆՅԱՆԸ