ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

alt«Թբիլիսոբային» մասնակցելու համար Թբիլիսի էին ժամանել քույր քաղաքների պատվիրակությունները։ Հյուրերի թվում էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը։

Երեւանյան պատվիրակության ղեկավարը Թբիլիսիի քաղաքապետարանում կայացած պաշտոնական հանդիպման շրջանակում, նախ Թբիլիսիի քաղաքապետ Գիգա Ուգուլավային փոխանցեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ Թբիլիսիի օրվա առթիվ իր վրացի գործընկերոջն ու թբիլիսցիներին ուղղված շնորհավորական ուղերձը: Այնուհետ հանդիպման շրջանակում Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը Թբիլիսիի քաղաքապետի հետ քննարկեցին երկու քաղաքների միջեւ բազմակողմ համագործակցության խթանմանն առնչվող հարցեր: Այդ համատեքստում մասնավորապես քննարկվեցին մունիցիպալ ծառայությունների մատուցման գծով փորձի փոխանակման, զբոսաշրջության, կրթամշակութային, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման եւ այլ հարցեր։


Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը մասնակցեց նաեւ տոնակատարության կապակցությամբ Թբիլիսի այցելած պատվիրակությունների պաշտոնական ընդունելությանը, որին ներկա է եղել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
«Թբիլիսոբային» Երեւանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալական ուղերձ է հղել Գիգի Ուգուլավային։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՚ պարոն քաղաքապետ։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել «Թբիլիսոբայի» տոնակատարությանը Երեւանի պատվիրակության ընդունելության եւ հետաքրքիր ծրագրի առթիվ, որն իրականացվեց Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակիցների արհեստավարժության շնորհիվ։
Մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր եղբայրական երկու քաղաքների միջեւ բարեկամական եւ երկկողմ օգտավետ համագործակցությանը եւ համոզված ենք, որ փոխայցելությունները կնպաստեն այդ հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը։
Օգտվելով առիթից, ցանկանում եմ Ձեզ եւ Թբիլիսիի բնակիչներին մաղթել առողջություն, երջանկություն եւ բարեկեցություն»։