ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տպել

Այսպիսով, հոկտեմբերի 27-ին անցկացվեցին Վրաստանի անկախ պետականության պատմության մեջ վեցերորդ նախագահական ընտրությունները, եւ երկիրն ունեցավ թվով չորրորդ նախագահը։

Թեպետ, ինչպես արդեն հաղորդել ենք, նորընտիր նախագահի իրավասությունները զգալիորեն տարբերվում են նախորդ երեք նախագահներին վերապահվող լիազորություններից։ Բանն այն է, որ դեռեւս 2011 թվականին նախորդ գումարման խորհրդարանի կողմից իրականացված սահմանադրական փոփոխությունները, որոնք ուժի մեջ էին մտնելու չորրորդ նախագահի երդմնակալության օրվանից, նկատելի տեղաշարժեր են նախատեսում ինչպես իրավասությունների, այնպես էլ՝ կառավարման լիազորությունների բաշխման հարցում։
Սկսենք կադրային հարցից։ Եթե սահմանադրության նախորդ խմբագրությունը այդ  հարցում նախագահին վերապահում էր անսահմանափակ իրավասություններ, սկսած նահանգապետերի, կառավարման մարմնի ներկայացուցիչների, տարբեր մակարդակների եւ նշանակման հանձնաժողովների անդամների, գլխավոր շտաբի պետի ու զորատեսակների հրամանատարների եւ շատ ուրիշների նշանակումը, ապա նոր սահմանադրությամբ նախագահի տնօրինության տակ մնում է միայն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի եւ իր սեփական աշխատակազմի ղեկավարի նշանակման իրավասությունը։
Ինչպես նշվեց, նոյեմբերի 17-ից՝ նոր նախագահի երդմնակալման օրվանից, նախագահի՝ սահմանադրությամբ սահմանված իրավասությունները զգալիորեն սահմանափակվում են։ Եթե այսօր դեռեւս գործող սահմանադրությամբ նախագահը սահմանում եւ իրականացնում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ապահովում է երկրի միասնությունն ու ամբողջականությունը, սահմանադրության համապատասխան, պետական մարմինների գործունեությունը, միաժամանակ, արտաքին հարաբերություններում Վրաստանի գերագույն ներկայացուցիչն է, ապա, երդմնակալությունից հետո, նախագահը մնում է երկրի ղեկավարը, Վրաստանի միասնության եւ ամբողջականության երաշխիքը, սահմանադրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում ապահովում է պետական մարմինների գործառնության իրականացումը, մնում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ու արտաքին հարաբերություններում Վրաստանի ներկայացուցիչը։ Այսինքն՝ նախագահը չի սահմանի եւ չի իրականացնի երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը, նա ուղղակի Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչն է արտաքին հարաբերություններում (տվյալ պարագայում, սահմանադրության նոր խմբագրությունում «գերագույն» բառը բացակայում է)։ Իսկ ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա նախագահը իրավասություններն այդ ոլորտում ընդհանրապես վերացված են։
Ինչպես նշեցինք, նոր սահմանադրությամբ նախագահը մնում է երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը եւ «երկրի միասնության եւ ազգային անկախության երաշխիքը»։
Արտաքին հարաբերությունների ոլորտում նախագահի իրավասությունները, ինչպես նշվել է, զգալիորեն սահմանափակված են։ Եթե այսօր նախագահը երկրի անունից իրավասու էր կնքել միջազգային պայմանագրեր ու համաձայնագրեր, օտար երկրների հետ վարել բանակցություններ, խորհրդարանի համաձայնությամբ նշանակել Վրաստանի դեսպաններին ու դիվանագիտական մյուս ներկայացուցիչներին, ընդունել օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը, ապա նոյեմբերի 17-ից հետո նա, առանց կառավարության, այսինքն՝ առանց վարչապետի համաձայնության, զրկվում է միջազգային պայմանագրեր եւ համաձայնագրեր կնքելու, դեսպաններ նշանակելու, անգամ այլ երկրների դեսպաններից հավատարմագրերն ընդունելու իրավունքից։
Նոր սահմանադրությամբ նախագահի կարեւոր իրավասությունը շարունակում է մնալ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը։ Երկրի վրա զինված հարձակման դեպքում, նա է հայտարարում պատերազմական վիճակը, համապատասխան պայմանների առկայության դեպքում, կնքում հրադադար, թեպետ կնքած համաձայնագիրը առնվազն 48 ժամվա ընթացքում ենթակա է խորհրդարանի կողմից հաստատման։
Նաեւ, ինչպես պատերազմի, այնպես էլ՝ զանգվածային իրարանցումների, երկրի տարածքային ամբողջականության վտանգման, ռազմական հեղաշրջման եւ զինված խռովության, էկոլոգիական աղետի եւ համաճարակների կամ այլ իրադարձությունների ժամանակ, երբ պետական մարմիններն ի վիճակի չեն լինում նորմալ իրականացնել սահմանադրությամբ իրենց վերապահված գործառույթները, նախագահն իրավասու է հայտարարել երկրի ողջ տարածքում կամ դրա որոշակի հատվածում արտակարգ դրություն, ընդ որում՝ այդ որոշումն էլ առնվազն 48 ժամվա ընթացքում հաստատման համար պետք է ներկայացվի խորհրդարանին։ Նման իրավիճակներում, նախագահն արձակում է հրամանագրեր, որոնք օրենքի ուժ ունեն եւ գործում են մինչեւ արտակարգ դրության վերացումը։ Այդ հրամանագրերը եւս ներկայացվելու են խորհրդարանին։
Տվյալ պարագայում հատկանշական է մի հանգամանք։ Իրեն վերապահելով գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը՝ նախագահը լրիվությամբ զրկվում է գլխավոր շտաբի ձեւավորման իրավունքից։ Նա, առանց կառավարության, այսինքն՝ առանց վարչապետի համաձայնության, իրավունք չունի նշանակել գլխավոր շտաբի պետին ու զորատեսակների հրամանատարներին։
Ինչպես նշեցինք, նախագահը զրկվում է նահանգապետերին նշանակելու իրավունքից, իսկ ինչ վերաբերում է ԿԸՀ-ի եւ կարգավորման հանձնաժողովների անդամների թեկնածություններին, ապա նախագահը, առանց կառավարության համաձայնության, հաստատման համար չի կարող ներկայացնել խորհրդարանին։
Դեռեւս գործող սահմանադրությամբ, նախագահն է նշանակում խորհրդարանական եւ տեղական ներկայացուցչական մարմինների ընտրությունները, իրավասու է կանգնեցնել կամ անվավեր ճանաչել կառավարության եւ գործադիր իշխանության հաստատությունների ակտերը, միջազգային համաձայնագրերն ու պայմանագրերը, օրենքները, եթե դրանք հակասում են սահմանադրությանը։ Միաժամանակ, նախագահը իրավասու էր դիմել բնակչությանն ու խորհրդարանին։ Տարեկան մեկ անգամ նա խորհրդարանին էր ներկայացնում երկրի համար նշանակալի հարցերի վերաբերյալ հաշվետվությունը, արձակում էր հրամանագրեր ու կարգադրություններ, ստորագրում էր օրենքներ, լուծում ապաստարանի տրման, քաղաքացիության եւ պատվավոր կոչումների, պետական պարգեւների, զինվորական եւ դիվանագիտական կոչումների շնորհման, դատապարտյալների ներման հետ կապված հարցերը։
Վերոնշյալ իրավասությունները նոր սահմանադրությամբ գրեթե լրիվությամբ պահպանվել են, միայն թե նախագահը հետայսու զրկվում է կառավարության կողմից ընդունած որոշումներն անվավեր ճանաչելու իրավունքից։ Ավելին, նոր սահմանադրության հատուկ հոդվածով նախագահի կողմից ընդունած նշանակալի ակտերը ուժի մեջ են մտնում միայն վարչապետի կոնտրասիգնացիայի (համաձայնության¤ դեպքում։ Թեպետ այս հարցում որոշակի հակասություն է բովանդակվում։ Բանն այն է, որ վարչապետի կոնտրասիգնացիան ոչ բոլոր հարցերում է պարտադիր (օրինակ, պարգեւատրումների, պատվավոր կոչումների շնորհման եւ այլն), նման դեպքում, բավական է դրանք ուղղակի համաձայնեցնել վարչապետի հետ։
Հատկանշական է, որ նոր սահմանադրությամբ երկրի նախագահին է վերապահվում հանրաքվեի ու հասարակական հարցման (պլեբիսցիտի) անցկացման իրավունքը, ինչը նշանակալի լծակ է նախագահի ձեռքում։ Սակայն, տվյալ դեպքում, այդ իրավասության նշանակությունը նվազեցնում է ներկայիս գործող սահմանադրության այն կետը, ըստ որի, մինչեւ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը հանրաքվեի անցկացումն անթույլատրելի է։ Իսկ ինչ վերաբերում է պլեբիսցիտին, ապա դրա որոշումների կատարումը պարտադիր չէ, եւ կառավարությունը, բոլոր դեպքերում ի վիճակի է այն օգտագործել իր հայեցողությամբ։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ