ՄԱՐԴԸ` ՏԱՐԻՆԵՐԻ ՀԵՌՎԻՑ

Տպել

Կորյուն Ազրոյանը «մանկություն չունեցող» հայ գրական մտավորականության այն ներկայացուցիչներից է, ովքեր անցյալ դարասկզբին, ծնվելով Արեւմտյան Հայաստանում, ենթարկվում են կոտորածների ու գաղթի անագորույն ալիքներին, վերաբնակվում Այսրկովկասում, մեծանում, կրթվում ու դաստիարակվում են խորհրդային կարգերի օրոք, եւ յուրաքանչյուրն ըստ կարելվույն իր լուման է ներդնում հայ գրական, մանկավարժական ու մշակութային կյանքի նորոգ վերընթացին:

Կորյուն (ծննդյան կնքանունը Սիսակ¤ Ղազարի Ազրոյանը ծնվել է 1903 թվականի նոյեմբերի 7-ին, Բուլանըխի՝ պատմական Հարք գավառի Լիզ գյուղում: 1918-ին, փրկվելով կոտորածներից, եկել է Դիլիջան, ապա անցել Թիֆլիս եւ հաստատել մշտական բնակություն: Այստեղ սկզբում աշխատել է որպես կաշեգործ բանվոր, եւ այդ տարիներին էլ գրել է իր անդրանիկ բանաստեղծությունները` «Բանվոր Կորյուն» մականունով: 1926-ին ավարտել է Թիֆլիսի բանֆակը, իսկ 1932-ին՝ Մոսկվայի համալսարանի գրական-խմբագրական ֆակուլտետը: Վերադառնալով Թիֆլիս՝ աշխատանքի է անցել «Պրոլետար» օրաթերթի խմբագրությունում, սկզբում՝ գրական աշխատողի, այնուհետեւ բաժնի վարիչի պաշտոններով: 1932-33 թվականներին պատմություն եւ քաղաքատնտեսություն է դասավանդել  Թիֆլիսի կաշեգործների ֆաբգործուսումնարանում: 1931 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը, իսկ 1934-ին ընտրվել ԽՍՀՄ գրողների միության անդամ: Նույն տարին նշանակվել է Ղարաքիլիսայի (այժմ` Վանաձոր¤ «Սոցարշավ», ապա՝ Արթիկի «Լեռնագործ» թերթերի խմբագիր: Այնուհետեւ տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել տեղի «Պրոլետար» օրաթերթի արվեստի եւ գրականության բաժնի վարիչ: 1930-ական թվականներին երկրորդ կեսին եղել է Վրաստանի պրոլետարական գրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար, հետագայում, մասնավորապես, Հայրենական պատերազմի տարիներին՝ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ:
1940-ից մինչեւ կյանքի ավարտը Թիֆլիսի հայկական տարբեր դպրոցներում դասավանդել է հայոց լեզու եւ գրականություն, եղել է 88-րդ հայկական միջնակարգ դպրոցի տնօրենը: Վախճանվել է Թիֆլիսում, 1969 թվականի հոկտեմբերի 27-ին, 66 տարեկան հասակում:
Ավելացնենք նաեւ, որ նա գրական ստեղծագործական նախաքայլերը սկսել է բանաստեղծություններով, հետագայում անցել արձակի, հրատարակել է երեք գիրք՝ «Կանաչ ավանի մարդիկ» (պատմվածքներ, 1948¤, «Լեռան արշալույս» (վեպ, պատմվածքներ, 1958¤, «Սպիտակ արծվի երգը» հայերենից վրացերեն թարգմանված պատմվածքների ժողովածուն (1969¤:
Գեղարվեստական ստեղծագործություններից բացի, Կ.Ազրոյանը զբաղվել է նաեւ գրական եւ թատերական քննդատությամբ: Բնավորությամբ լինելով ազնիվ, շիտակ, ուղղամիտ ու ուղղադատ՝ նա գրական երկերի եւ թատերական բեմադրությունների նկատմամբ միշտ էլ առաջնորդվում էր գեղագիտական ու քաղաքացիական բարձր պահանջներով եւ իր խիստ սկզբունքային դիրքորոշմամբ հաճախ ճիշտ կողմնորոշումներ  էր տալիս գրական ու թատերական հասարակության կարծիքին: Արձակագիր Բենիկ Սեյրանյանը միանգամայն ճիշտ ու դիպուկ է բնութագրել Կ.Ազրոյանին՝ նրան համարելով «Մեր (վիրահայ-Ս.Հ.) գրական կյանքի աղը»:
Հիրավի, Հայրենական պատերազմի տարիներին, մասնավորապես՝ 1942-1946 թվականներին, երբ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը ղեկավարում էր Կ.Ազրոյանը, ես, լինելով դպրոցական պատանի, հաճախ էի ներկա գտնվում մասնաճյուղի պարբերաբար գումարվող գրական ասուլիսներին ու քննարկումներին, ուր եւ ստացա իմ գրականագիտական անդրանիկ փորձառությունը: Այդ քննարկումների հորձանուտում էր միշտ գտնվում Կ.Ազրոյանը, որը ոչ միայն իբրեւ ղեկավար ընթացք եւ ուղղություն էր տալիս գրական այդ երեկոներին, այլեւ իր անաչառ, սկզբունքային ելույթներով, սուր վիճաբանություններով, իսկապես համ ու հոտ էր հաղորդում այդ բանավեճերին: Իհարկե, լինում էին նաեւ նրա սուր ելույթներից նեղացածներ ու վիրավորվածներ, սակայն քաջածանոթ լինելով Կ.Ազրոյանի ազնիվ ու անխարդախ խառնվածքին, շուտով մոռացության էին մատնում այդ, բայց եւ զգուշանում ու առավել շրջահայաց էին գտնվում իրենց հետագա ստեղծագործական անելիքներում:
Գրաքննադատ Կ.Ազրոյանն առաջիններից մեկն էր, որ, բարձր գնահատելով Հովհ.Շիրազի «Գարնանամուտ» անդրանիկ ժողովածուն, հանձին նրա, նկատեց ապագա մեծ բանաստեղծին: Շուրջ երեք տասնամյակ գլխավորելով Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղը՝ Կ.Ազրոյանը մեծապես նպաստել է Հայաստանի եւ Վրաստանի գրողների մերձեցմանը, նրանց ստեղծագործությունների փոխադարձ ճանաչմանն ու պրոպագանդմանը: Նրա գործուն ջանքերի շնորհիվ, արտասահմանից նոր վերադարձած Ավ.Իսահակյանը 1939-ին հրավիրվում է Վրաստան, արժանանում հայ եւ վրաց մտավորականների ջերմ ընդունելությանը: Ոգեւորված փառահեղ ընդունելությունից՝ Վարպետը հետագայում իր հուշերում մեծ ջերմությամբ է վերհիշում այդ սքանչելի օրերը: Վարպետի պատվին տրված հանդիսավոր ճաշկերույթներից մեկը տեղի է ունենում Կ.Ազրոյանի հյուրընկալ օջախում, հայ եւ վրաց գրական-մտավորական ընտրանու մասնակցությամբ:
Կորյուն Ազրոյանը նաեւ հմուտ, բարեխիղճ եւ հոգատար մանկավարժ էր: Երկար տարիներ հայոց լեզու ու գրականություն դասավանդելով Թիֆլիսի հայկական դպրոցներում՝ նա իրավամբ վայելում էր աշակերտների եւ ծնողների սերն ու խորին հարգանքը:
Ցավոք, ինձ բախտ չի վիճակվել լինել նրա աշակերտը, բայց իմ մտերիմներից եւ ծանոթներից, ովքեր աշակերտել կամ ճանաչել են նրան, միշտ էլ ջերմության ու գորովանքի խոսքեր եմ լսել Ազրոյան մանկավարժի եւ ուսուցչի բարձր արժանիքների մասին:
Եվ այսօր, այս երկար ու ձիգ տարիների հեռվից վերհիշելով Թիֆլիսի 1940-ական թվականների գրական եւ թատերական կյանքի ալեբախումները, շատ նվիրական անձանց ու գործիչների միջավայրում ուրվագծվում եւ վերակենդանանում է արտաքուստ հասարակ ու համեստ, բայց ներքուստ հոգու աննկուն ավյունով լեցուն, վերլուծական սուր մտքով օժտված Կորյուն Ազրոյանի ազնիվ եւ անկաշառ կերպարը: Թող հավերժ օրհնյալ լինի նրա անմոռաց հիշատակը:

ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» գլխավոր խմբագիր, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ