ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՎԻՐԱՀԱՅԵՐՍ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԳՈՒՄ ԵՆՔ ԻՆՉՊԵՍ ՀԱՐԱԶԱՏ ԵՐԿՐՈՒՄ»

Տպել

Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Վրացական երազանք» խմբակցության անդամ, օրենսդիր մարմնի մարդու իրավունքների պաշտպանության եւ ինտեգրման քաղաքականության կոմիտեի փոխնախագահ Ռուսլան Պողոսյան՝ համեմատաբար նոր անուն վրաց քաղաքական ասպարեզում։ Այսօր նա մեր թերթի հյուրն է։

- Քանի որ մեր ընթերցողներն այնքան էլ լավ չեն ճանաչում Ձեզ, ուստի, նախ ներկայացրեք Ձեզ։
- 31 տարեկան եմ, թբիլիսցի եմ, կրթությամբ՝ իրավաբան, 2004 թվականին ավարտել եմ Վրացական տեխնիկական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Որպես իրավաբան-խորհրդատու աշխատել եմ տրանսպորտային ընկերությունում, ստաժավորում եմ անցել Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակում։ 2012 թվականի հունվարից անդամագրվեցի «Վրացական երազանք» հասարակական շարժմանը, այդպիսով նույն տարվա հոկտեմբերյան ընտրություններին հայտնվեցի կոալիցիայի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակում եւ դարձա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ընտրվեցի խորհրդարանի մարդու իրավունքների եւ ինտեգրման քաղաքականության կոմիտեի փոխնանագահ։
Ամուսնացած եմ, ունեմ երեք տարեկան աղջնակ։
- Ի՞նչ հարցերով է զբաղված Ձեր կոմիտեն։
- Նախ ասեմ, որ ընտրություններից հետո իշխանության գլուխ եկած «Վրացական երազանք» կոալիցիայի առջեւ ծառացած են բազում, տարբեր բնույթի եւ բարդություն ունեցող հարցեր։ Եվ եթե հաշվի առնենք նախորդ իշխանության գործելակերպը, ապա, բնականաբար, դրանցում նշանակալից տեղ են զբաղեցնում մարդու իրավունքների հետ առնչվող, այսինքն՝ մեր կոմիտեի նշանակմանը համապատասխանող հարցերը։
Միանգամից ասեմ, որ կոմիտեի կազմավորման առաջին իսկ օրերից այն սկսեց գործել ծայրաստիճան ծանրաբեռնվածությամբ։ Բավական է նշել, որ խորհրդարանին հասցեագրված դիմումների 45 տոկոսը առնչվում է մեր կոմիտեին, այն դեպքում, երբ մնացած 55 տոկոսը բաժին է ընկնում խորհրդարանական մյուս 15 կոմիտեներին։
Ինչպես, հավանաբար, տեղեկացված եք, մարդու իրավունքների պաշտպանության եւ ինտեգրման քաղաքականության կոմիտեում աշխատանքներն իրականացվում են մի շարք ուղղություններով, մասնավորապես կալանավայրերում բանտարկյալների, սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց իրավունքների, քաղաքացիական ինտեգրման եւ այլ ուղղություններով։
Ավելացնեմ, որ արդեն նոր տարվանից վերջին ուղղության վերահսկողությունը, որպես կոմիտեի փոխնախագահի, լրիվությամբ դրվում է ինձ վրա։
- Դուք նշեցիք, որ կոմիտեի գործունեության շրջանակներում Ձեզ վրա է դրվում քաղաքացիական ինտեգրման հետ առնչվող հարցերի վերահսկողությունը։ Իսկ Դուք ինչպե՞ս եք ընկալում «Քաղաքացիական ինտեգրում» հասկացությունը։
- Միանգամից նշեմ, որ ինտեգրումը ներձուլում չէ։ Դա ցանկացած ազգության անհատի հնարավորությունն է, պահպանելով իր էթնիկ յուրահատկությունները՝ մայրենի լեզուն, ազգային ինքնությունը, սովորություններն ու ավանդույթը, միաժամանակ լինել այդ երկրի լիարժեք քաղաքացի։ Վրաստանի քաղաքացու ազգային ծագումը արգելքներ չպետք է հարուցի նրա պաշտոնական աստիճաններով վերելքին, ցանկացած հաստատությունում ցանկացած պաշտոնը զգաղեցնելու հարցում։ Բնականաբար, վերոնշյալն իրականության վերածելու համար անհրաժեշտ են որոշակի նախապայմաններ եւ դրանցից ամենակարեւորը պետական լեզվի իմացությունն է։
- Ազգությամբ հայ քանի՞ ներկայացուցիչ է գործում օրենսդրական իշխանությունում։
- Բացի ինձանից, խորհրդարանի պատգամավոր են ընտրվել Նինոծմինդայից մեծամասնական Հենզել Մկոյանը («Անկախ մեծամասնականների» խմբակցություն¤ եւ Ախալքալաքիից մեծամասնական Սամվել Պետրոսյանը («Միասնական ազգային շարժում» խմբակցություն¤։ Հատկանշական է, որ Հենզել Մկոյանը այն բացառիկներից մեկն է օրենսդիր մարմնում, որն արդեն չորրորդ անգամ ընտրվում է պատգամավոր եւ միակը պատգամավորական կորպուսում, որ միեւնույն շրջանից չորրորդ անգամ ընտրվել է մեծամասնական։ Համաձայնեք, որ դա իրոք, նշանակալի փաստ է։
- Իսկ ի՞նչ կասեիք քաղաքացիական ինտեգրման, մասնավորապես վիրահայերի ինտեգրման որակի մասին։
- Միանգամից նշեմ, որ վիրահայերս Վրաստանում մեզ զգում ենք ինչպես հարազատ երկրում, այն էլ մի քանի սերունդներով։ Իսկ եթե խոսենք կոնկրետ, ապա ներկա դրությամբ Վրաստանում ոչ մի ազգային խումբ, այդ թվում նաեւ վրացիները, չեն կարող լավ ապրել, քանի որ երկրում անչափ շատ են սոցիալական ու տնտեսական հիմնախնդիրները։
- Իսկ ի՞նչ կասեիք Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետհայդրամայի թատրոնի ձգձգվող վերանորոգման մասին։
- Որքանով տեղեկացված եմ, թատրոնի շենքը նստվածք է տվել, եւ հիմքերը դեֆորմացվել են։ Այն ներկայումս վթարային վիճակում է։ Ինչպես վստահեցնում են մասնագետները, տվյալ պարագայում մասնակի, մակերեսային վերանորոգմամբ իրավիճակը փոխել գրեթե անհնարին է։ Տեղեկացել եմ, որ նախկին վարչապետը հանձնարարել էր միջոցներ հատկացնել վերանորոգման համար, թեպետ դրա մանրամասներին տեղյակ չեմ։ Ցավոք, ի պատասխան ձեր հարցին ավելացնելու ոչինչ չունեմ։
- Ինչպիսի՞ն են ազգային փոքրամասնությունների լեզուներով, մասնավորապես հայերենով կրթություն ստանալու հեռանկարները։
- Ամեն ինչ կախված է պահանջարկից։ Եթե ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ցանկանում են կրթություն ստանալ մայրենի լեզվով, ապա նրանց այդ իրավունքը պաշտպանված է Վրաստանի օրենսդրությամբ։ Իշխանությունը բոլոր ազգերի ներկայացուցիչների համար միանման է երաշխավորում այդ իրավունքը։ Այլ հարց է, որ անհրաժեշտ է գտնել օպտիմալ ձեւաչափը, ո՞րն է գերադասելի՝ ազգային եւ բիլինգային կրթությունը։
- Այս հարցազրույցը լույս է տեսնելու ամանորյա համարում։ Ի՞նչ կցանկանայիք մաղթել Նոր տարվա առթիվ։
- Բնականաբար, թերթի բոլոր ընթերցողներին, բոլոր վիրահայերին շնորհավորում եմ Նոր տարվա առթիվ։ Մաղթում եմ, որ 2014 թվականը լինի խաղաղության, բարօրության եւ երջանկության տարի ձեզ եւ ձեր ընտանիքների համար։ Բնականաբար, չեմ կարող իմ ամենաանկեղծ բարեմաղթանքները չհղել, տնտեսական առաջընթաց եւ բարօրություն չմաղթել մեր Վրաստանին, նրա բոլոր քաղաքացիներին։

ՄԻԽԱՅԻԼ ԱՅԴԻՆՈՎ