ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆ. «ԵՍ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՄ ԼԻՆԵԼ ԻՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»

Տպել

Սկիզբ ու ավարտ: Ավարտ ու սկիզբ: Բնության ու կյանքի ի սկզբանե՝ Արարչական դրվածքը, որ մի չգրված օրենքով «իրականացնում» են տարիները՝ միլիոնավոր, միլիարդավոր, անհաշիվ-անհամար տարիները… Անցնում է մեկը, գալիս մյուսը, մեռնում է մեկը, ծնվում է մյուսը… Բայց պատմությունը մնում է, կյանքը մնում է… Մնում է ու շարունակում նրան, մնում է ու նորանոր այլ ծնունդների կենսատու ավիշ դառնում եւ գոյության ու արարումի մի նոր սկիզբ…
Հիմա, երբ մի քանի ժամից մի տարի էլ ահա կդառնա պատմություն, ու նրան շարունակելու կգա մի ուրիշը, մի նո՚ր նորը, ինձ ակամա այս խոհերը համակեցին… Սկզբի, անցյալի. հետեւաբար արածի-թողածի, պատմությանը պահ տվածի ու շարունակության, գալիքի, հետեւաբար անելիքի-թողնելիքի,  պատմությանը պահ տալիքի ու կյանքը շարունակելու մասին:
Ու սա էլ է երեւի բնական, որ  եթե անհատից է սկսվում ամեն ինչ,  որ եթե անհատն է ինչ-որ առումով  կյանք ու գործ կերտում, ապա նույն անհատն էլ նախ ինքն իրեն, մեկուսի է հանրագումարում իր արած- չարածը, ապա եւ այդ մասին կիսվում այլոց հետ… Ու առավել եւս, երբ այդ անհատի կյանքը սերտորեն է կապված այդ այլոց՝ ուրիշների հետ: Եվ ոչ թե սոսկ կապված, այլ սերտորեն միահյուսված, նրանցով ապրող, նրանցով շնչող…
Տասնհինգ տարի է մեր երկրի՝ Վրաստանի բարձրագույն օրենսդրական մարմնի՝ խորհրդարանի պատգամավոր եմ ու ամանորյա այս օրերին չեմ կարող պարզապես չմտորել, չկիսվել արած-չարածի ու անելիքների մասին…
Ինչո՞վ պարծենանք մենք՝ նինոծմինդացիներս, անցած տարում…
 Լուծվեցի՞ն արդյոք շրջանի առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները կամ ինչ չափով… Ում միջոցով, ինչպես, իմ հարազատ Նինոծմինդայի շրջանն է ինձ ահա այսքան տարի վստահում, ու ես պարտավոր եմ կանգնել նրանց կողքին, անել հնարավորը, երբեմն նաեւ անհնարինը…
Բոլոր դեպքերում ասեմ, որ 2013 թվականին հարցերն ստացան կյանք ու դրանց մեջ հատկապես խմելու ջրի, լույսի, փողոցների բարեկարգման՝ ասֆալտապատման ու մանավանդ դրանք լույսով ապահովելու, շինարարական… Բարեկարգվեցին-հիմնանորոգվեցին շրջանի մի շարք ջրագծեր՝ Օռլովկա-Սպասովկա, 10 կիլոմետր ձգվող Ուչմանա-Թորիա-Հեշտիա, Փոկա, Գոնդուրա, Գորելովկա, մշակույթի տները՝ Ջիգրաշենում,  Օրոջալարում… Ու դեռ մնաց գործ 2014-ին անելու:
Մեծ էր առաջընթացը շինարարության մեջ. տարաբնույթ օբյեկտներ վերանորոգվեցին, կենցաղի տներ Գանձայում, Սաղամոյում, Ռադիոնովկայում… մինի-մարզադաշտ կառուցվեց Դիլիֆում:՝
Գնահատանքով եմ ուզում խոսել շրջանի բազմաթիվ խնդիրներով միշտ մտահոգ մեր ղեկավարության՝ շրջանային վարչության նախագահ  Գագիկ  Ղարսլյանի ու մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի մասին, որոնց հետ սերտ համագործակցում եմ ու հնարավորին սահմաններում աջակցում նրանց՝ բարոյապես, նյութապես ինչպես առաջնահերթությունների, այնպես էլ անհրաժեշտությունների լուծման հարցում...
Ուրախացրեց բոլորիս հատկապես այն նաեւ, որ  Տամբովկա գյուղի համար հատուկ տրակտոր ձեռք բերվեց՝ ձմռանը ճանապարհները մաքրելու եւ շրջանի հետ երթեւեկությունը մատչելի դարձնելու համար:
 Ու մենակ էլ չմնացինք՝ մեզ սատարեցին տարբեր հիմնադրամներ, մասնավորապես՝ տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների «Գյուղի զարգացման ծրագիր» հիմնադրամը, կենտրոնական իշխանությունները: Շուրջ 3,5 միլիոն լարիի աջակցություն ենք ստացել այս ամենի համար։
Բայց կիսվելով հանդերձ այս ամենի մասին, չեմ կարող չնշել, որ դեռ շատ անելիքներ ունենք, դեռ կան չլուծված մի շարք խնդիրներ, որոնք պիտի անենք, որ 2014-ին լուծում ստանան: Ես, անձամբ, միշտ կկանգնեմ նրանց կողքին, ովքեր վստահել են ինձ, ովքեր հաճախ են դիմում ինձ աջակցության խնդրով։ Իսկ դա իմ ամբողջ շրջանն է, ամբողջ Նինոծմինդան, որի բարօրության համար չեմ խնայի ոչինչ, որի բոլոր փողոցները, համոզված եմ,  2014-ին գիշերային բոլոր  ժամերին արդեն կլինեն լուսավորված…
«Վրաստան» թերթի միջոցով, ցանկանում եմ ասել՝ շնորհավոր  նորտարյա  տոնդ, սիրելի Նինոծմինդա, շնորհավոր տոնդ, սիրելի Վրաստան։

Հենզել Մկոյան
Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Նինոծմինդայի շրջանից