ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՄՆՋՈՅԱՆՆԵՐ

Տպել

Լուսակարում հին Թիֆլիսի Պասկեւիչ-Էրիվանսկու հրապարակն է, Պուշկինյան փողոցի սկիզբը ու շենքի վրա Мнджоян (Մնջոյան) ազդագիրը: Հրապարակում հանդիսություն է: 1921 թվականի հունվարի 1-ը: Լուսանկարը Մնջոյան լուսանկարչական համբավավոր սրահի ու հարուստ խանութի հիմնադիր, Կարսից Թիֆլիս գաղթած Արշակ Մնջոյանինն է...

Հիմա, պատմության այս «ակնթարթը» խնայողաբար փակցված է այսօրվա արդեն Ազատության հրապարակից ոչ հեռու, Աբեսաձե 4 (նախկինում՝ Պերվոմայսկի) հասցեում: Կրկին Արշակ Մնջոյանին (այսօր արդեն լեգենդար Արշակ Մնջոյանի թոռին) պատկանող, կրկին ֆոտոսրահ է: Եկանք արդեն 2014 թվականին, հունվարի առաջին օրերին եւ «Վրաստան» թերթի ու նրա ընթերցողների անունից շնորհավորեցինք Մնջոյանների Ամանորն ու Սուրբ Ծնունդը։
Մի խոսքով, այստեղ կրկին Արշակ Մնջոյան անունով վարպետ է աշխատում, այժմ արդեն շարունակում պապի ու ողջ գերդաստանի լուսանկարչական առաքելությունը: Սրահն իր գոյությամբ մնջոյանական պատմության յուրովի մատյան է: Լուսանկարչական իր վերջին տարիները հենց այստեղ է անցկացրել Արշակ Մնջոյան ավագը, հետո որդին՝ Գիորգին, այսօր արդեն Գիորգիի որդին՝ Արիկը (Արշակ կրտսերը), ով իր հերթին շարունակվող շառավիղներին՝ Վիկային ու Գոգային է փոխանցում լուսանկարչական արվեստի մնջոյանական գաղտնիքները: Քաղաքի սրտում այս գողտրիկ անկյունը լուսնակարչական արդի ծառայություններով զբաղվող պսպղուն ու պերճաշուք վերանորոգմամբ եւ տեխնիկայով չի առանձնանում... Նախասրահում, որ պատմության մյուս էջերը փակում է վարագույրով, Մնջոյանների ձեռամբ կերտված պատմական լուսանկարներն են. հին քաղաքի պատկերներ ու հին թիֆլիսցիներ:
- Հաճախ ինձ մեր գերդաստանի եւ, ընդհանրապես լուսանկարչական սրահային արվեստի, վերջին մոհիկանն եմ համարում... ափսոսում եմ, որ կորչում է այն ամենը, ինչ կապվում էր ոչ միայն «թռչնակի դուրս թռչելու», այլեւ լուսանկարի լույս աշխարհ գալու բոլոր փուլերի հետ: Սրահային լուսանկարչությունը ավելի շուտ արվեստ է, այլ ոչ թե արհեստ: Ընդամենը մի 10-15 տարի առաջ դա տոն էր համարվում ոչ միայն մեր, այլեւ ամեն լուսանկարվողի համար: Այստեղ գալիս էին ընտանիքներով, գալիս էին հատուկ պատրաստված, ու սրահը լցվում էր գեղեցկությամբ, անուշահոտ օծանելիքներով, ասես այդ վերջինն էլ պիտի ի հայտ գար լուսանկարում,- պատմում է Արիկը:- Երջանիկ եմ, որ այդ ամենի ստեղծողն ու ականատեսը գոնե եղել եմ: Քավ լիցի, դեմ չեմ ժամանակակից մեթոդներին, առավել եւս, որ զավակներս ավարտելով Թբիլիսիի Ճարտարագիտական համալսարանը,, այժմ թվային տեխնիկայի մասնագետ են: Բայց այդուհանդերձ, ես անընդհատ փորձում եմ հեռու պահել նրանց մեխանիկական աշխատանքից: Միշտ կրկնում եմ, որ լուսանկարիչն առաջնահերթորեն պատկերագրող է եւ պետք չէ, որ համակարգիչը իր փոխարեն աշխատի: Հարկ է շեշտը դնել գրավիչ այն շարմի վրա, որ ունեն անխտիր բոլոր մարդիկ...
- Հետաքրքիր է,-
հարցնում եմ Վարպետ Արիկին,- իսկ մեր ժամանակներում կա՞ն նման կերպ լուսանկարվել ցանկացողներ:
- Դե սա թանկ հաճույք է,- պատասխանում է նա:- Վերջին անգամ ոչ էլ հիշում եմ, թե երբ եմ «հնաոճ» մեթոդներ կիրառել: Սկանդինավյան երկրներից եկած մի երիտասարդ էր, նա խնդրեց: Չնայած արտասահմանյան որոշ երկրներում սա համարվում է էլիտար արվեստ: Լուսանկարչական նման սրահներում միմիայն արհեստավարժներ են, փորձառուներ: Որպես օրինակ կարող եմ բերել հին Թիֆլիսի, Մոսկվայի, Ստամբուլի լուսանկարները,  եւ դրանց թվում նաեւ հայ լուսանկարիչների կողմից ստեղծված լուսանակարները: Անկեղծ ասած, նախանձով եմ նայում, որովհետեւ յուրաքանչյուրը դրանցից արվեստի մի առանձին նմուշ է: Իսկ մեզ մոտ էվոլյուցիան հասավ այն բանին, որ ռոբոտն է մեր լուսանակարիչը ու դա անում է ինչպես եւ ուր պատահի: Այսօր բոլորը լուսանկարիչ են, լրագրող...
- Անցած օրերի վերհուշը,- շարունակեց Արիկը,- փորձում եմ պահպանել ահա գոնե այս փայտե կախիչով, հայելիով, ուր հարդարվում են այցելուները, այս հին բազմոցով, հին իրերի իմ փոքրիկ հավաքածուով, ամեն ինչ թանկ է ինձ համար, յուրաքանչյուր մանրուք:

«Մանրուքների» աշխարհը տեսանելի դարձավ, երբ բացվեց սրահի սենյակներից երկուսը տանող վարագույրը: Այստեղ էր թաքնվել Մնջոյանների կախարդական աշխարհը. աջակողմյան պատին սեւ-սպիտակ երանգի գեղեցկուհի Թիֆլիսն էր, մեկից ավելի մետր երկարությամբ, որ լուսանկարվել էր Ֆունիկուլյորի բարձունքից, 30-ական թվականներին: Մյուս՝ ձախ կողմում, տոտավոր հսկայական լամպեր էին, հուշանվերներ, կլիշենեգատիվներ, սեւանկարներ, ըստ որում տարբեր ժամանակաշրջանների, նաեւ՝ լուսանկարչական սարքեր, այդ թվում՝ թռչնակ դուրս բերողը, ու նույնիսկ վարսահարդարման, դեմքը շպարող միջոցներ, որոնք օգտագործում էին լուսանկարիչներն իրենց հերթական կերպարը կերտելիս: Ակամայից հիշեցի Արիկի խոսքերը. «թանկ է յուրաքանչյուր մանրուք»... Պատճառը հասկանալի էր: Նախ պապն ինքը ամենին հեշտությամբ չէր հասել ու նույնիսկ երեք տարի բոլշեւիկյան ճիրանների զոհը դառնալով տեղահանվել էր Թիֆլիսից Կրասնոդար, «մեղադրվելով» «մաքսանենգ» ապրանք վաճառելու մեջ: Երեք տարի անց, Մնջոյանների ընտանիքն այնուամենայնիվ, վերադարձել էր Թիֆլիս ու ամեն ինչ սկսել զրոյից: Իսկ կարոտած այցելուների հոսքն այնքան էր մեծացել, որ Արշակն իրեն օգնական էր դարձրել 13-ամյա որդուն՝ Գիորգիին: Սրահն այլեւս նոր հասցե ուներ, գործում էր Լեսելիձե փողոցի սկզբնամասում, համարյա Երեւանյան հրապարակին կպած: Իսկ հետո արդեն տեղափոխվեցին մինչ օրս սեփականություն համարվող այս վերջինը: Ու այս «մանրուքները» դարձան երկար ճանապարհի խոսուն վկան, մի ողջ գերդաստանի պատմությունը:
Եվ ոչ միայն Մնջոյան մեկ ճյուղի: Որովհետեւ ճանաչված լուսանկարիչ էր նաեւ Արշակի եղբայրը՝ Անդրանիկը, ում հիմնած ֆոտոսրահը գործում էր Մելիք-Ազարյանցի տան ներքնահարկում: Ու որի այցելուն թիֆլիսցիները դառնում էին կյանքի հենց առաջին տարիներից, քանի որ սրահը Մանկական էր: Անդրանիկն իր իսկ հիմնած սրահում աշխատեց մինչեւ կյանքի վերջ՝ 1980-ականներ: Եղբայրների քույրը՝ Գոհարը, թեեւ նույն հետքերով չգնաց, բայց ձիրքը փոխանցեց որդուն՝ Հրաչիկ Տեր-Գրիգորյանին, ում ֆոտոսրահը գտնվում էր Ֆիլհարմոնիայի մերձակայքում, Կոստավայի փողոցի թիվ 14-ում, որտեղ, իմիջիայլոց, հարեւանությամբ գտնվում էր «Վրաստան» թերթի խմբագրությունը, որի հաճախակի հյուրն էր նա։ Հրաչիկի մահից հետո գործն ստանձնեց նրա դուստրը՝ Իրինան, ով աշխատում է առ այսօր:
Մնջոյաններից Արիկը, բարձրագույն կրթությունն ստացել էր Լենինգրադում: Գնացել էր բոլորովին այլ ուղղությամբ՝ ճարտարագետ-մետաղագործ էր: Որոշ ժամանակ ապրելով Լենինգրադում ու խոշոր ձեռնարկություններից մեկում զբաղեցնելով ավագ ճարտարագետ-տեխնոլոգի պաշտոնը, նա 1978-ին, այդուհանդերձ վերադարձել էր Թբիլիսի, Մնջոյանների լուսանկարչական սրահ, որի Վարպետն արդեն հայրն էր՝ Գիորգին:
- Մոտ մեկ ամիս հետեւում էի հայրիկիս աշխատանքին եւ հանկարծ զգացի, որ ես նույնպես լուսանակարում եմ: Ու ինքս էլ չնկատեցի, թե ինչպես իրար հաջորդեցին տարիները: Ինչպես լուսանկարների միջոցով ես եւս սկսեցի պատմություններ ստեղծել: Գերդաստանի առաքելությունը շարունակելու իմ հերթափոխն սկսվեց: Տեսնու՞մ եք, այս սանդուղքը, սա իմ «ռենտգենյան ապարատն» է: Մինչեւ այս երեք փոքրիկ սանդուղքով դուք նախասրահ եք մտնում, ես ձեր մասին պատկերացում եմ կազմում: Չէ՞ որ գեղարվեստին հարելուց բացի, լուսանկարչությունը հոգեբանություն է նաեւ: Էհ, ովքեր ասես, չեն իջել այս սանդուղքներով, Փարաջանով, Կաշպիրովսկի…,- շարունակեց նա:- Չնայած, ինձ համար լուսանկարվողի պաշտոնն ու դիրքը բնավ նշանակություն չունեն, հավասար են բոլորը:
- Այս պահին,-
շարունակեց Արիկը, երբ խնդրեցի զավեշտալի մի երկու դեպք պատմել,- հատկապես երկուսն եմ մտաբերում: Մի օր մի կին եկավ եւ լուսանկարչական իր սարքի համար լուսանկարչական ժապավեն խնդրեց: Գնեց, ապա խնդրեց տեղադրել: Պահպանելով սրահի հյուրընկալության կանոնները, ես կատարեցի խնդրանքն ու շարունակեցի իմ գործը: Կինը շարունակում էր կանգնած մնալ: Այդպես՝ 10, հետո 20, ապա էլի մի 15 րոպե կանգնեց: Ի վերջո, հայացքս ուղղեցի նրա կողմ: Նա զարմացած ինձ էր նայում եւ, հավանաբար էլի կնայեր ու կկանգներ, եթե չհարցնեի, թե ինչո՞վ կարող եմ օգտակար լինել, պատասխանը մինչ օրս հիշում եմ. «Բա հիմա ես էս ապարատով ի՞նչ եմ անելու»... Դեպքերից երկրորդն առավել զավեշտալի էր: Շատ պատկառելի հասակում հաճախորդներից մեկի  բարեկամն էր մահացել: Եկավ ու խնդրեց շատ շտապ պատրաստել հանգուցյալի լուսանկարը: Դե մենք աշխատում էինք երեւակիչներով (պրոյավիտել) եւ ամրացուցիչներով (զակրեպիտել), եթե մեկը կամ մյուսը ժամանակից շուտ կամ ուշ օգտագործվեր, ապա պատկերը որոշ ժամանակ անց, նույնիսկ ցնդել կարող էր: Ինչ թաքցնեմ, շտապեցինք: Լուսանկարը շատ արագ կերպով տեղ հասավ: Հաջորդ օրը, հուղարկավորությունից հետո, հաճախորդը զարմանք կտրած ու հրաշք վերապրած մարդու դեմքով եկավ սրահ. «Գիտեք ի՞նչ եղավ,- բացականչեց նա,- հենց հողին հանձնեցինք, հինգ րոպե հետո պատկերը համբարձվեց»: Ծիծաղը հազիվ զսպելով, շատ լուրջ դեմք էինք ընդունել եւ անմիջապես պատրաստեցինք նորը.. Էհ, առաջ ուրիշ էր էլի, մարդիկ զարմանալու առիթներ էին ունենում, ու դա առավել հետաքրքիր էր դարձնում մարդկային կյանքն ու էությունը:
Զրույցը հետաքրքիր ընթացք էր ստացել: Այս ամանորյա օրերին, Մնջոյանական սրահում նույնպես իրար էին խառնվել անցյալ, ներկա ու ապագա (Վիկան ներկա էր մեր զրույցին), խոսում էին բոլորը. մեկն ափսոսում էր անցյալը, մյուսը՝ բացում ապագայի դռները: Իսկ ես, որպես միջանկյալ ներկա այդ երկու ճանապարհների միջեւ, առավել քան ուրախ էի իմ նոր բացահայտման համար: Հպարտանում էի, որ տարիներ առաջ Թբիլիսիում նման խոշոր օջախ է գործել ու գործում է, որ թբիլիսյան այդ հատվածում, ում հարցնես բոլորը գիտեն նաեւ այս Սրահը եւ էլի որպես մնջոյանական: Որովհետեւ այստեղ լուսանկարվելուց բացի, նաեւ ջերմորեն ընդունում են, զրուցում քեզ հետ, տրամադրում լուսանկարվելու...
- Կուզեի, որ սրահային լուսանկարչությունը վերադառնար իր բարի ակունքներին, քանի որ դա նաեւ մարդկային մի յուրահատուկ հարաբերությունների մշակույթ է,- ավելացրեց Արիկը,- հավանաբար այս հին պարագաները հենց այդ նպատակով եմ պահում-փայփայում... ո՞վ իմանա, մեկ էլ տեսար Մնջոյանների ինչ-որ մի սերունդ օգտագործեց դրանք... չէ՞ որ պատմությունը կրկնվել գիտի:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ