ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԾՐԱԳՐՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Տպել

Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարար Դավիթ Նարմանիան ներկայացրեց 2014 թվականի համար ծրագրված նախագծերը։

Նախարարի հայտարարությամբ, ընթացիկ տարվա համար ծրագրված ենթակառույցային բոլոր նախագծերը կմեկնարկեն գարնանը։
«Եթե 2013 թվականի առաջին մի քանի ամիսները մենք հատկացրինք նախագծերի վերանայմանը, մրցույթների կրկնական հայտարարմանը եւ այլն, ապա 2014 թվականն այդ առումով կտարբերվի։ Արդեն վաղ գարնանը կավարտվի մրցութային ընթացակարգը, եւ դեռ նախորդ տարի սկսված ենթակառույցային բոլոր նախագծերը ակտիվորեն կշարունակվեն»,- նշեց Նարմանիան։
Նրա խոսքերով, գլխավոր առաջնահերթություններն են ճանապարհների շինարարությունն ու ջրամատակարարման համակարգերի կարգավորումը։
«Մեզ համար գլխավոր առաջնահերթությունը ներպետական եւ միջազգային նշանակության ճանապարհների շինարարությունն է։ Այդ առումով մենք աշխատանքներ կիրականացնենք տարբեր նշանակության 250 կիլոմետր երկարության ճանապարհների վրա։ Կկրկնապատկվեն մայրուղային ճանապարհների վրա կատարվող աշխատանքները, եւ 2013 թվականին առկա երեք տարբեր հատվածների փոխարեն, շինարարությունը կիրականացվի յոթ հատվածներում, այդ թվում նաեւ Թբիլիսի-Ռուսթավի մայրուղու վրա։ Գլխավոր առաջնահերթություններից է ջրամատակարարումը, որի շրջանակներում կիրականացվի Քութայիսիի, Փոթիի եւ Անակլիայի համար նախատեսված 60 միլիոնանոց նախագիծը։ Լրացուցիչ 25 մունիցիպալիտետներում եւ երեք ավաններում կսկսվեն աշխատանքներ ջրամատակարարման բարելավման ուղղությամբ։ Դրանք կֆինանսավորվեն եվրոպական ներդրումային բանկի կողմից»,- հայտարարեց Դավիթ Նարմանիան։
Նախարարի խոսքերով, Վրաստանի կառավարությունը հաստատել է ընթացիկ տարվա ենթակառույցային ծրագրերի իրականացման համար 135 միլիոն լարի հատկացնելու որոշումը։
«Տարածաշրջաններում ենթակառույցային նախագծերի համար նախատեսվում է հատկացնել 135 միլիոն լարի։ Ֆինանսավորումը վերաբերում է աշխատանքների առաջին փուլին։ Մեզանում գործում է պետական հանձնաժողովը, որը քննարկում եւ հաստատում է տեղական ինքնակառավարումներից ստացված նախագծերը եւ հատկացնում է ֆինանսավորումը։ Նրանից հետո, երբ հարցը կհաստատվի կառավարության կողմից, մենք հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ, թե ինչ նախագծեր ենք ստացել եւ, որոնք  հաստատվել են տեղական ինքնակառավարման կողմից»,- ընդգծեց տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարը։
Նախարարի խոսքերով, կառավարությունն ըստ տարածաշրջանների արդեն հաստատել է ենթակառույցային 430 նախագծերը, որոնք ֆինանսավորվելու են պետական բյուջեից։ Մասնավորապես, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի համար հաստատվել է 49 նախագիծ, որի համար առանձնացվել է 15660072 լարի, Սամցխե-Ջավախեթիի երկրամասի տարածքում իրականացվելիք 25 նախագծերի համար նախատեսվում է ծախսել 11570015 լարի։
Դավիթ Նարմանիան նշեց, որ նախագծերի իրականացումը տարածաշրջանային հիմնադրամի կողմից կֆինանսավորվի նաեւ երկրորդ փուլում։ Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա համար նախատեսված նախագծերի իրականացման համար հատկացվելու է 180 միլիոն լարի։
Նրա խոսքերով, աշխատանքները կշարունակվեն նաեւ կենցաղային մնացորդների կառավարման եւ աղբանոցների կարգավորման ուղղությամբ։
Անդրադառնալով տեղական ինքնակառավարման բարեփոխումների հարցին, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ըստ նրա, ինքնակառավարման օրենսգրքում նախագծում սկզբունքային փոփոխություններ չեն լինի, եւ դրանք ընդունվելու են մինչեւ հունվարի վերջը։
«Խորհրդարանական աշխատացույցի համաձայն, ինքնակառավարման օրենսգիրքը մինչեւ հունվարի վերջը պետք է ընդունվի երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ։ Մենք առավելագույնս հաշվի առանք բոլոր դիտողությունները եւ առավելագույնս կատարելագործեցինք նախագիծը։ Մենք շատ զիջումների դիմեցինք։ Հանրային բանավեճեր եւ քննարկումներ չեն կարող անցկացվել, քանի որ խորհրդարանի ձեւաչափը դա չի նախատեսում։ Առանձին դիտողությունները, որոնք ներկայացվեցին մեր ընդդիմախոսների կողմից, ուղղված էին քաղաքական միավորների ստացմանը եւ, կարծում եմ, որ նրանցից ոմանք օրինանախագիծը չէին էլ կարդացել»,- հայտարարեց Նարմանիան։

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԱՐԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ