ԼՐԱՑՈՒՑԻՉ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

Տպել

Խմբագրությանը հայտնի դարձավ, որ Վրաստանի ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու որոշմամբ, օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցիչներին տրվեցին լրացուցիչ լիազորությունների շնորհման լիազորագրեր։
Այդ կապակցությամբ մենք կապվեցինք Վրաստանի ժողովրդական պաշտպանի՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Մառանգոզյանի հետ եւ հետաքրքրվեցինք, այդ փաստաթուղթը, ե՞րբ է ստորագրվել եւ լրացուցիչ ի՞նչ լիազորություններ է այն վերապահում։

- Այո, նման լիազորագիր Վրաստանի ժողովրդական պաշտպանը ստորագրել է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին։ Այդ փաստաթղթով  լրացուցիչ լիազորություններ շնորհվեցին նաեւ օմբուդսմենի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցչությանը,- հեռախոսազրույցում ասաց Արմեն Մառանգոզյանը։
Նա ընդգծեց, որ լրացուցիչ լիազորությունները իրեն, որպես օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցչի, հնարավորություն են ընձեռում անարգել մուտք գործելու պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման ցանկացած մարմին, արտադրություն, կազմակերպություն եւ հաստատություն, այդ թվում՝ զորամիավորում, բանտարկության եւ արգելափակման հաստատություն, ձերբակալության եւ ազատազրկման այլ վայրեր։ Իրավասությունը թույլ է տալիս պետական իշխանությունից եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, հանրային հաստատություններից եւ պաշտոնատար անձանցից պահանջելու եւ անհապաղ կամ առնվազն տասը օրվա ընթացքում ստանալու ցանկացած անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ այլ նյութը, ցանկացած պաշտոնատար անձանցից, հանրային ծառայողից պահանջելու եւ ստանալու հետաքննվող հարցի շուրջ գրավոր բացատրագիր, պետական կամ ոչ պետական հաստատությունների միջոցով անցկացնելու փորձագիտական հետազոտում եւ մշակել եզրակացություն, փորձաստուգման կամ խորհրդատվության համար հրավիրել մասնագետ-փորձագետների, ծանոթանալ քրեական, քաղաքացիական եւ վարչական գործերին, ըստ որի ընդունած որոշումներն արդեն ուժի մեջ են։
Ըստ այդ, լիազորագրի օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցչին իրավունք է վերապահվում նաեւ ստուգելու բանտարկության եւ արգելափակման հաստատություններում, ձերբակալության եւ ազատազրկման մյուս վայրերում, նաեւ՝ հոգեբուժական հաստատություններում, ծերանոցներում եւ մանկատներում մարդու իրավունքների առնչությամբ ստեղծված իրավիճակը, անձամբ հանդիպելու եւ զրուցելու ձերբակալվածների, բանտարկյալների, կասկածյալների հետ, ստուգելու վերոնշյալ հաստատություններում նրանց գտնվելը հավաստող փաստաթղթերը։
Վերոնշյալ վայրերում գտնվող անձանց պարբերական ստուգման, նաեւ կտտանքի եւ բռնության մյուս դրսեւորումների, անմարդկային վերաբերմունքի կանխման նպատակով Վրաստանի ժողովրդական պաշտպանի հատուկ լիազորագրով օժտված անձը, առանց որեւէ ստուգման, անձամբ կամ թարգմանչի հետ իրավասու է հանդիպելու եւ զրուցելու ձերբակալվածների, բանտարկյալների, արգելափակված այլ անձանց եւ կասկածյալների, հոգեբուժարաններում, ծերանոցներում եւ մանկատներում գտնվող անձանց, նաեւ նրանց հետ, ովքեր կարող են տեղեկատվություն հայտնել վերոնշյալ անձանց իրավունքների խախտման մասին, ստուգելու մարդկանց արգելափակումը, բանտարկությունը, հոգեբուժարանում, ծերանոցում եւ մանկատանը գտնվելը հաստատող փաստաթղթերը։ «Ընդսմին, վերոնշյալ անձանց հետ օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցչի վերոնշյալ հանդիպումներն ու զրույցները գաղտնի են, դրանց հետեւելն ու գաղտնալսումները անթույլատրելի են։ Վրաստանի ժողովրդական պաշտպանի կողմից ստորագրված լիազորագիրը տրված է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամկետով»,- նշեց օմբուդսմենի Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Մառանգոզյանը։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ