ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԺՇԿԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Տպել

ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀԱՐԿԱԴՐՎԱԾ ԿԼԻՆԵՆ ՊԱՐԲԵՐԱԲԱՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄ ԱՆՑՆԵԼ

Բժշկի վարձատրումն ու աշխատանքային պայմանները շարունակում են առողջապահության ոլորտի լուրջ խնդիր մնալ: ընթացիկ տարվանից կառավարությունը քայլեր է ձեռնարկելու այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ առաջնահերթություններից մեկը գյուղի բժշկի նկատմամբ ցուցաբերվող մոտեցումներն են լինելու: Իշխանությունը նախատեսում է բարեկարգել տարածաշրջանների ամբուլատորիաների նյութատեխնիկական բազան: Բժիշկները հարկադրված կլինեն պարբերաբար հավաստագրում անցնել, ինչը պայմանավորված է բուժանձնակազմը «մշտապես կանոնակարգված տեսնելու» խնդրով:

Գյուղական բժիշկների նվազագույն աշխատավարձի չափը սահմանվեց 500 լարի: Իսկ մասնավոր բուժհիմնարկներում աշխատող բժշկական անձնակազմի աշխատանքի վարձատրումը կրկին մասնավոր ընկերությունների ներքին գործն է համարվելու:
«Առայժմ ոչինչ չի փոխվել: Արդեն այս տարի առողջապահության բնագավառում ծրագրում ենք որոշ միջոցառումներ անցկացնել: Առողջապահության եւ սոցիալական սպասարկման ոլորտի ֆինանսավորմանը տրամադրվելու է 3 միլիարդ, ինչը կազմում է ընդհանուր բյուջեի 29 տոկոսը: Սա աննախադեպ մեծ ցուցանիշ է, որը զգալիորեն կնպաստի առողջապահության բնագավառում առկա խնդիրների կարգավորմանը:
Որոշվել է, որ պետք է առավել խստացվի բժիշկների հավաստագրման հարցը: Եվ սա չի սահմանափակվի միանվագ ստուգմամբ, բժշկի տեսական ու պրակտիկ գիտելիքները պարբերաբար վերստուգվելու են: Առ այսօր դիպլոմ ունեցող բժիշկների հավաստագրումը իրականացվում էր մեկ անգամ։ Սա, բնականաբար, սխալ էր: Ճիշտ է, հասարակությունը քիչ թե շատ  տեղյակ է այս կամ այն բժշկի աշխատանքի եւ նրա փորձառնության մասին, սակայն դա բավական չէ գիտելիքները իրապես գնահատելու համար: Հավաստագրման արդյունքում, բժշկի որակավորման մասին կհաստատվի առավել ճշգրիտ պատկերացում: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Կսահմանվեն չափանիշեր, որոնց միջոցով պետք է առաջնորդվենք: Կրկնակի հավաստագրումը հնարավորություն կտա, որ բժիշկը հանդես գա իր լիարժեք հնարավորություններով ու կարողություններով»,- ասում է խորհրդարանի առողջապահության կոմիտեի անդամ Գուգուլի Մաղրաձեն:
Ինչ վերաբերում է աշխատավարձին, նրա խոսքերով, մասնավոր ոլորտում այս ուղղությամբ փոփոխություններ չեն նախատեսվում:
«Մեր կիզակետը կլինի գյուղական բժիշկը: Նախ, բժիշկի աշխատավարձի չափը կավելանա այնքանով, որ նա հնարավորություն կունենա առձեռն ստանալ 500 լարի լրիվությամբ՝ առանց գանձումների: Նա այլեւս հարկադրված չի լինի տվյալ գումարից տրամադրել ծախսեր՝ բժշկական եւ կոմունալ որոշ ծառայություններ ապահովելու համար, մի գործընթաց, որ կիրառվում էր մինչ այսօր:
Մասնավոր ոլորտում չափանիշերի սահմանում մենք չենք իրականացնելու: Ճիշտ է, այդուհանդերձ խոսվում է նվազագույն չափանիշ սահմանելու մասին, բայց որոշումը փոփոխության ենթարկվեց: Մասնավոր բուժհիմնարկների ներքին կանոնակարգի մեջ միջամտել չենք կարող: Քանի որ գործատուն ինքն է սահմանում իր պայմանները, տարբեր կարգ ունեցող բժիշկները աշխատավարձի տարբեր չափ ունեն: Սա ընդունված բանաձեւ է ողջ աշխարհում: Եվ այս մոտեցումը դեռեւս անփոփոխ կմնա մեզ մոտ նույնպես:
Պետության խնդիրներից են նաեւ ամբուլատորիաները: Դրանց մեծ մասը համապատասխան կերպով բարեկարգված չեն: Այս տարվանից մեծ ուշադրություն կդարձնենք ամբուլատորիաների նյութատեխնիկական բազայի բարելավմանը: Որտեղ էլ տեղակայված կլինի բժշկական հաստատությունը, այն պետք է գործի նորմալ պայմաններում, որպեսզի ե՚ւ բժիշկը, ե՚ւ հիվանդը իրեն հարմարավետ զգան»,- ասում է Գուգուլի Մաղրաձեն:
Նշանակալի փոփոխություններից մեկը, որը ծրագրվում է առողջապահության ոլորտում, վերաբերում է դեղատոմսերին, ինչը սեպտեմբերի 1-ից դեղատների ցանցերի սպառողի համար պարտադիր կլինի: Իսկ մինչ այդ, կարգելվի որոշ կարգի դեղերի վաճառքը անչափահասներին:
Առողջապահության ոլորտում նորություն է նաեւ այն, որ մասնավոր ապահովագրական ընկերությունների կառավարման մեջ եղած (բացի Թբիլիսիից) շտապ օգնությունները նորից կհամարվեն պետության սեփականությունը: Այս նպատակով, առողջապահության նախարարությունում հատուկ ՀԻԻԱ (Հանրային իրավունքի իրավաբանական անձ¤ ծառայություն կհաստատվի, որը կհամակարգի շտապ օգնությունների վերահսկումը: Ինչ վերաբերում է սպասարկման դիմաց վարձատրությանը, ապա այս ուղղությամբ փոփոխություններ չեն ծրագրվում:
Առողջապահության նախարարության տեղակատվությամբ, ապագայում ծրագրված է նաեւ շտապ բժշկական ծառայության մեջ նոր տեխնոլոգիաների ներդնում: Կանչերի դեպքում, մեքենաները դուրս կգան ըստ աշխարհագրական մատչելիության: Ինչպես նաեւ կիրականացվի շտապ բժշկական օգնության բժիշկների եւ վարորդների վերապատրաստում: Առողջապահության նախարարության պարզաբանմամբ, արդեն հայտարարված է տենդեր, որի համաձայն, պետք է գնվեն երկու հարյուրից ավելի բարձրորակ շտապ օգնության ավտոմեքենաներ:
Բժիշկների արհմիությունների պետի տեղակալ Իրակլի Տղեշելաշվիլու տեղեկատվությամբ, այս տարվանից  վերանայվելու է նաեւ շտապ օգնության ծառայության աշխատակիցների աշխատավարձը, այդ թվում՝ նաեւ վարորդներինը: Ինչ վերաբերում է բժշկի աշխատավարձին, ապա մի քանի ապահովագրական ընկերության պարտավորություններ դեռեւս իրականացված չեն:
«Այս տարվանից փոփոխություններ կլինեն՝ կապված բոլոր բժիշկների աշխատավարձերի հետ նույնպես, սակայն դա մեծ տեղաշարժ չի բերի, քանի որ դեռ չեն մարվել դեռեւս չվճարված աշխատավարձերը: Մեծ աղմուկից հետո, «Ադիթի» աշխատակիցներին բաժանեցին միայն մի քանի ամսվա աշխատավարձեր՝ երկու ամիսների բացառությամբ:
Կապված փոխհատուցման հետ՝ խնդիրը առկա է բժշկական հաստատությունների մեծ մասում, այդ թվում՝ նաեւ բժշկական շտապ օգնության ծառայության համակարգում: Շտապ օգնության ծառայությունում աշխատող բժիշկները որպես փոխհատուցում արձակուրդ էին պահանջում: Մինչ օրս այս խնդիրը չի լուծվել, եւ միայն այժմ որոշվեց:
Կարծում եմ, Թբիլիսիի շտապ օգնության վարորդների աշխատավարձերն էլ կվերանայվի: Այս պահանջով նրանք անգամ բողոքի ակցիաներ էին անցկացնում եւ պահանջում 20 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը:
Փաստորեն, առողջապահության բնագավառում այս տարի լուրջ տեղաշարժեր ու փոփոխություններ են սպասվում: Մեծ հույս ունեմ, որ բժիշկների աշխատավարձերը  եւ նրանց աշխատանքային պայմանների հետ կապված խնդիրները մեկընդմիշտ կլուծվեն», - ասում է Իրակլի Տղեշելաշվիլին:

ՄԱՐԻՆԱ ԹՈՐՈՍՅԱՆ