ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՔԵԶ, ԱՆԱՀԻՏ

Տպել

Այս հոդվածի հերոսը Թբիլիսիում գործող Վրաստանի Պատրիարքարանի Սուրբ Անդրիայի անվան համալսարանի չորրորդ կուրսի սան Անահիտ Աղայան-Հարությունյանն է:  Նա իր աշխատասիրության, սթափ մտքի ու հարուստ գիտելիքների, ինչպես նաեւ պետական լեզվի հստակ իմացության շնորհիվ, ինչպես ասում են, արդեն լիարժեք ինտեգրվել է երկրի հասարակական կյանքին, լրիվությամբ պահպանելով իր ազգային ինքնությունը:

 Անահիտը սովորում է էկոնոմիկայի եւ բիզնես-կառավարման ֆակուլտետում: Բոլորովին վերջերս, Անահիտը, որպես առաջադեմ ուսանողուհի, համալսարանի 4 լավագույնների թվում, արժանացավ Վրաստանում անվանի տնտեսագետ Փիլիպե Գոգիչաիշվիլու անվան հատուկ կրթաթոշակի. վեց ամիսների ընթացքում նա ստանալու է 100-ական լարի: Անահիտին բարձր գնահատական են տալիս ոչ միայն համակուրսեցիները, այլեւ համալսարանի դասախոսական կազմը, մասնավորապես տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Սարթանիան, ի դեպ, հենց նա զանգահարեց մեր խմբագրություն եւ հայտնեց հաճելի այս իրադարձության մասին: Արդեն համալսարանում մենք հանդիպեցինք Անահիտի հետ:
- Շնորհավորում ենք, Անահիտ: Հուսով ենք, սա նվաճումներիցդ նվազագույնն է լինելու:
- Շնորհակալ եմ:
- Որքան գիտեմ, ֆակուլտետի առաջին շրջանավարտներից ես լինելու…
- Այո: Մեր ֆակուլտետը երիտասարդ է: Բակալավրիատը հիմնվել է 2010 թվականին: Եվ ես նրա առաջին ուսանողներից մեկն եմ եղել: Սովորում եմ պետությունից ստացած 70 տոկոս գրանտի օգնությամբ, մնացածը ես եմ վճարում:
- Պատմիր մի փոքր համալսարանի մասին, ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր հենց այս բուհը:
- Համալսարանը գործում է 2008 թվականից, կարող եք այցելել մեր վեբ-կայք՝ sangu.edu.ge, եւ առավել տեղեկանալ ուսումնական այս հաստատության մասին: Բայցեւ առանց գովազդման նպատակի, կցանկանայի մի փոքր պատմել համալսարանի մասին: Հաստատությունում չորս ֆակուլտետ կա. հումանիտար գիտությունների, ինֆորմատիկայի եւ մաթեմատիկական գիտությունների, էկոնոմիկայի եւ բիզնես-կառավարման ու սոցիալական եւ իրավական գիտությունների: Մեր ուսանողների թիվն այսօր հասնում է 1300-ի: Չնայած, այսպես ասած, «երիտասարդ» համալսարան է, բայց հաստատությունում բարձրակարգ մասնագետներ են դասավանդում՝ ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանից ժամանած: Դասախոսությունները շատ հագեցած են, տարվում են լրացուցիչ կոնֆերանսներ, հանդիպումներ, մրցույթներ, էքսկուրսիաներ...: Մթնոլորտն էլ բավականին տրամադրող է ու լուսավոր, մի գուցե դա նրա հոգեւոր ծագման արգասիքն է, քանի որ համալսարանը, ինչպես գիտեք, հիմնվել է Իլիա Երկրորդ Պատրիարքի օրհնությամբ: Ինձ հատկապես գրավում է ուսանողների հանդեպ ձեւավորված ավագ սերնդի վերաբերմունքը. շատ հարգալից են ու արդարամիտ: Իսկ այս համալսարանի մասին իմացել եմ Ազգային միասնական քննություններին պատրաստվելու ժամանակ, բոլորովին պատահական:
- Իսկ վրաց լեզուն խնդիր չէ՞ր քո համար, քանի որ ռուսական դպրոցի շրջանավարտ էիր ու, եթե այդ էլ հաշվի առնենք ոչ այդքան վրացաշատ թաղամասի՝ Վազիսուբանիի բնակիչ էիր:
- Պետական լեզվին տիրապետում էի դպրոցական ծրագրին համապատասխան: Լեզվի իմացությունս առավել կատարելագործեցի բուհում ուսման տարիներին, այժմ արդեն լիարժեքորեն արտահայտվում եմ:
- Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ ունես համալսարանականների հետ, գիտեմ, որ բուհում ընդամենը երկու հայ ուսանող է սովորում:
- Շատ լավ: Ես երբեք երկրորդականի դերում չեմ եղել ու դրականից բացի այլ վերաբերմունք, որ բխի ազգային կամ կրոնական պատկանելությունից, ոչ ստացել եմ եւ ոչ էլ փոխադարձել: Կարծում եմ, ամեն ինչ փոխադարձ է, քո հանդեպ ձեւավորված վերաբերմունքը քո վաստակն է:
- Անահիտ, իսկ ո՞րն է հաջողությանդ գրավականը:
- Աշխատասիրությունս, ճիշտ դրսեւորվելու կարողությունս: Այն, որ խելացի ենք ճակատներիս չի գրվում:
- Ո՞րն է հետագա անելիքդ:
- Մտադիր եմ մասնագիտանալ բիզնես-կառավարման գծով ու շարունակել ուսումս նույն բուհի մագիստրատուրայում: Այս ուղղությունն ինձ գերում է իր նորարարությամբ եւ ճշգրիտ ու հումանիտար գիտությունները միմյանց կապող ընդհանրությամբ: Այժմ որպես ստաժոր աշխատակցում եմ Թբիլիսիի «Պրիվատ բանկի» մասնաճյուղերից մեկում, այստեղ հարցազրույցի կարգով եմ անցել եւ երեւի, գիտելիքներիս ճիշտ դրսեւորման դեպքում այստեղ էլ աշխատանքի անցնեմ:
- Եվ վերջին հարցս. գիտեմ, որ ամուսնացած ես, երիտասարդ զույգ եք, ինչպե՞ս ես համատեղում:
- Ամուսինս՝ Վադիկ Աղայանը, Թբիլիսիի Ավիացիայի համալսարանն է ավարտել ու մասնագիտացված է համակարգչային ծրագրերի գծով: Այժմ զբաղվում է իր սեփական ընկերության հիմնադրման հարցերով: Այնպես որ, մեկս մյուսիս օգնում ենք, սատարում: Մտածում ենք մեր ու մեր երեխաների նյութական ապահովության մասին:

ԳԱՅԱՆԵ ԲՈՍՏԱՆՋՅԱՆ