ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ, ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ

Տպել

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2015 թվականի մարտի 1-ից կրկին վերականգնվում է տրանսպորտային միջոցների տեխնիկական ստուգման գործընթացը։ Պաշտոնական տվյալներով, ավտոմեքենայի տեխնիկական ստուգման անցկացման համար կպահանջվի 48 լարի։ Թեպետ մասնագետների կանխագծումներով, ավտոմեքենաների տեխստուգման համար կպահանջվի շատ ավելի պատկառելի գումար։

Փորձագետների հավաստմամբ, տեխստուգման համար մեքենայի նախապատրաստման ծախսերը կարող են գերազանցել անգամ ավտոմեքենայի արժեքը։ Բացառված չէ, որ առանձին մեքենաների տեխնիկական կարգավորումը կպահանջի 1000, իսկ որոշ ավտոմեքենաներինը՝ անգամ 2000 դոլար, թեպետ, ինչպես վերեւում նշվեց, տեխստուգման պաշտոնական սակագինը կկազմի 48 լարի։ Կատալիզատորը, անվադողերը, հողմնահար ապակին, արգելակները, լուսարձակները՝ սա այն դետալների ոչ լրիվ ցուցակն է, որը տեխստուգման անցկացման համար պետք է լինեն կարգավորված։ Ճիշտ է, ներկա դրությամբ, դեռեւս սահմանված չեն տեխստուգման անցկացման պայմանները, եւ հայտնի չեն այն ցուցակները, որտեղ թվարկված կլինեն այն հիմնախնդիրները, որոնց պատճառով մեքենան չի կարողանա անցնել տեխստուգումը։
«Պարտադիր տեխստուգման պայմանները դեռեւս չեն հստակեցվել։ Ներկայումս աշխատանքներ են տարվում այդ պայմանների մշակման ուղղությամբ։ Մոտ երկու ամիս հետո մեր տրամադրության տակ կլինի հանձնարարականների ողջ ցուցակը, որն էլ կստանա իրավաբանական ուժ»,- հայտարարեց ՆԳ նախարարության սպասարկման գործակալության տնօրեն Օթար Դանելիան։
Ինչ վերաբերում է կատալիզատորների անհրաժեշտությանը, ապա, Դանելիայի խոսքերով, այդ պահանջը անվերապահորեն կներկայացվի։ Ժամանակին կատալիզատորները հանվում էին մեքենաներից, քանի որ տարածվել էր կարծիք, ըստ որի, առանց կատալիզատորի մեքենան ավելի լավ է աշխատում։ Նախկինում կատալիզատորները պահանջարկ չէին ներկայացնում, բացակայում էր նաեւ տեխնիկական ստուգումը, ուստիեւ ավտոմեքենաների տերերի մեծ մասն իրենց տրանսպորտային միջոցի կատալիզատորները վաճառեցին։ Դանելիայի խոսքերով, ներկա դրությամբ, վարորդներն ստիպված կլինեն տեղադրել կատալիզատորները։ «Բոլորը պետք է փորձեն տեխստուգումն անցնել 2015 թվականին։ Սակայն, եթե ինչ-որ մեկը այն չկարողացավ անցնել, ապա հաշվի է առնելու այն դիտողությունները, որոնք ներկայացվել են տեխստուգման անցկացման ժամանակ։ Տեխստուգման անցկացման վերջնաժամկետը 2019 թվականն է։ Մինչ այդ, Վրաստանը պետք է լրիվությամբ ավարտի ավտոմոբիլների տեխնիկական կարգավորման հարցը»,- հայտարարեց Օթար Դանելիան։
Տրանսպորտային հարցերի փորձագետ Դավիթ Մեսխիշվիլու խոսքերով, ներկա դրությամբ, Վրաստանի տարածքում գրանցված է շուրջ 900 հազար ավտոտրանսպորտային միջոց, որոնց ճնշող մեծամասնությունը թողարկվել է տասը եւ ավելի տարիներ առաջ։ Ըստ փորձագետի, գրանցված 320 հազար ավտոմեքենաների տարիքը գերազանցում է 20-ը, մի այդքանն էլ՝ 10-ից 20 տարեկան են։ «Հետեւաբար, մեքենաների սեփականատերերի համար բավականին թանկ կարժենա տեխնիկական ստուգման համար մեքենաների նախապատրաստումը։ Օրինակ, վերցնենք, կատալիզատորը։ Այն մեքենաների 80 տոկոսում բացակայում է, քանի որ դրա մեջ կա թանկարժեք մետաղ, եւ այն հանում էին վաճառքի համար։ Կատալիզատորի շուկայական արժեքը կազմում է 200, առանձին մեքենաների համար՝ 300, անգամ՝ 400 ԱՄՆ դոլար։ Գինը կախված է մեքենայի մակնիշից եւ դրա տարիքից։ Տեխստուգման անցկացման համար մեքենաների ավտոդողերը պետք է լինեն ոչ թե օգտագործված, այլ նոր, իսկ դա նշանակում է, որ վարորդները միջին հաշվով ավտոդողերի ձեռքբերման համար ծախսելու են 400-ից մինչեւ 600 լարի։ Հարկ է կարգավորել նաեւ մյուս տեխնիկական հարցերը, ինչն արդյունքում է՚լ ավելի կմեծացնի ավտովարորդների ծախսերը։ Ստացվում է, որ մոտ 650 հազար ավտովարորդի համար տեխստուգման անցկացումը նյութական ծանր հարված է։ Այնպես որ, առանձին մեքենաների տեխստուգման անցկացման նախապատրաստումը հնարավոր է՝ մեքենայի գնից ավելի թանկ լինի։ Առանձին հաշվարկներով, տեխստուգման նախապատրաստումը ավտովարորդների վրա կնստի 1000 եւ ավելի դոլար»,- հայտարարեց Դավիթ Մեսխիշվիլին։
Փորձագետի հավաստմամբ, պարտադիր տեխստուգման բեռի թեթեւացման համար այն պետք է ներդրվեր աստիճանաբար։ «Նախ, անհրաժեշտ էր սահմանել այն չափորոշիչները, ըստ որի անցկացվելու է տեխստուգումը։ Ոչ նվազ հիմնախնդիր է նաեւ վառելանյութի որակը։ Հնարավոր է, իմ մեքենան բավարարի եվրոպական չափորոշիչներին, սակայն վառելանյութի անորակության պատճառով կատալիզատորը չկարողանա այն մինչեւ վերջ այրել։ Ուստիեւ, նախ, հարկ է վերահսկողություն սահմանել վառելանյութի որակի վրա։ Վարորդներին հարկ է տալ բանական ժամկետ, որպեսզի նրանք կարողանան վերանորոգել իրենց մեքենաները։ Հարկ է սահմանափակումներ ներդնել անորակ մեքենաների ներկրման վրա»,- նշեց փորձագետը։
Ըստ Դավիթ Մեսխիշվիլու, ճիշտ է, տեխստուգման պաշտոնական սակագինը կազմելու է 48 լարի, սակայն պետք է հաշվի առնել առանձին հանգամանքներ։ Փորձագետի հավաստմամբ, ավտոբիզնեսը ծավալուն շղթա է, եւ տեխստուգումը հարվածի տակ կդնի ոչ միայն վերոնշյալ 650 հազար վարորդներին, այլեւ՝ օգտագործած ավտոդողեր, օգտագործած ավտոպահեստամասեր եւ, վերջին հաշվով, օգտագործած ավտոմեքենաներ ներկողների բանակին։ «Կաճի կատալիզատորների պահանջարկը, ինչը նոր ազդակ կհաղորդի առանձին գործարարների եւ բացառված չէ, որ դա դառնա մենաշնորհային։ Փաստ է, որ այսօր ավտոմեքենայի շուկայում գործնական կատալիզատորներ չկան, ինչը լուրջ հիմնախնդիր կարող է դառնալ»,- ընդգծեց Դավիթ Մեսխիշվիլին։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ