ՇԱԼՎԱ ՓԻՓԻԱ. «ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ, ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱԳՐՈՎԱՐԿԻ ՏԵՍՔՈՎ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է ՄՈՏ 10 ՄԻԼԻՈՆ ԼԱՐԻ»

Տպել

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻՈՒՄ

Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, գյուղատնտեսության նախարարությունը մշակել է «Արտոնյալ ագրովարկերի» նախագիծը,  որը 2013 թվականի մարտի 27-ից իրականացնում է գյուղատնտեսական նախագծերի կառավարման գործակալությունը։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գերատեսչության կողմից Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում իրականացվող եւ իրականացվելիք նախագծերի մասին Վրաստանի գյուղատնտեսության նախարար Շալվա Փիփիայի հետ հարցազրույցը։

- Բատոնո Շալվա, նախ մի քանի խոսք՝ «Արտոնյալ ագրովարկեր» նախագծի մասին։
- Ինչպես հավանաբար տեղեկացված եք, Վրաստանի կառավարությունը գյուղատնտեսությունը հռչակել է իրատեսական առաջնահերթություն։ Գյուղմթերքների արտադրության, վերամշակման եւ պահպանման-իրացման պայմանների բարելավման նշանակալի լծակներից մեկը վերոնշյալ օղակները էժան եւ մատչելի դրամական միջոցներով ապահովումն է։ Հենց այդ նպատակին է ծառայում «Արտոնյալ ագրովարկեր» նախագիծը։ Գյուղատնտեսության կարիքների կարգավորմանն ուղղված վերոնշյալ նախագիծը ի սկզբանե կազմավորված է երեք բաղադրիչներից. 1.Սակավահող ֆերմերների համար առանց տոկոսի ապրանքային վարկ (ապառիկ), 2.Միջին եւ խոշոր ֆերմերների համար արտոնյալ ագրովարկեր, 3.Գյուղատնտեսական արտադրությունների համար արտոնյալ ագրովարկեր։
Մեկ տարվա ընթացքում ֆերմերների եւ արտադրողների պահանջներին ու կարիքներին համապատասխան, նախագիծը վերամշակվեց եւ ավելացվեց նոր բաղադրիչներով։ Այն է՝ 4.Արտոնյալ ագրոլիզինգ, 5.Խաղողի վերամշակման ընկերությունների համար արտոնյալ ագրովարկ, 6.Ցիտրուսների արտահանման եւ վերամշակման ընկերությունների համար արտոնյալ ագրովարկ, 7.Համապատասխան գրանտներով ֆինանսավորվող գյուղմթերքների վերամշակման արտադրությունների համար արտոնյալ ագրովարկ։
Նախագիծը, որի իրականացմանը ներգրավված է 13 բանկ, երկրորդ միկրոֆինանսական երկու կազմակերպություն եւ լիզինգային երկու ընկերություն արդեն մեկ տարի է, ինչ հաջողությամբ գործում է։
Ընդհանուր առմամբ, «Արտոնյալ ագրովարկ» նախագծի  բոլոր յոթ բաղադրիչները ծառայում են գյուղատնտեսությանը էժան եւ մատչելի դրամական միջոցներով ապահովմանը։
- Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նախագծի շրջանակներում, մասնավորապես՝ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում։
- Նախագծի շրջանակներում, Վրաստանի բոլոր տարածաշրջանների գյուղատնտեսության ավելի քան 30 ոլորտներին արդեն տրվել է 318 միլիոն լարիի 14100 արտոնյալ ագրովարկ։ Նախագծի կիրարկման մեկ տարվա ընթացքում ֆինանսավորվել է 70 նոր արտադրության եւ 400-ից ավելի արդեն գործող արտադրության գործունեությունը։
Ինչ վերաբերում է Սամցխե-Ջավախեթիին, ապա, նախագծի երկրորդ բաղադրիչի շրջանակներում, տարածաշրջանի 613 վարկատուների տրվել է 7065400 լարի։ Այդ տարածաշրջանի 20 վարկատուի երրորդ բաղադրիչի շրջանակներում փոխանցվել է 2497354 լարի։ Նշենք, որ հիմնական ոլորտը, որտեղ նպատակաուղղվել են արտոնյալ վարկերը, անասնապահությունն է։ Երրորդ բաղադրիչի շրջանակներում հիմնված 70 նոր արտադրությունից երկուսը գործում է Սամցխե-Ջավախեթիում։ Դրանց ֆինանսավորման համար հատկացվել է 831868 լարի։
- Ի՞նչ կասեիք «Սակավահող ֆերմերների աջակցության» նախագծի մասին։
- Նախորդ տարվա նման, այս տարի էլ շարունակվում է «Սակավահող ֆերմերների 2014 թվականի գարնանային աշխատանքների նախագիծը»։
2014 թվականին վերոնշյալ նախագծի համար հատկացվել է 90 միլիոն լարի։
Անցյալ տարվա շեղումներից խուսափելու նպատակով, մեծ աշխատանքներ են տարվում նախագծում ներգրավված մարդկանց քանակի հստակեցման ուղղությամբ։ Տեղական ինքնակառավարումների կողմից ցուցակների հստակեցումից հետո, 2014 թվականի գարնանային աշխատանքների աջակցության նպատակով, այս տարի շուրջ 800 հազար սակավահող ֆերմեր օգտվեցին այդ նախագծից։
- Սակայն, որքանով տեղեկացված ենք, բոլորը չէ, որ կարող են օգտվել այդ նախագծից…
- Իրոք, այդպես է։ «Սակավահող ֆերմերներին 2014 թվականի գարնանային աշխատանքների աջակցության նախագծին» մասնակցում են այն ֆերմերները, ովքեր սեփականության ներքո ունեն կամ իրականում տնօրինում են 1,25 հեկտար  գյուղատնտեսական նշանակության հողատարածք, եւ ովքեր աճեցնում են միամյա կամ բազմամյա մշակաբույսեր։ «Լիբերթի» բանկը սկսել է պլաստիկ քարտերի բաժանումը։ Ֆերմերներն այն կարող են ստանալ վեց ամսվա ընթացքում։ Քարտերը դյուրացնում են ֆերմերների հարաբերությունները գյուղատնտեսական ապրանքների խանութների հետ։ Նրանք այդ խանութներից կարող են գնել անհրաժեշտ ապրանքներ, պարարտանյութ, սերմանյութ, բույսերի պաշտպանության քիմիկատներ եւ այլն։
Ապրիլի 15-ի տվյալներով, նախագծից օգտվող 753136 ֆերմերին հատկացվել է 82194078 լարի։
Ինչ վերաբերում է նախագծի գործունեությանը Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում, ապա այստեղ, մեր հաշվարկներով, այդ օգնությունից կարող է օգտվել 44347 մարդ, որից 37070 արդեն ստացել է քարտը։ Սամցխե-Ջավախեթիում ընդհանուր առմամբ ծրագրված է մշակել 30241 հեկտար հողատարածք, որից 651-ն արդեն մշակվել է։ Նշենք, որ, անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ, մշակվել է 306 հեկտար հողատարածք։
Տարածաշրջանում գործում է գյուղատնտեսական 51 խանութ, որտեղ ֆերմերները կարող են օգտագործել իրենց ագրոքարտերը։
- Վերջին ժամանակներս բավականին սրվել է պարենի պիտանիության հիմնախնդիրը։ Ի՞նչ է արվում այդ հարցի կարգավորման ուղղությամբ։
- Սկսած 2013 թվականից՝ գյուղատնտեսության նախարարության պարենի ազգային գործակալությունը կտրուկ խստացրել է պարենի պիտանիության պետական վերահսկողությունը։ Մասնավորապես, նախորդ երեք տարվա համեմատությամբ, տեսուչների թիվը եռապատկվել է, իսկ հանրային պատժամիջոցների քանակն ավելացել է 7 անգամ։ 2013 թվականից կտրուկ աճել է երկրում եւ շուկաներում ժամկետանց ապրանքների իրացման կանխման փաստերը։ Պարենի ազգային գործակալության կողմից Սամցխե-Ջավախեթիում անցկացվել են մի շարք միջոցառումներ։ Պարբերական ստուգումներ են անցկացվում սպանդանոցներում, ձկնատնտեսություններում, սննդի օբյեկտներում։
- Սամցխե-Ջավախեթին հիմնականում հայտնի է որպես անասնապահական տարածաշրջան, թեպետ այստեղ մեծ տեղ է հատկացվում նաեւ երկրագործությանը։ Ձեր գլխավորած նախարարությունն ի՞նչ օգնություն է ցուցաբերում տեղացիներին վերոնշյալ ոլորտներում ծագող հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ։
- Հավանաբար, խոսքը առաջին հերթին վերաբերում է անասունների պատվաստմանը։ Նշեմ, որ, անասունների հիվանդությունների կանխման նպատակով, տարածաշրջանում սմբակախոցի դեմ պատվաստվել է 47 հազար խոշոր եւ 14 հազար մանր եղջերավոր անասուն, ընդհանուր առմամբ՝ 203814 գլուխ անասուն։ Պատվաստմանը զուգընթաց, հաշվարկման է վերցրել 5000 գլուխ անասուն։ Տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, արդեն հաշվարկվել է 12724 գլուխ անասուն։ Սիբիրախտի դեմ պատվաստումներն սկսվեցին ապրիլի 14-ին, ընդհանուր առմամբ, պատվաստվելու է 19933 գլուխ անասուն։ Ծրագրվում է նաեւ 13486 գլուխ անասունի պատավաստում՝ կատաղության դեմ։ Անասունները կպատվաստվեն նաեւ բրյուցելոզի եւ տուբերկուլյոզի դեմ։ Միջոցներ են ձեռնարկվում նաեւ մշակաբույսերի պաշտպանության ուղղությամբ։ Մասնավորապես, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի տնտեսական զարգացման նախագծով ծրագրվեց  երկրամասում վնասատուների դեմ տեղադրել 600 հատ ֆերրոմանային թակարդ։ Բույսերի պաշտպանության հանձնարարականներով տպագրվել է 3 հազար հատ վրացալեզու եւ ռուսալեզու բրոշյուր։
- Երկրագործության զարգացման գրավականներից մեկը ոռոգելի ջրի առկայությունն է։ Հայտնի է, որ վերջին տասնամյակներում ոռոգման համակարգը երկրի մասշտաբով հեռու է բավարար լինելուց։ Այդ առումով, բացառություն չէր նաեւ Սամցխե-Ջավախեթին։ Ի՞նչ է արվում այդ կենսական կարեւոր հարցի կարգավորման ուղղությամբ։
- Գյուղատնտեսության նախարարությունը լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ է իրականացնում ոռոգման համակարգերի կարգավորման ուղղությամբ։ Վրաստանի մասշտաբով, ոռոգման բոլոր խոշոր ջրանցքներն արդեն մաքրվել են ու կարգավորվել։ Այսօրվա դրությամբ, մաքրվել եւ բարձր մակարդակով գործում է ոռոգման 1291,5 կիլոմետր երկարության մայրուղային ջրանցք։
Կոնկրետ Սամցխե-Ջավախեթիում, 2013 թվականին կարգի է բերվել 10800 կիլոմետր ոռոգման ջրանցք, այդ թվում՝ կարգավորվել են Վալե-Պամաճ, Գուրկել-Ծրիոխի, Գուրկել-Զիկիլիա եւ Վերին ջրանցքները։
Այս տարի Սամցխե-Ջավախեթիում ծրագրվում է կարգավորել 193779 կիլոմետր ոռոգման ջրանցք։ Կկարգավորվեն Զակի- Խանդո-Կոթելիա, Մուրջախեթիի, Կատարջոյի եւ մյուս ոռոգման ինքնահոս համակարգերը։
Ավելացնեմ նաեւ, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ակտիվ գործունեություն են ծավալել գյուղատնտեսության նախարարության տեղեկատվական-խորհրդատվական շրջանային ծառայությունները։ Նշենք, որ, Վրաստանի մասշտաբով, 59 մունիցիպալիտետում գործում է ավելի քան 260 բարձր որակավորման մասնագետ, որ խորհուրդներով ու հանձնարարականներով նշանակալի օգնություն են ցուցաբերում ֆերմերներին։

Հարցազրույցը վարեց
ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆԸ