ԼԻԱ ԳԻԳԱՈՒՐԻ. «ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԿԴԱՍԱՎԱՆԴՎԻ «ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆ»

Տպել

«Վրաստան» թերթն արդեն գրել է, որ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունը արձագանքել է երկրի վարչապետի նախաձեռությանը, ըստ որի, «Գործարարությունը»՝ որպես նոր առարկա, մոտ ապագայում պարտադիր պիտի դասավանդվի միջնակարգ կրթության համակարգում:
Երկրի Կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեի հայտարարությամբ, «...ընթանում է Ազգային ուսումնական ծրագրի վերանայում: Այս շրջանակներում, մենք տարբեր հարցեր ենք քննարկում: Այդ առումով, ինչ խոսք, կարեւոր տեղ է զբաղեցնում «Գործարարություն» առարկայի ուսուցումը: Ներկայումս այն ընտրովի առարկա է, սակայն մտածում ենք դարձնել պարտադիր»:
Ո՞վ պետք է ուսուցանի այս նոր առարկան, եւ դրա իմացությունը ի՞նչ հմտություն-կարողություններ կզարգացնի աշակերտների մեջ, այս հարցերին պատասխանում է Վրաստանի կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին:

- Իմիջիայլոց, միանգամից նշեմ, որ այս առարկան շատ երկրներում է փորձարկվել, այդ թվում՝ Ֆրանսիայում, Անգլիայում, Սկանդինավյան երկրներում, բայց  ասեմ, որ ընդհանրապես, մեթոդական նյութեր բոլորից լավ, այնուամենայնիվ, մշակվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Այս ծրագիրը Վրաստանում իրականացվում է մի քանի ոչ կառավարական կազմակերպությունների կողմից եւ Վրաստանում գործող Ամերիկայի տնտեսագիտական կրթության խորհրդի միջոցով:
- Հայտնի՞ է արդյոք, թե այդ երկրներում այս նոր առարկան ինչպես ընդունվեց, որ ուզում ենք ներմուծել մեզ մոտ:
- Շատ լավ: Հակառակ դեպքում, այդպես  չէր լինի: Այնտեղ երկար ժամանակ է, ինչ ուսուցանում են «Գործարարություն» առարկան: Ինչ վերաբերում է Վրաստանում այդ առարկայի ուսուցմանը, մեզ մոտ էլ ուսուցանվում էր տնտեսագիտական կրթության շրջանակներում 2007-ից 2010 թվականը ներառյալ՝ որպես մեկ ընթացիկ թեմա կամ որպես չափորոշիչի ուղղություններից մեկը: 2011թվականից Ազգային ուսումնական նոր ծրագրի շրջանակներում այս առարկան դարձավ ընտրովի: Վերը թվարկված երկրներում կողմնորոշումը վերցված է գործարարի համար անհրաժեշտ հմտություն-կարողությունների զարգացման հիման վրա: Սա նշանակում է նպատակների ճիշտ սահմանում, բիզնեսի հետ կապված ծրագրի, նախագծերի մշակման, նաեւ՝ որոշումներ կայացնելու եւ փոքրիկ աշխատանքների կազմակերպման, գնահատման եւ շտկումներ իրականացնելու կարողություններ: Այս ամենի զարգացումը կնպաստի, ինչ խոսք, զբաղվածության ու մանր բիզնես ձեռնարկելուն եւ նաեւ բարձրագույն հաստատություններ ընդունվող երիտասարդների բիզնեսի կառավարման մասնագիտությանը տիրապետելու գործին:
- Դուք ասացիք,  որ մինչեւ այժմ այդ առարկան ուսուցանվում էր ընտրովի սկզբունքով,  հայտնի՞ են դրա արդյունքները:
- Այս բոլոր հարցերը դեռ մշակման ընթացքում են, սակայն այն, թե դպրոցականներին ո՞վ պիտի դասավանդի, հստակ է, արդեն հայտնի է ուսուցիչը: Այն ժամանակ էլ, երբ պարտադիր էր այս առարկայի ուսուցումը, դրանք առարկայի ուսուցիչներն էին: Չնայած, կարող են մասնագետներն էլ դասավանդել,  բայց նրանցից, համենայնդեպս, կպահանջվի վերապատրաստում, իսկ հետագայում ստույգ կորոշվի, թե ո՞ւմ է անհրաժեշտ վերապատրաստում, որ ուսուցանի աշակերտներին:
- Արդեն նկատի ունեք այն գործարարի հետ համաձայնեցնելու որոշումը, ովքեր կդասավանդեն այդ առարկան դպրոցո՞ւմ:
- Եթե մեր սիլաբուսները (ուսումնական ծրագիր) համեմատենք այլ երկրների սիլաբուսների հետ, կտեսնենք, որ նրանց մոտ բոլոր տեղերում մտցված է ակտիվություն եւ այն, թե ինչպիսին պիտի լինի գործող եւ լավագույն գործարարի կողմից փորձի փոխանակումը, ենթադրվում է նաեւ ձեռնարկություններ այցելելը: Չմոռանաք, որ սա դեռ փորձնական նախգիծ է, դրա համար էլ նրանում կիրականացվեն որոշ շտկումներ եւ ապա նոր կներդրվի դպրոցներում ու հետո միայն պարտադիր կդառնա բոլոր դպրոցականների համար: Շատ հաճախ լինում է այնպես, որ որոշ երիտասարդներ արդեն տիրապետում են որոշակի մասնագիտությունների, բայց  չգիտեն, թե ինչպես սկսել գործարարությունը  ու սպասում են հմուտ մարդու առաջարկի: Այս հմտություն-կարողությունները կօգնեն մեր դպրոցականներին մոտ ապագայում իրենց ուրույն տեղը գտնել հասարակության մեջ:

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ