ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ. Ո՞Ր ՄՈԴԵԼԸ ԿՆԵՐԴՐՎԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Տպել

Վերջին տարիներին ակտիվ բնույթ է կրում Վրաստանում կենսաթոշակային համակարգի գործող տարբերակից տարբերվող նոր համակարգի կիրարկման անհրաժեշտությանը վերաբերող բանավեճը։

Ներկա դրությամբ, Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում հիմնվել է կենսաթոշակային բարեփոխման համակարգման գրասենյակ, որն աշխատում է պարտադիր եւ կամավոր ապահովագրական կենսաթոշակային համակարգի ստեղծման ուղղությամբ։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի կողմից մշակված օրինածրարը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի ընթացիկ տարվա աշնանը։ Ներկա դրությամբ, կենսաթոշակների հանձնման հիմքը միայն պետական բյուջեն է։ Այդ տարբերակով, կենսաթոշակային ապահովումը հիմնված է համակարգման սկզբունքների վրա, երբ կենսաթոշակը ֆինանսավորվում է բյուջեից, ինչը իր հերթին լրացնում է անաշխատունակ քաղաքացիների հարկերը։ 2014 թվականի դրությամբ, կենսաթոշակային ապահովման համար Վրաստանում ծախսվում է 1,3 միլիարդ լարի։ Դա կազմում է երկրի պետական բյուջեի ծախսերի բաժնի 14,6 տոկոսը։ Վրաստանի բնակչի մեկ շնչի հաշվով այդ գումարը կազմում է մոտ 260 լարի, իսկ վարձակալության աշխատողի հաշվով՝ տարեկան 1750 լարի։ Դա նշանակում է, որ վարձակալության մեկ աշխատողը ամսվա հաշվով կերակրում է ավելի քան մեկ կենսաթոշակառուի։
Համաշխարհային բանկի եզրակացությամբ, ժողովրդագրական միտումների հաշվարկմամբ, Վրաստանն արդեն առաջիկա մի քանի տարիների ընթացքում դժվարությունների առջեւ կկանգնի կենսաթոշակային առկա պարտավորությունների կատարման հարցում, քանի որ ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ՝ Վրաստանում, բնակչությունը ծերանում է, հետեւաբար, աճում է կենսաթոշակային տարիքի քաղաքացիների թիվը, իսկ դա նշանակում է, որ աճում են նաեւ այդ ուղղությամբ պետության պարտավորությունները։ Արդյունքում ստացվում է հետեւյալ պատկերը։ Ստացվում է, որ հատկացվող կենսաթոշակը մի կողմից չի ապահովում արժանավոր ծերությունը, իսկ մյուս կողմից՝ կենսաթոշակների վճարումը բավականին թանկ բավականություն է պետական բյուջեի համար։
Հետեւաբար, ոչ միայն Վրաստանի, այլեւ աշխարհի մյուս երկրների կառավարությունները քայլեր են ձեռնարկում կենսաթոշակային բարեփոխումների անցկացման ուղղությամբ։ Մասնավորապես, հարեւան Հայաստանում այդ ուղղությամբ իրականացվող բարեփոխումը նախատեսվում է ներկայումս գործող համակարգման համակարգից կուտակման համակարգի կամ խառը համակարգի անցկացման հնարավորություն։ Կուտակային տարբերակի ժամանակ, աշխատողներն իրենց կենսաթոշակային մուծումներով ապահովում են ապագա կենսաթոշակը։ Իսկ կենսաթոշակի չափը կախված է կենսաթոշակային մուծումների մեծությունից, կենսաթոշակային հիմնադրամների կողմից իրականացվող ներդրումային ռազմավարության հաջողություններից եւ ֆինանսական ցուցանիշներից։ Այն երկրներում, որտեղ էկոնոմիկան հզոր է, եւ ֆինանսական շուկաները զարգացած են, կենսաթոշակային վերոնշյալ տարբերակն իրեն արդարացնում է, քանի որ կուտակային կենսաթոշակը հասնում է մեծ գումարների։ Թեպետ մյուս կողմից՝ այն երկրներում, օրինակ՝ Վրաստանում, որտեղ արժեզրկման եւ տնտեսական ռիսկերի մակարդակը մեծ է, կուտակային ռեսուրսները հնարավոր է՝ անգամ արժեզրկվեն։ Հենց այդ պատճառով էլ, շատ երկրներ գերադասությունը տալիս են կենսաթոշակային խառը տարբերակին, մի կողմից գործում է սոցիալական կենսաթոշակը (այսինքն՝ նվազագույն կենսաթոշակը¤, իսկ ապահով ծերության երաշխավորումը լրիվությամբ առնչվում է կենսաթոշակային ներդրումների հետ։
Եթե իշխանությունը իրոք ցանկանում է ձեռնամուխ լինել կենսաթոշակային բարեփոխման, ստիպված պատասխանելու է մի շարք հարցերի, այդ թվում՝ այն հարցին, թե ի՞նչ տարբերակ կներդրվի Վրաստանում. ո՞ր տարիքի քաղաքացիներին է առնչվելու կատարվելիք փոփոխությունը, ի՞նչ ժամկետներում է իրականացվելու կենսաթոշակային բարեփոխումը։ Կառավարությունը հաշվարկելու է նաեւ հնարավոր ռիսկերն ու հնարավոր արդյունքները՝ միաժամանակ հաշվի առնելով միջազգային փորձը, ինչը թույլ կտա կենսաթոշակային բարեփոխումների ուղու վրա շրջանցել կամ խուսափել արդեն իսկ բացահայտված եւ ուսումնասիրած հիմնախնդիրները։

ՅՈՒՐԻ ԽՈՐԱՆՅԱՆ