ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

Տպել

Հունիսի 12-ին, Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Թբիլիսիի Լադո Ասաթիանի (նախկին Էնգելսի) 42 հասցեում տեղի ունեցավ աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս եւ անվանի աստղագետ, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի (1982թ.) Վիկտոր Համբարձումյանի հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, թբիլիսաբնակ գրող, թարգմանիչ Գիվի Շահնազարը, վրաց մտավորականներ, հայ համայնքի մշակութային ու հասարակական գործիչներ:
Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքում Վահագն Աֆյանը բարձր գնահատեց Թբիլիսիի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց հետ Վրաստանում Հայաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ իրականություն դարձած, համաշխարհային աստղագիտության բնագավառում մեծ ներդրում ունեցող ակադեմիկոսի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։
Թբիլիսիի քաղաքապետարանի Մշակույթի եւ սոցիալական հարցերի ծառայության ղեկավար Մամուկա Քացարավան իր ելույթում կարեւորեց հուշատախտակի բացման փաստը Թբիլիսի քաղաքում՝ նշելով, որ հպարտ եւ ուրախ է, որ թբիլիսաբնակ հայազգի անվանի անձանց հիշատակին նվիրված հուշատախտակները տեղադրվում են Վրաստանի մայրաքաղաքում` միեւնույն ժամանակ հայտնելով, որ այդ գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
Վիկտոր Համբարձումյանը նախնական ուսումն ստացել է Թիֆլիսի 3-րդ, ապա՝ 4-րդ գիմնազիայում եւ 1924թ. մեկնել է Սանկտ Պետերբուրգ եւ ընդունվել տեղի համալսարան, որի շրջանավարտն էր նաեւ ծնունդով Հայաստանի Վարդենիսից հանրահայտ աստրոֆիզիկոսի հայրը, ի դեպ, մայրը քաղաք Ցխինվալիի հայ հոգեւորականի դուստր էր։
Շնորհակալական եւ դրվատանքի խոսքեր ուղղվեցին այն անհատներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Վիկտոր Համբարձումյանի հուշատախտակի ստեղծման եւ տեղադրման գործում, հատկապես թբիլիսցի բարերար, հայկական համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի անդամ Ռաֆիկ Աղաջանյանին: