ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՊԱՏՃԱՌՈՎ»

Տպել

«Նրանում, որ այլազգի մարդիկ գոյության նույն պայմաններն ունենան, ինչպես մենք, դրանում վտանգավոր ոչինչ չկա։ Դա պետք է բացատրել մարդկանց։ Փոքրամասնության ինտեգրումը Եվրամիության պահանջներից մեկն է»,- Վրաստանի եվրոպական ընտրության մասին վրացական ինտերնետ «Նետգազետա» թերթի թղթակցի հետ զրուցելիս՝ հայտարարեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Ռուսլան Պողոսյանը։

- Ասացեք խնդրեմ, երբ առաջին անգամ եղաք Եվրամիության անդամ երկրում, ո՞րն էր այցի նպատակը։
- Առաջին անգամ եղա Ֆրանսիայում, մասնավորապես՝ Ստրասբուրգում։ Դա ծանոթության այց էր։ Այն ժամանակ մեր կոմիտեին օգնեց Հոլանդիայի դեսպանությունը, եւ, փաստորեն, կոմիտեի ողջ կազմով 2013 թվականի հունվարին երկօրյա այցով եղանք Ստրասբուրգում։
Առաջին անգամ էի Եվրոպայում, սակայն բարեկամներիս միշտ ասում էի, որ եվրոպական քաղաքների նման փողոցներ, տներ, մեքենաներ, կամ էլ պուրակներ տեխնիկապես հնարավոր է մեզ մոտ էլ ունենալ։ Սակայն այն, ինչ աչքի էր ընկնում, եւ այն, ինչ կցանկանայի Վրաստանում էլ տեսնել, մարդկանց հանգիստ դեմքերն էին։ Բնականաբար, բոլորն էլ հիմնախնդիրներ ունեն, առանց հիմնախնդիրների կյանքը գոյություն ունենալ չի կարող։ Սակայն կան հիմնախնդիրներ, որոնք դյուրին հաղթահարելի են, մյուս կողմից՝ մարդկանց առջեւ ծառացած են այնպիսի հիմնարար հարցեր, օրինակ, ինչպիսին գործազրկությունն է։
- Քաղաքում շրջագայելու ժամանակ ունեցա՞ք։
- Ցավոք, ազատ ժամանակ որպես այդպիսին, չունեինք։ Ողջ օրը անցկացնում էինք եվրախորհրդարանում։ Անձրեւային եղանակներ էին, եւ քաղաքում շրջագայելու հնարավորություն չունեցանք։ Թեպետ, ինչ-որ բան տեսնել կարողացանք։ Եղանք Ստրասբուրգի մեծ տաճարում։ Ցավոք, ներս մտնել չկարողացանք, վերանորոգում էին։ Հատկանշական է, որ Եվրոպայում կյանքը լրիվությամբ համակարգված է, բոլորը գիտեն, թե երբ եւ ինչ է արվելու։ Նույնը կցանկանայի, որ լիներ նաեւ Վրաստանում։
- Ձեր կարծիքով, ի՞նչը կարելի է համարել Եվրոպայի բնորոշիչը։
- Նախ՝ Եվրոպան համատարած վիթխարի երկիր է։ Բոլորն ունեն իրենց պատմությունը, իրենց փորձը։ Շատ երկրներ դժվարին ճանապարհ են անցել, թեպետ կարողացել են առաջ ընթանալ, հասնել նրան, ինչ այսօր տեսնում ենք։
Ավելին, կարելի է ասել, որ, այսպես կոչված, խավար միջնադարում աշխարհի քարտեզի վրա կային երկրներ, որոնք Եվրոպայից շատ ավելի զարգացած էին, սակայն տեղի ունեցան ինչ-ինչ գործընթացներ, եւ Եվրոպան կտրուկ առաջընթաց ունեցավ։ Բոլոր տվյալներով, այն աշխարհում օրինակելի տարածաշրջան է՝ սկսած մարդու իրավունքների ոլորտից, ավարտած տնտեսական զարգացմամբ։ Այստեղ նշանակալից է մարդու, որպես քաղաքացի, դերը պետության զարգացման գործում, միաժամանակ, պետությունը պատասխանատու է նրա առջեւ, ինչը երկու կողմից էլ ընդունված սկզբունք է։ Դա դրական միտում է։ Այստեղ օրինակելի է նաեւ եվրոպական ժողովրդավարության մոդելը։
- Դուք հիշատակեցիք մարդու իրավունքների հարցը, ինչը իրոք հիմնախնդրային է Վրաստանում։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետությունը չի կարողանում ապահովել իր քաղաքացիների պաշտպանվածությունը։
- Վրաստանը, ընդհանուր առմամբ, կենսական մեծ փորձ ունի։ Բնականաբար, բոլոր քաղաքացիներին պետք է տրվի հիմնական իրավունքներից օգտվելու հնարավորություն։ Դա կվերաբերի թե՚ կրոնական ծիսակատարությանը, թե՚ ցանկացած այլ հարցի։ Գտնում եմ, որ տվյալ պարագայում մենք ընդհարվում ենք կոմպլեքսային հիմնախնդրի հետ։ Այս հիմնախնդիրը չի սահմանափակվում որեւէ հարցով, որը կարելի է լուծել, եւ դրանով ամեն ինչ ավարտել։ Հետեւաբար, պետության մոտեցումն էլ պետք է լինի կոմպլեքսային։
Դա վերաբերում է նաեւ քաղաքացիական զարգացմանը։ Այն դեպքում, երբ մարդու մոտ ծագում է զգացում, որ այլ մարդկանց կրոնական ծիսակատարությունները, այս կամ այն ձեւով վնաս են հասցնում իր կրոնին, այդ դեպքում մարդկանց պետք է պարզաբանել, որ դա այդպես չէ։ Եվ այդ ուղղությամբ պետք է գործեն ոչ միայն պետությունը, այլեւ այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնք շահագրգռված են այդ հարցում։
- Ձեր կարծիքով, ի՞նչ հիմանախնդիրներ են ծառացած Վրաստանում ազգային փոքրամասնությունների առջեւ, եւ Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը որքանո՞վ կնպաստի այդ հիմնախնդիրների կարգավորմանը։
- Խոսքը, առաջին հերթին, վերաբերում է պետական լեզվի իմացության հիմնախնդրին։ Բնականաբար, միայն լեզվի ուսուցումը չի վերացնի ազգային փոքրամասնություններին հուզող հիմնախնդիրները, սակայն դա նշանակալից հարց է։ Մի կողմից՝ պետք է լինի նաեւ ցանկություն, շարժառիթ, որ պետությունը բարելավի այդ մարդկանց կենսապայմանները, մյուս կողմից՝ այդ մարդիկ պետք է իրենք ունենան պետական լեզուն սովորելու ցանկություն։ Քաղաքացին պարտադիր կարգով պետք է իմանա պետական լեզուն, առավել եւս, եթե հավակնում է պետական կառույցներում աշխատանք ստանալուն։ Միաժամանակ, պետությունն ինքը պետք է հաշվի առնի քաղաքացիների ցանկությունը, որ կարողանա ցանկության դեպքում ուսուցանել նաեւ մայրենի լեզուն։
Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը Եվրամիության պահանջներից մեկն է։ Բնականաբար, այդ հարցում ինչ-ինչ ծրագրերով եվրոպական գործընկերները կօգնեն։ Այս ուղղությամբ աշխատում ենք նաեւ մենք, հաշվի առնում նրանց փորձը։ Ինտեգրման գործընթացը նշանակալից է ոչ միայն նրա համար, որ այն ինչ-որ մեկի պահանջն է, այլեւ նրա համար, որպեսզի այդ մարդկանց փորձը, ջանքերը, ունակությունները պետությունը կարողանա օգտագործել իր զարգացման համար։
- Վրաստանն իր կենսաձեւով, մշակույթով որքանո՞վ կարող է եվրոպական համարվել։
- Եվրամիության անդամ երկրները իրար նման չեն, եւ դրանց բնակիչներն էլ միմյանցից զգալիորեն տարբերվում են այնպես, ինչպես մենք։ Բնականաբար, մենք եվրոպական քաղաքակրթության մասն ենք, թեպետ ունենք մեր առանձնահատկությունները։
- Երբեմն լրատվամիջոցներում ակնարկներ են արվում Սամցխե-Ջավախեթիում առկա ինչ-ինչ լուրջ հիմնախնդիրների մասին։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։
- Պատմությունը ցույց է տվել, որ հայերն ու վրացիները հաճախ են համագործակցությամբ միմյանց փրկել։ Այն, որ այսօր գոյություն ունենք, դա մեր երկու ժողովուրդների փոխադարձ ծառայության շնորհիվ է։ Ինչ վերաբերում է Ջավախեթիի հիմնախնդրին, ապա ցավոք կան լրատվամիջոցներ, որոնք գտնում են, որ այս կամ այն, թեկուզեւ աննշան, թեմայի բարձրացմամբ ու սրությամբ, կարող են բարձրացնել իրենց վարկանիշը։ Ամիսներն այնպես են անցնում, որ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում տեղ գտած դրական իրադարձությունները լրատվամիջոցներում ընդհանրապես չեն լուսաբանվում, իսկ եթե տարածաշրջանն ինչ-որ կերպ հիշատակվում է, ապա միայն որեւէ հիմնախնդրի ենթատեքստով։ Արդյունքում՝ Վրաստանի մյուս երկրամասերում ապրող բնակիչների մոտ, երբ տեսնում են կամ կարդում միայն բացասական երեւույթների մասին, ծագում են բացասական զգացումներ։ Իսկ ինչ վերաբերում է հիմնախնդիրներին, ապա տարածաշրջանի բնակիչներին հուզում են նույն հարցերը, ինչ՝ ողջ Վրաստանին։ Թեպետ հիմնախնդիրների թվում կան նաեւ բացառիկները։ Մասնավորապես, պետական լեզվի իմացության ցածր մակարդակը, երկրի հասարակական կյանքին պակաս ներգրավվածությունը եւ այլն։ Սովորական մարդիկ են՝ սովորական ապրելաձեւով։ Նրանք սիրում են Վրաստանը, սիրում են իրենց հայրենի հողն ու ջուրը եւ ցանկանում են, որ իրենց երկիրը լինի զարգացած ու առաջադեմ, քանի որ դա անմիջականորեն կանդրադառնա իրենց կենսապայմանների վրա։ Նկատի ունեցեք նաեւ տեղեկատվության նվազ մակարդակը, հենց նույն լեզվի չիմացության պատճառով։
- Եվրոպական ո՞ր երկրում կցանկանայիք ապրել։
- Հիմա Քութայիսիում եմ եւ կարոտում եմ Թբիլիսի քաղաքին։ Շատ եմ կապված Թբիլիսիի հետ, այն իմ հարազատ քաղաքն է։ Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե եվրոպական որ երկրում կցանկանայի ապրել, թեպետ չեմ կարող ասել նաեւ, որ եվրոպական որեւէ երկիր ինձ դուր չի գալիս։
- Որքանո՞վ է հավանական Ռուսաստանի ակտիվացումը մինչեւ Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը։ Թեկուզ վերցնենք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները։
- Բնականաբար, սպառնալիքը բոլոր դեպքերում առկա է, թեպետ մեծ զգուշություն պետք է ցուցաբերենք եւ մեր գործողություններում լինենք հստակ։ Պետք է գործել այնպես, որ մեր թշնամիները չկարողանան օգտվել մեր իսկ սխալներից։
- Հայաստանը որոշեց անդամագրվել Մաքսային միությանը։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ նման որոշում չկայացրեց նաեւ Վրաստանը, դրանով իսկ կանխելու վերոնշյալ սպառնալիքները։
- Հայաստանն ունի իր ընտրությունը, իր արտաքին քաղաքական վեկտորները, իսկ Վրաստանն՝ իրենը։ Մեր ուղղությունը Եվրոպային մերձեցումն է, քանի որ դա երկրի բնակիչների ընտրությունն է։
- Երբ Եվրամիության Ասոցիացման համաձայնագրի տեքստը ներկայացվի խորհրդարանի վավերացմանը, Դուք կպաշտպանե՞ք այն։
- Անտարակույս, եւ համոզված եմ՝ ողջ խորհրդարանը։

ԳԻՎԻ ԱՎԱԼԻԱՆԻ