ԻՐԱԿԼԻ ՂԱՐԻԲԱՇՎԻԼԻ. «ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՐԱՆՑՎԵՑ ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹԻՎ»

Տպել

ՎՐԱՍՏԱՆԸ, ՈՒԿՐԱԻՆԱՆ ԵՎ ՄՈԼԴՈՎԱՆ ԴԱՐՁԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԱՍՈՑԻԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ

Հունիսի 27-ին Բրյուսելում կայացավ Վրաստանի Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրման արարողությունը։ Համաձայնագիրը ստորագրեցին. վրացական կողմից՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, Եվրամիության կողմից՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպիեն եւ եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզուն։

Փաստաթուղթն ստորագրեցին նաեւ Եվրամիության բոլոր 28 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները։
Վրաստանի հետ մեկտեղ, նման համաձայնագիր ստորագրվեց նաեւ Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ։ 
«Այսօր իմ հայրենիքի պատմության մեջ գրանցվում է նոր հիշարժան տարեթիվ։ Այսօր Վրաստանը վիթխարի քայլ կատարեց ազատ Եվրոպայի ուղղությամբ։ Այսօրվա առթիվ շնորհավորում եմ ողջ Վրաստանին։ Հենց այսօրվան հասնելու համար շատ սերունդներ զոհաբերեցին իրենց։ Ուրախ եմ, որ հենց իմ սերնդին բախտ վիճակվեց հասնելու մեր նախնիների այս երազանքին։ Այսօր Վրաստանին տրվում է պատմական հնարավորություն վերադառնալու իր բնական միջավայրին՝ Եվրոպային։ Միջավայր, որից մենք հարյուրավոր տարիներ արհեստականորեն անջատված էինք»,- իր ելույթում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքերով, հունիսի 27-ը բացառիկ ամսաթիվ է, քանզի մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ստացվեց այնպես, որ բոլորը հաստատակամորեն, ելնելով համընդհանուր համաձայնությունից եւ ընդհանուր արժեքներից, միացան քաղաքական եւ տնտեսական վիթխարի միությանը։ «Այսօր բացարձակապես նոր փուլ է սկսվում Վրաստանի եւ Եվրամիության միջեւ։ Այսօր սկսվեց այն ուղին, որը առավել խորացնելու եւ ամրացնելու է մեր հարաբերությունները»,- ընդգծեց վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլու խոսքերով, Վրաստանը հին պատմության եւ մշակույթի երկիր է, եւ այսօր այն իր բացառիկ մշակույթով, ավանդույթներով մուտք է գործում ազատ եւ ժողովրդավարական ազգերի եվրոպական միությունը, իր ավանդը ներդնում նրա բազմաբնույթ մշակույթի, խաղաղության եւ անվտանգության ամրապնդման գործում։
Վրաստանի վարչապետի ելույթից հետո, ստորագրման արարողությանը ելույթ ունեցան Հերման Վան Ռոմպիեն, Ժոզե Մանուել Բարոզուն։
Եվրոպական խորհրդի նախագահի խոսքերով, հունիսի 27-ը Եվրոպայի համար նշանակալից օր է։ Դիմելով Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայացուցիչներին՝ Եվրախորհրդի նախագահը նշեց, որ Եվրամիության եւ այդ երկրների միջեւ «հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների վրա»։ «Այս ստորագրման արարողությունը նշանակալից է, թեպետ մյուս կողմից հանդիսանում է նաեւ հաշվառման սկիզբը։ Դա վերջնական նպատակը չէ, այլ նպատակին հասնելու մեկնարկը»,- հայտարարեց Վան Ռոմպիեն։ Եվրախորհրդի նախագահի հավաստմամբ, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան կունենան Եվրամիության հետ անայցեգրային պայմանակարգ։ Դրանց էկոնոմիկան լրիվությամբ կինտեգրվի եվրոպական շուկայում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, ընդգծելով Ասոցիացման համաձայնագրի ստորագրման նշանակությունը, նշեց, որ համաձայնագիրը ստորագրած երկրներն ստանում են բարեփոխումների անցկացման եւ էկոնոմիկայի զարգացման հնարավորություն։ Միաժամանակ, Բարոզուն վստահեցրեց, որ Ասոցիացման համաձայնագիրը ոչ մեկի դեմ ուղղված չէ։