ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԿՐԹՕՋԱԽՆԵՐԸ ԿՈՒՆԵՆԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐ

Տպել

Նոր ուսումնական տարվա նորամուծություններից է այն, որ սեպտեմբերից  դպրոցներում կվերականգնվեն բժշկական կաբինետները։ Նախագիծը համատեղ իրականացնում են Վրաստանի կրության եւ առողջապահության նախարարությունները։

Ինչպես տեղեկացրին կրթության նախարարությունից, դպրոցական բժիշկները իրականացնելու են առողջապահության ամրանդման միջոցառումների ծրագրումը ու դրանց կատարումը, նպաստելու են քրոնիկական հիվանդությունների ու վնասվածքների, վարակիչ հիվանդությունների տարածման կանխմանը։ Ծնողներին ժամանակին տեղեկատվություն են փոխանցելու այս կամ այն հիվանդության կանխման եւ բուժման մասին։ Հանձնարարականներ են փոխանցելու դպրոցի տնօրինությանն ու դասղեկներին, երեխաների առողջապահական վիճակի մասին։ Ակտիվորեն ներգրավվելու են նաեւ հիվանդությունների կանխմանն ուղղված պատվաստումների իրականացման գործընթացին։
Սկզբում վերոնշյալ նախագիծը պիլոտային բնույթ է կրելու եւ այն Վրաստանի մասշտաբով իրականացվելու է 100 հանրակրթական դպրոցներում։
Կրթության նախարարության պարզաբանմամբ, արդեն նոր ուսումնական տարում կսկսվի Թբիլիսիում եւ տարածաշրջաններում գործող 100 դպրոցներում բժշկական կաբինետների կարգավորումը։ Հաջորդ փուլում նախագիծը կընդգրկի հանրակրթական մյուս կրթօջախները։
Դպրոցների բժշկական կաբինետները հագեցված կլինեն անհրաժեշտ գույքով, դեղորայքով եւ մյուս սարքավորումներով։ Նախագծի իրականացման նպատակով, կրթության նախարարությունը կատարելու է պիլոտային դպրոցների ընտրությունը, դրանք ապահովելու է ենթակառույցներով եւ նյութատեխնիկական համապատասխան բազայով։
Ինչ վերաբերում է դպրոցական բժիշկների ընտրությանն ու նախապատրաստմանը, ապա դա իրականացնելու է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
«Վերջին ամիսներին կրթության նախարարության հետ միասին, մենք մշակեցինք դպրոցների, բժիշկների եւ բուժքույրերի այսպես կոչված որակավորման չափորոշիչները։ Արդեն այսօր շատ բժիշկներ բավարարում են վերոնշյալ չափանիշներին եւ վերապատրաստման կարիք չունեն, թեպետ մտադիր ենք դպրոցական բժիշկներին վերապահել լրացուցիչ գործառույթներ, որոնք չեն սահմանափակվում միայն անհետաձգելի բժշկական օգնության ցուցաբերմամբ»,- հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեյենկոն։
Իր հերթին, հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն հայտարարեց, որ դպրոցական բժիշկները կընտրվեն մրցութային կարգով։ «Մրցույթին կմասնակցեն բժշկական որոշակի փորձ ունեցող եւ ներկայումս որպես ընտանեկան բժիշկներ աշխատող մասնագետները, մանկաբույժները, ովքեր ունեն համապատասխան հավաստագիր։ Բժիշկներին մրցութային կարգով համատեղ կընտրեն առողջապահության եւ կրթության նախարարությունները։ Սկզբնական փուլում մրցույթը հայտարարվել է պիլոտային 100 դպրոցների համար բժիշկների եւ բուժքույրերի ընտրության նպատակով։ Նախագծի հաջողության դեպքում, բնականաբար, մրցութային պայմաններն ու ընտրվող բժիշկների թիվը կփոխվի»,- հայտարարեց Ամիրան Գամղրելիձեն։
Անդրադառնալով դպրոցական բժիշկներին վերապահվող գործառույթների թեմային, հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի տնօրենը նշեց, որ դպրոցական բժիշկներին կվերապահվեն ինչպես անհետաձգելի օգնության ցուցաբերում, այնպես էլ՝ հանրակրթական որոշակի գործառույթներ։ Մասնավորապես, բժիշկը ծրագրելու եւ իրականացնելու է առանձին հիվանդությունների դեմ պատվաստումների գործընթացը, ապահովելու է պատվաստման գործընթացի բոլոր աշակերտների ներգրավումը։ Դպրոցական բժիշկը ապահովելու է նաեւ դպրոցներում հիգիենայի եւ սանիտարական նորմերի պահպանումը»,- հայտարարեց Ամիրան Գամղրելիձեն։»

ԱՐԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ