ՄՇԱԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՆՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՄՆԱԼ 90 ՕՐ

Վրաստանում սեպտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական դրության մասին» նոր օրենքը:

Այդ մասին հուլիսի 25-ին Թբիլիսիում հայտնեց Վրաստանի արտաքին գործերի նախարարության  հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Գիորգի Տաբատաձեն:
«Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք վերաբերում են բոլոր օտարերկրացիներին՝ այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանն ունի անայցագիր եւ այցագրային ռեժիմ: Մշակված Է Վրաստանում գտնվելու միասնական համակարգ»,- հայտարարեց Տաբատաձեն:
Մասնավորապես, Վրաստանը կտրամադրի 180-օրյա բազմակի օգտագործման այցագրեր՝ երկրում 90 օր գտնվելու իրավունքով: Նույն այդ սկզբունքը, Տաբատաձեի խոսքով, գործում Է Շենգենյան գոտում:
Ուսումնառության, աշխատելու կամ ընտանիքների վերամիավորման նպատակով Վրաստան ժամանել ցանկացող օտարերկրացիները պարտավոր կլինեն համապատասխան այցագիր ստանալ իրենց երկրում Վրաստանի դեսպանությունում:
Տաբատաձեի խոսքով՝ Վրաստանում անայցագիր ռեժիմ Է գործում եվրոպական երկրների, ՆԱՏՕ-ի եւ ԱՊՀ-ի անդամ երկրների, ինչպես նաեւ այն երկրների քաղաքացիների համար, որոնք «Վրաստանի կարեւոր գործընկերներն են, եւ որոնց հետո ձեւակերպված են երկկողմ ու բազմակողմ համաձայնագրեր»: Այդ երկրների քաղաքացիներն առանց այցագրերի Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր:
Առ այսօր գործող օրենքի համաձայն, առանց այցագրերի Վրաստանում օտարերկրյա քաղաքացիների գտնվելու առավելագույն ժամկետը 360 օր Է։
Սեպտեմբերի մեկից օրենքի ուժ ստացող արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար վիզային ռեժիմի նոր կարգը առնչվում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Այդ երկրների թվում է նաեւ Հայաստանը եւ առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում 90 օր:
Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գրիգոր Տաբատաձեն նշեց, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որեւէ պետության կամ որեւէ օտարերկրացու դեմ:
Կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ: «Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների եւ օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ` սխալ է»,- ասաց Տաբատաձեն` հավելելով, որ գոյություն ունի ձեւաչափ, որի համաձայն օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:
Ըստ Տաբատաձեի, սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձեւաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- ասաց նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար եւ ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:
«Դա երկարաժամկետ այցերի համար է, իսկ կարճաժամկետ այցելությունների համար կգործի նախկին ռեժիմը, երբ Վրաստան կարելի է այցելել առանց վիզայի»,- ասաց Տաբատաձեն` հավելելով, որ Կեցության իրավունքն իր հերթին կարող է լինել ժամանակավոր (1-ից մինչեւ 6 տարի) եւ մշտական: