ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹԱՅԻՆ ՈԼՈՐՏ

Տպել

Գյուղատնտեսության զարգացումը մնում է Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթությունը, ինչի երաշխիքը հստակ ագրարային քաղաքականությունն է եւ գյուղատնտեսական ոլորտի ֆինանսական ռեսուրսների զգալի աճը։

Վրաստանի նորանշանակ կառավարության հաստատման ժամանակ խորհրդարանը միաժամանակ վստահության քվե հանձնեց կառավարության կողմից ներկայացված «Հզոր, ժողովրդավարական եւ միասնական Վրաստանի համար» ծրագրին։ Ծրագրում նշված է, որ կառավարության ագրարային քաղաքականության իրականացման շրջանակներում կարգավորվելու են նաեւ հողի օգտագործման հետ կապված հարցերը։ «Այդ ուղղությամբ աջակցություն կցուցաբերվի գյուղատնտեսական հողերի շուկայի զարգացմանը, կստեղծվի ֆերմերների ռեեստր, գյուղատնտեսական ոլորտը կապահովվի սպասարկմամբ եւ հումքով, կուժեղացվի եւ կզարգացվի վարկային եւ լիզինգային գյուղատնտեսական համակարգը, փոքր եւ միջին ֆերմերները կապահովվեն մատչելի դրամական միջոցներով։ Ագրարային հատվածում կաճի արտադրողականությունը, եկամտաբերությունն ու մրցունակությունը, կաճեն գյուղատնտեսական արտադրությունից ստացվող եկամուտները»,- ասված է խորհրդարանի կողմից հավանության արժանացած ծրագրում։
Կառավարության հավաստմամբ, արդեն սկսվել է ագրարային կրթության եւ գիտության արդի համակարգի հիմնումը եւ այն աստիճանաբար կուժեղանա ու կզարգացվի։
«Վրացական արտադրանքը կվերադարձվի ներքին շուկա եւ Վրաստանն արժանվույն տեղ կզբաղեցնի միջազգային շուկայում։ Կիրականացվի տարածաշրջաններում բիզնես-միջավայրի առողջացումն ու խրախուսումը, տարածաշրջաններում քայլեր կձեռնարկվեն բնակչության կենսամակարդակի բարձրացման, պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ։ Կշարունակվի տարածաշրջանային եւ գյուղատնտեսական ենթակառույցների զարգացումը»,- ասված է փաստաթղթում։
Կառավարության հավաստմամբ, վերոնշյալ ծրագրով նախատեսված քաղաքականության իրականացման արդյունքում առաջիկա տարիներին ագրոարտադրական հատվածում կստեղծվեն մի քանի հազար աշխատատեղեր, կբարելավվի ինքնազբաղվածությունը, մարդկանց եկամուտները զգալիորեն կգերազանցեն կենսական նվազագույնը եւ կնվազի գործազրկության մակարդակը։
Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորման աղբյուրը կլինեն պետական բյուջեն, առանձին երկիր-դոնորների ու միջազգային կազմակերպությունների, տեղական եւ օտարերկրյա մասնավոր ներդրումների հաշվին ստացվող վարկերն ու գրանտները։ Ֆինանսավորման ոլորտում, ի հաշիվ ֆինանսավորման մյուս տեսակների նվազեցման, աստիճանաբար կմեծանա մասնավոր ներդրումների բաժինը։