ԳՐԱՆՏԱՅԻՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՐ

Տպել

Եվրամիությունը գրանտային նոր ծրագիր է սկսում բոլոր նրանց համար, ովքեր գյուղերում, գյուղատնտեսությունից բացի, մտադիր են զբաղվել այլ գործարարությամբ։ Դա Եվրոպայի հարեւանության ծրագրի՝ «Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման համար» (ENPARD) նախագծի նոր տարրն է։ Եթե նախկինում ծրագրի համաձայն, նպատակը գյուղի վերածննդի աջակցությունն էր, ապա ներկայումս ջանքերը նպատակաուղղվելու են այլ ուղղություններով։

Մասնավորապես, ագրոարդյունաբերությունից բացի, գրանտներ կտրվեն գյուղում գործարարության տարբեր տեսակների զարգացման համար։ Մասնավորապես խոսքը վերաբերում է ագրոզբոսաշրջությանը, ինչը տեղում կնպաստի էկոնոմիկայի զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը։ Միաժամանակ, առանձնակի ընդգծվում է գյուղական կոոպերատիվների հիմնման անհրաժեշտությունը։ Թեպետ, նորաստեղծ կոոպերատիվների համար մշակված են այլ ծրագրեր։ Նրանց համար Եվրամիության ծրագրով հատկացվում է լրացուցիչ ֆինանսավորում եւ դրա անդամների համար կազմակերպվում են հատուկ դասընթացներ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի հարեւանության ծրագրի՝ «Գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման համար» (ENPARD) նախագիծը մեկնարկել է անցյալ տարի եւ ուղղված է Վրաստանում պարենի արտադրության աճին եւ գյուղում աղքատության նվազեցմանը։ Նախագիծը ծրագրված է երեք տարի ժամկետով եւ այն իրականացնում է Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը՝ ճյուղային մյուս նախարարությունների եւ գյուղատնտեսական սպասարկման կենտրոնների հետ։ ENPARD-ի Վրաստան նախագծի հնարավոր արդյունքներն են փոքր ֆերմերների միջեւ համագործակցության խորացումը, գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կազմակերպությունների գործառույթների բարելավումը, աջակցությունը գյուղատնտեսության ազգային ռազմավարության իրականացմանը։ Նախագծի բյուջեն կազմում է 40 միլիոն եվրո, որը ներառում է բյուջետային նպաստները, գրանտները, Վրաստանի կառավարությանը հատկացվող տեխնիկական օգնությունը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների համաֆինանսավորմամբ նոր նախագծերի իրականացումը։
Հատկանշական է, որ Եվրամիության նոր նախագիծը գլխավորապես ուղղված է աղքատության շեմի նվազեցմանը։ Դրանով է պայմանավորված նախագծի գործունեության շրջանակների ընդլայնումը եւ դրանում նոր բաղադրիչների ներառումը։ Ներկայումս ծրագիրն ուղղված է ոչ միայն գյուղատնտեսական գործարարության զարգացմանը, այլեւ՝ գործարարության մյուս տեսակների հիմնմանը, ինչը կնպաստի Վրաստանի, մասնավորապես գյուղական էկոնոմիկայի զարգացմանը։ Ինչպես հայտնի է, երկրի բնակչության կեսից ավելին ապրում է գյուղերում։ Ագրարային երկիր լինելով հանդերձ, Վրաստանի ՀՆԱ-ում գյուղատնտեսական արտադրանքը կազմում է ընդամենը 8 տոկոս։ Հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Եվրամիությունը ներկայումս զարկ է տալիս գյուղում գործարարության մյուս տեսակների զարգացմանը, ինչը հեռանկարային է եւ առաջիկայում լուրջ ազդեցություն կգործի տնտեսական առաջընթացի վրա։