ՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՅԼԵՐ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՑՄԱՆԸ

Տպել

Օգոստոսի 22-ին Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ։

Հայաստանի ԱԺ նախագահը հայ-վրացական հարաբերությունների զարգացման գործում կարեւորեց Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների դերը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում:
Ըստ ԱԺ նախագահի՝ երկու երկրները պետք է ավելի ակտիվ համագործակցեն, նախագծեն ու իրականացնեն համատեղ նոր ծրագրեր: Անդրադառնալով հայ-վրացական բազմադարյան բարեկամությանը՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ հաջորդ տարի լրանում է Հայոց ցեղասպանության ոգեկոչման հարյուրամյա տարելիցը, եւ պատմության դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդին, այլ վերաբերում են նաեւ մյուս ժողովուրդներին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշեց, որ վրացական պատվիրակության այցի նպատակն է առավել զարգացնել հարեւան երկրի հետ բարիդրացիական հարաբերությունները եւ նպաստել տնտեսական, մշակութային կապերի ամրապնդմանը: Նա կարեւորեց Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության խորացմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: