ԻԼԻԱ ՍԱԲԱՁԵ. «ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ ԾԱԼԿԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է»

Տպել

Սեպտեմբերի 15-ին, Ծալկայի մունիցիպալիտետում, նոր ուսումնական տարվա մեկնարկը կտրվի 31 հանրային դպրոցներում, որոնցից 19-ը վրացական են, 10-ը՝ հայկական եւ 2-ը՝ ադրբեջանական։

Թե ինչպես են շրջանի հանրային կրթօջախները նախապատրաստվել նոր ուսումնական տարվա համար, ինչ աշխատանքներ են իրականացվել դպրոցներում եւ, ընդհանրապես, կրթական ոլորտի հարցերով շրջանի ղեկավարության գործունեության մասին մեր հարցերին պատասխանում է Ծալկայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Իլիա Սաբաձեն։
- Բատոնո Իլիա, նախ ընդհանուր առմամբ բնութագրեք՝ ի՞նչ աշխատանքներ են տարվել մունիցիպալիտետի հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին  կազմակերպված սկսելու համար։
- Հիշեցման կարգով նշեմ, որ մեր մունիցիպալիտետում գործում է 31 հանրային դպրոց։ Նոր ուսումնական տարին վերոնշյալ դպրոցներից 11-ը կդիմավորեն վերանորոգված շենքերում։ Այսպես, Արսարվան, Բեդիանի եւ Բուռնաշեթ գյուղերի դպրոցները վերանորոգվել են Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության ծրագրով, Դարագյուղ, Գանթիադի, Սաղդրիանի, Նարդեւան եւ Ղուշչի գյուղերի դպրոցների վերանորոգումն իրականացվել է «Տեղի բնակչության զարգացման նախաձեռնության» ծրագրով, իսկ Դաշբաշ, Չիֆթքիլիսա եւ Խանդո գյուղերի կրթօջախների վերանորոգումն իրականացվել է տեղական միջոցների հաշվին։ Մասնակի վերանորոգումներ են կատարվել նաեւ մունիցիպալիտետի մյուս դպրոցներում։
- Եկեք առավել մանրամասն կանգ առնենք մունիցիպալիտետի հայկական դպրոցների հարցին։
- Ինչպես նշեցի, մունիցիպալիտետում գործում է 31 հանրային դպրոց, որից 10-ը հայկական են։ Նոր ուսումնական տարվա համար վերանորոգման աշխատանքներ են տարվել Ղուշչիի, Նարդեւանի, Չիֆթքիլիսայի, Դարագյուղի, Բուռնաշեթի եւ Դաշբաշի դպրոցներում։ Նշեմ, որ շրջանի բոլոր հայկական դպրոցներում բացվում են առաջին դասարաններ։ Նոր ուսումնական տարվա համար մունիցիպալիտետում գրանցվել է ընդհանուր առմամբ 239 առաջին դասարանցի, որից 77-ը կհաճախեն հայկական դպրոցներ։ Մունիցիպալիտետի ղեկավարությունը, Վրաստանի կրթության եւ գիտության աջակցությամբ, մեծ ուշադրություն է հատկացնում ոչ վրացալեզու դպրոցներում պետական լեզվի դասավանդման մակարդակի բարձրացման հարցին։ Ուրախությամբ նշում եմ, որ գործադրած ջանքերը նկատելի արդյունքներ են տալիս։ Մասնավորապես, անցյալ տարի մունիցիպալիտետի ոչ վրացալեզու դպրոցների 40-ից ավելի աշակերտներ մասնակցեցին «Գալաքտիոն» մրցույթին։ Մեր երեխաների մի մասն արժանացավ գովասանագրերի, իսկ Օզնիի հանրային դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հանեսյանն արժանացավ նաեւ դիպլոմների։
Ինչ վերաբերում է սեպտեմբերի 15-ին մեկնարկող նոր ուսումնական տարվան, ապա մունիցիպալիտետի դպրոցների բոլոր առաջին դասարանցիները առանց բացառության կստանան համակարգիչներ։ Բոլոր երեխաները նույն օրը կստանան անվճար դասագրքեր։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նոր ուսումնական տարվա առթիվ շնորհավորել մեր երեխաներին, ծնողներին, բոլոր մանկավարժներին։ Մաղթել հաջողություններ եւ հավաստիացնել, որ շրջանի ղեկավարությունը մշտապես հոգ կտանի կրթական ոլորտի կատարելագործման, մանկավարժների գործունեության արդյունավետության ապահովման ուղղությամբ։