ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՏՈՆ

Տպել

Հոկտեմբերի 25-26-ին Վրաստանի մայրաքաղաքը տոնեց ավանդական «Թբիլիսոբան»։ 35-ամյա պատմություն ունեցող այդ տոնին մայրաքաղաքը ներկայացնում է ոչ միայն քաղաքի, այլեւ երկրի տարածաշրջանների ձեռքբերումները, Վրաստանի ողջ բնակչության նվաճումները։ Այդ առումով բացառություն չկազմեց նաեւ 2014 թվականի «Թբիլիսոբան»։

«Թբիլիսոբա- 2014»-ը մեկնարկեց Թբիլիսիի սակրեբուլոյի վերանորոգված շենքի բացմամբ։ Պատմական նորացված շենքի բացման արարողությանը մասնակից Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տոնի առթիվ շնորհավորեց բոլոր թբիլիսցիներին եւ քաղաքի հյուրերին։
Վերականգնված շենքի արարողությանը ներկա էին նաեւ Վրաստանի կառավարության անդամներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ։
Տոնի շրջանակներում, Թբիլիսիում բացվեց ավտոթանգարան, անցկացվեց «Արվեստի կամուրջ» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Եվրոպական ավելի քան 20 երկրներից ստացված լուսանկարներն ու տեսահոլովակները։
Ներկայիս «Թբիլիսոբայի» բացառությունը Ռիղեում «Գինու ավանի» կազմակերպումն էր։ «Գինու ավանի» բացումն անցկացվեց խորհրդանշական բանալիով, որն այնուհետեւ փոխանցվեց Թբիլիսիի քաղաքապետին։
«Թբիլիսոբա-2014»-ի շրջանակներում անցկացվեց Թբիլիսիի «Պատվավոր քաղաքացի» կոչման պարգեւատրման ավանդական արարողությունը։ Ընթացիկ «Թբիլիսոբային» Թբիլիսիի «Պատվավոր քաղաքացի» տիտղոս շնորհվեց ճարտարապետ Լամարա Աբաշիձեին, դիրիժոր Անզոր Էրքոմաիշվիլուն, կոմպոզիտոր Գուրամ Բզվանելուն, դերասան Կախի Կավսաձեին, գրող Բաչանա Բրեգվաձեին, գիտությունների դոկտոր Իվա Բերաձեին, «Քարթուլի խմբի» համույթի մենակատար Գիորգի Չիրիկաձեին, գիտնական Գիվի Ղամբաշիձեին։
Ընթացիկ «Թբիլիսոբային» Թբիլիսիի «Պատվավոր քաղաքացի» տիտղոսին արժանացան նաեւ Վրաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Նորլանդը եւ Իսրայելի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուվալ Ֆուկսը։
Ի տարբերություն նախորդ տոների, ներկայիս «Թբիլիսոբայի» նորամուծություններից էր «Թբիլիսիի մասին հոգացողի» կոչման սահմանումը։ Ինչպես հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան, «դրանով ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ավանդ են ներդնում Թբիլիսիի զարգացման գործում»։
«Թբիլիսիի մասին հոգացողի» տիտղոսի առաջին դափնեկիրները դարձան Հանրային հեռուստատեսության գլխավոր տնօրենի տեղակալ Թամազ Տղեմալաձեն, ճարտարապետ Գիորգի Գիորգաձեն, «Էներգակապ» ԲԸ դիտորդական խորհրդի նախագահ Թեմուր Գոցիրիձեն, լրագրող Դեմիկո Լոլաձեն, Վրաստանի վաստակավոր ինժեներ Ագուլի Սոխաձեն, մանկաբույժ Քարաման Փաղավան, արվեստի վաստակավոր գործիչ Վասիլի Կիկնաձեն, ավտոբուսի միակ կին վարորդ Մարգարիտա Նարոուշվիլին եւ Ջաբա Արաբովը, որը շուրջ 40 տարի է, ինչ աշխատում է որպես դռնապան։ Օտարերկրացիներից պատվավոր կոչմանն արժանացավ Բրիստոլի նախկին քաղաքապետ, Վրաստանի եւ Թբիլիսիի մեծ բարեկամ Դերեկ Պիկսը։