ԱԶՆԻՎ ՁԳՏՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀ

Տպել

Այս օրերին Արսեն Կարապետյանը կդառնար 100 տարեկան։ Այս անուն-ազգանունը Ախալքալաքիի շրջանում տասնյակ տարիներ, մինչեւ նրա մահը եւ մահից հետո, քաջածանոթ է գրեթե բոլորին, եւ, իհարկե, նաեւ շրջանից դուրս՝ Թբիլիսիում, Երեւանում…

Իր ժամանակների վաստակավոր մանկավարժ, հասարակական գործիչ Արսեն Կարապետյանի կյանքի ուղին ազնիվ ձգտումների լուսավոր ճանապարհ էր։ Այդ մասին է վկայում թեկուզ նրա ինքնակենսագրության շարադրանքը, իր մարդկային նկարագրի, թերեւս, ամենախոսուն ապացույցներից մեկը, ուր հաճելի զարմանքով, ամեն պահ բախվում ենք ժամանակի ու գործողության ճշգրիտ եւ հետեւողական մանրամասների, որը ոչ այլ ինչ է, քան ազնվաբարո հաշվետվություն՝ իր նիստ ու կացի, իր արարքների, իր նպատակների ու կատարած աշխատանքների մասին։ Սեփական անձի եւ իրականության միջեւ սահմանված փոխհարաբերությանը վերին աստիճանի բարեխիղճ մոտեցող մարդը միայն կարող էր այդքան բարեխղճությամբ անդրադառնալ իր անցած ճանապարհին։ 
…Արսեն Ֆեոդորի Կարապետյանը ծնվել է 1914թ., Վրաստանի Ախալքալաքիի շրջանի Կոթելիա գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի տարրական դպրոցում, ապա՝ ուսումնառել Ախալքալաքիի յոթամյա դպրոցում, որը չավարտած՝ որպես լավագույն աշակերտ, նշանակվել է հարազատ գյուղի, այսպես կոչված, «Լիկվիդացիոն դպրոցի» ուսուցիչ։
Ուսման ծարավը, այնուհետեւ, նրան նախ դարձնում է Թբիլիսիի Պատանեկան կոմբինատներից մեկի աշակերտ, ապա բերում Ախալքալաքիի միջնակարգ «Ինտերնացիոնալ դպրոց», որն ավարտում է գերազանց առաջադիմությամբ եւ 1937-ի սեպտեմբերից դառնում այն օրերին Ստալինի անունը կրող Թբիլիսիի պետական համալսարանի (այսօր՝ Ի.Ջավախիշվիլու անվան պետական համալսարան¤ արեւելյան լեզուների ֆակուլտետի ուսանող։ Ընտանեկան անապահով պայմանները երիտասարդին ստիպում են մեկ տարի անց տեղափոխվել համալսարանի հեռակա բաժնի վրաց լեզվի եւ գրականության ֆակուլտետ, որն ավարտում է 1941-ին։
1938-1939 թթ.աշխատել է Ախալքալաքիում այն ժամանակ գործող մանկավարժական ուսումնարանի հայկական բաժանմունքի վրաց լեզվի եւ գրականության ուսուցիչ, ապա՝ «Ինտերնացիոնալ դպրոցի» ուսմասվար, իսկ 1939-1941թթ.՝ ծննդավայր Կոթելիայի վրացական դպրոցի ուսմասվար։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մարտնչել է խորհրդային բանակի շարքերում։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945-1951 թթ., եղել է Ախալքալաքիի շրջանի ժողկրթբաժվարը, 1956-ից մինչեւ կենսաթոշակի անցնելը՝ 1974թ., զբաղեցրել է Ախալքալաքիի վրացական դպրոցի տնօրենի պաշտոնը։
Արսեն Կարապետյան մտավորականի աշխատանքային հարուստ ու բովանդակալից տարեգրության անբաժանելի մասը նրա հասարակական գործունեությունն է։ 1960թ.-ից նա ղեկավարել է հանրապետության մանկավարժական եւ պատմական միությունների շրջանային բաժինը։
Արսեն Կարապետյանն արժանացել է ԽՍՀՄ մի շարք զինվորական ու քաղաքացիական բարձր պարգեւների, «Ժողովրդական կրթության առաջադիմության» կրծքանշանի, ստացել՝ Վրաստանի ԽՍՀ դպրոցի վաստակավոր մանկավարժի կոչում։ Համբավավոր մանկավարժն ունեցել է նաեւ գրական նախասիրություններ։
Արսեն Կարապետյանը մահացել է 1995 թվականի նոյեմբերի 15-ին, 81 տարեկան հասակում։
Ասենք, որ նա ուներ հիանալի ընտանիք, եւ նրա որդիները եւս այսօր Ախալքալաքիում ճանաչված ու հարգված մարդիկ են. Նարցիսը տեղի ռեսուրս-կենտրոնի պետն է, Թամազը՝ Վրաստանի բնապահպանության նախարարության Սամցխե-Ջավախեթիի ազգային արգելանոցի տնօրենը, իսկ դուստրերը՝ Զեմֆիրան եւ Գյուլնարան, վրաց լեզվի ճանաչված ուսուցչուհիներ են։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ