ՇՆՈՐՀԻՎ ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ, ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԵՎ «ՎԵԻԱ»-Ի , ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Տպել

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձանց ընդհանուր կրթության համար ուսման վարձը կվճարի պետությունը։ Համապատասխան փոփոխությունն արդեն կատարվում է Վրաստանի ընդհանուր կրթության մասին օրենքում այն բանից հետո, երբ Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը հակասահմանադրական է ճանաչվել օրենքի այն նորմը, որի համաձայն, պետությունը ֆինանսական պատասխանատվություն չի կրում օտարերկրյա քաղաքացիների կրթության համար։ Վերոնշյալ օրենսդրական փոփոխության առաջադրման նախաձեռնությունը պատկանում է «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային»։

Նախ մի քանի խոսք՝ վեճի առարկա հանդիսացող որոշման մասին։ Դեռեւս 2010 թվականի ապրիլի 20-ին ընդունվեց «Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքը, ըստ որի, սկսած 2010-2011 ուստարվանից պետությունը չի վճարելու հանրակրթական դպրոցներում այն աշակերտների ուսման վարձը, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ են, եւ աշակերտներն իրենք պետք է մուծեն ուսման համար նախատեսված վաուչերի արժեքը։ Եթե աշակերտը չէր վճարում ուսման վարձը, ապա նրա՝ աշակերտի կարգավիճակը կանգնեցվում էր, թեպետ նա՝ որպես ազատ ունկնդիր, կարող էր ներկա գտնվել դասերին։

Օրենքի ընդունումը դժգոհության ալիք առաջացրեց առանձնապես ազգային փոքրամասնություններով հոծաբնակ տարածաշրջաններում, որտեղ տեղացիները տարբեր պատճառներով դարձել էին այլ երկրների քաղաքացիներ։ Մասնավորապես՝ Ջավախեթիում, Թբիլիսիում, Բաթումիում, այլուր։ Ծնողները հավաքվում, բողոքում եւ պահանջում էին վերջ դնել խտրականությանը։ Հենց այդ ժամանակ էլ ծագեց համապատասխան հայտով բողոք ներկայացնելու գաղափարը։ Արդյունքում՝ ախալքալաքցի շուրջ 40 ծնող դիմեց Վրաստանի ժողովրդական պաշտպանի Ախալքալաքիի գրասենյակ, Սամցխե-Ջավախեթիում ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Արմեն Մարանգյոզյանին։
Արմեն Մարանգյոզյան. «Մենք քննարկման հիմք ընդունելով ծնողների դիմումը՝ դիմեցինք Վրաստանի կրթության նախարարությանը, որպեսզի վերջինս հիմնախնդիրը լուծի հօգուտ օտարերկրյա աշակերտների, քանի որ ծնողներից շատերը ի վիճակի չէին վճարել ուսման վարձը, իսկ առանձին ընտանիքներում կար 3-ական աշակերտ։ Ստացանք պատասխան, որ 2010-2011 թվականներին ուսման վարձի վճարումը ժամանակավորապես դադարեցվում է մինչեւ վերջնական որոշման ընդունումը։ Երեխաները ժամանակավորապես ազատվեցին ուսման վարձից։ Թեպետ, 2011 թվականին ծնողներին կրկին ստիպեցին վճարել ուսման վարձը։ Դրանով մեր գրասենյակը ավարտեց իր գործառույթը, քանի որ դա օրենքի պահանջն էր, սակայն սահմանադրական հակասությունը ավելի քան ակնհայտ էր, եւ որոշեցինք դիմել «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային», որպեսզի նրանք պաշտպանեն ախալքալաքցի երեխաների շահերը»։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Գիորգի Գոցիրիձեն, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող երեխաների ուսման վարձի հարցի կարգավորման խնդրանքով իրենց դիմել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչ Արմեն Մարանգյոզյանը։
Գիորգի Գոցիրիձե. «Հարցի ուսումնասիրությունը ակնհայտորեն բացահայտեց Վրաստանի քաղաքացի չհանդիսացող երեխայի կրթություն ստանալու իրավունքը վավերացնող երկրի սահմանադրության 35-րդ հոդվածի եւ գործադիր իշխանության կողմից օտարերկրացի աշակերտներին ուսման վարձի վճարման պարտադրման մասին որոշման հակադրությունը։ 2012 թվականին Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող հինգ աշակերտների (Հ. եւ Ռ. Դարբինյաններ, Ս. Ժամկոչյան, Մ. եւ Լ. Բարսեղյաններ) ծնողների համաձայնությամբ եւ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ժողովրդական պաշտպանի ներկայացուցչի օգնությամբ, հայտը համապատասխան ձեւակերպելուց, պահանջը օրենսդրականորեն հիմնավորելուց հետո, սեպտեմբերի 19-ին մեր ասոցիացիան ներկայացրեց Վրաստանի Սահմանադրական դատարանին։ Մենք հանդես եկանք հայցվոր այդ աշակերտների շահերի պաշտպանությամբ»։
Եվ Վրաստանի Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով օրենքով նախատեսված ժամկետներն ու հարցի հրատապությունը, քննարկելով հայտը, ընթացիկ տարվա սեպտեմբերին ընդունեց որոշում, ըստ որի, Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են հանրակրթական դպրոցներում ուսման վարձից։ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ կարգավորեց այն հիմնախնդիրը, որը դեռեւս 2010 թվականից անհանգստացնում էր երկրի շատ բնակիչների։
Խորհրդարանին ներկայացված նախագծի համաձայն, ընդհանուր 12-ամյա կրթության պետական ֆինանսավորումը կտարածվի ոչ միայն Վրաստանի քաղաքացիների, այլեւ ինչպես արտասահմանում բնակվող հայրենակիցների, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիություն եւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա։
Փաստորեն, ախալքալաքցի հինգ աշակերտի շնորհիվ, Վրաստանի դպրոցներում սովորող օտարերկրացի բոլոր աշակերտները ազատվեցին ուսման վարձի վճարումից։
«Դա իրականում ցավալի խնդիր էր, մեզ հետ զրույցում ասաց ծնող Վանիկ Ժամկոչյանը։- Սկզբում, երբ փորձում էինք ձեւակերպել մեր դիմում-բողոքը, այն ստորագրելու պատրաստակամություն էր հայտնում շուրջ 40 ծնող, թեպետ վերջում հայտը ստորագրեց ընդամենը հինգ հոգի։ Մարդիկ ուղղակի չէին հավատում, որ կարող ենք որեւէ բանի հասնել։ Այդպես էլ ասում էին, իզուր չարչարվում ենք, միեւնույն է, ոչինչ չի ստացվի»։
«Կոնկրետ իմ ընտանիքի համար դժվար էր մուծել երեխաների ուսման վարձը։ Երկու երեխաս հաճախում են դպրոց, վարձը ընդհանուր առմամբ կազմում էր 700-800 լարի։ Դա մեր ընտանիքի համար պատկառելի գումար է,- ասում է ծնող Գարիկ Դարբինյանը։-Ուղղակի ցավալի էր տեսնել, թե ինչպես էին երեխաներին փողը չվճարելու համար դասերից հանում, տուն ուղարկում։ Բնականաբար, առանց տատանման ստորագրեցի հայտը»։
«Խորին շնորհակալություն եմ հայտնում ախալքալաքցիներին եւ «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիային»,- մեզ հետ զրույցում ասաց Հայաստանի քաղաքացի, ընտանեկան պայմաններից ելնելով արդեն հինգերորդ տարին Թբիլիսիում ապրող եւ աշխատող Աննա Մաթեւոսյանը, ում երկու երեխաները սովորում են թբիլիսյան դպրոցում։- Նրանք ապացուցեցին, որ առանց ավելորդ աղմուկի, առանց հանրահավաքների ու ցույցերի, միայն քաղաքակիրթ մեթոդներով հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։ Վերոնշյալ որոշումը նշանակալի տնտեսում է մեր ընտանեկան բյուջեի համար»։
«Իրոք, երբ մենք լրացնում էինք հայտը, 40 ծնողներից մնացին մի քանիսը, այսինքն՝ շատերը չհավատացին արդյունքի հասնելու հնարավորությանը։ Մեզանում սովորական է դարձել, ասում են՝ օրենք է եւ վերջ։ Թեպետ, ինչպես պարզվեց, շատերը հստակ պատկերացում չունեն օրենքների, դրանց բողոքարկման, օրենքի շրջանակներում հայտը ներկայացնելու կարգի եւ այլնի մասին։ Տվյալ պարագայում դրան նպաստում է նաեւ պետական լեզվի թյուր իմացության կամ ընդհանրապես չիմացության հանգամանքը։ Ճիշտ է, քննարկումները տեւական էին, սակայն արդյունքը գոհացուցիչ էր»,- հայտարարեց Արմեն Մարանգյոզյանը։
«Թեպետ հարցը դրական լուծում է ստացել, սակայն դեռեւս առկա է ոչ նվազ նշանակության հիմնախնդիր։ Հարցը նրանում է, որ դեռեւս չի հստակեցվել այն նորմը, ըստ որի, երեխաներին վերադարձվելու է աշակերտի կարգավիճակը։ Նշանակալից է եւս մի հանգամանք. կառավարության վերոնշյալ որոշումից հետո անցած 3-4 տարիների ընթացքում այդ երեխաները դասերին հաճախում էին ազատ ունկնդրի կարգավիճակով, առաջադրանքներ չէին ստանում, դասերը չէին պատասխանում, ուստիեւ նրանց գիտելիքները չէին գնահատվում, քննությունները չէին հանձնում, հետեւաբար ծագում է հարց՝ ինչպես է կարգավորվելու այդ երեխաների՝ ըստ դասարանների ուսումը շարունակելու խնդիրը։ Մեր համոզմամբ, դա նշանակալից հարց է եւ կրթության նախարարությունը շտապ միջոցներ պետք է ձեռնարկի դրա կարգավորման ուղղությամբ»,- ընդգծեց «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչ Գիորգի Գոցիրիձեն։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ