ՀԵՏԱՁԳՎԵՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԱՎՏՈԱՊԱՀՈՎԱԳՐՈՒՄԸ

Տպել

Պարտադիր ավտոապահովագրումը անորոշ ժամանակով հետաձգվել է։ Որոշ ենթադրություններով, գործընթացը կիրականացվի 2016 թվականին։

Պարտադիր ավտոապահովագրման ստույգ ժամկետների նշումից հրաժարվեց պետական վերահսկողության ծառայությունը, թեպետ հավաստիացրին, որ դրա հետաձգումը երկար ժամանակ չի տեւի։ Ծառայության հավաստմամբ, համապատասխան օրինանախագիծն արդեն ներկայացված է խորհրդարան, եւ դրա քննարկումից ու ընդունումից հետո միայն, հայտնի կդառնա պարտադիր ավտոապահովագրման ժամկետը։ Ինչպես նշեցին ծառայությունում, պարտադիր ավտոապահովագրման գործընթացի ներդրման ուղղությամբ, օրենքի իրավաբանական շրջանակի տեխնիկական բաժնի մշակմանը, որը վերաբերում է ապահովագրական գումարի մարմանը, հավելավճարին, պատժատուրքին եւ մյուս հանգամանքներին, ավարտման փուլում է։ Որոշ անհարթություններ կան նաեւ պարտադիր ապահովագրման մյուս բաժինների հարցով։ Այդ առումով ներկայացված են մի քանի տարբերակներ եւ ներկայումս համապատասխան մարմիններն զբաղված են առկա մանրամասների հստակեցման եւ երկրի պայմաններին համապատասխանեցման աշխատանքով։

Մասնագետների հավաստմամբ, երկրում ավտոապահովագրման գործընթացը հետաձգվել է առնվազն երկու տարով։ Հետաձգումը, մասնագետների համոզմամբ, պայմանավորված է մեքենաների տեխստուգման գործընթացի հետաձգմամբ։ Նրանք գտնում են, որ պարտադիր ապահովագրման օրինանախագիծը պատրաստ չի լինի նաեւ երկու տարի անց, քանի որ նման օրենքի մշակման համար հարկ է հաշվի առնել որոշ հանգամանքներ, մասնավորապես, հարկ է խիստ վերասկողություն սահմանել մեքենաների ներկրմանը, կարգի բերել ճանապարհային ենթակառույցը, խիստ վերահսկողություն սահմանել ներբերվող վառելանյութի եւ երկրորդական օգտագործման անվադողերի նկատմամբ։ Մասնագետների հավաստմամբ, ապահովագրական ընկերություններն իրենք կհրաժարվեն տեխնիկական ստուգում չանցած մեքենաների ապահովագրումից, քանզի դա նոր ռիսկերի ծագման աղբյուր է։ Ինչպես հայտարարեց ավտոփորձագետ Դավիթ Մեսխիշվիլին, երկիրը պատրաստ չէ ավտոտեխստուգման գործընթացը ներդնել թեկուզ երկու տարվա ընթացքում։ Նույնը կարելի է ասել նաեւ ավտոապահովագրման վերաբերյալ։ Այն լուրջ հիմնախնդիրներ կարող է առաջացնել՝ ինչպես վարորդների, այնպես էլ՝ ապահովագրական ընկերությունների համար. «Կարծում եմ, որ ապահովագրական ընկերություններն այդ հարցում շահագրգռվածություն չեն ցուցաբերում։ Եվ դա հասկանալի է։ Այսօր Վրաստանի ճանապարհներին երթեւեկող 350 հազարից ավելի ավտոմեքենաները քսան եւ ավելի տարեկան են եւ, բնականաբար, տեխնիկապես դրանք նորմալ վիճակում չեն կարող լինել»,- հայտարարեց Մեսխիշվիլին եւ հավելեց, որ պարտադիր ավտոապահովագրման ներդրումը որոշակի բեռ կառաջացնի նաեւ վարորդների համար, քանի որ ոչ մեկը դրա համար պատրաստ չէ։ «Տեխստուգման համար մեքենայի նախապատրաստումը նշանակալի գումարներ կպահանջի։ Հետեւաբար, ապահովագրության գործընթացը պարտադրվելու է վարորդներին, ինչը լուրջ հիմնախնդիրներ կարող է առաջացնել»,- հայտարարեց ավտոփորձագետը։ Նրա հավաստմամբ, տեխստուգման եւ ավտոապահովագրման ներդրման փոխարեն, սկզբնական փուլում առավել նշանակալի ուշադրություն հատկացնեն տեխնիկապես չարդարացված մեքենաների ներկրման հարցի վրա։ «Առավել եւս, որ Եվրամիության հետ ստորագրած համաձայնագրերում ներկայացված են ներկրված մեքենաների ընդունման մաքսային չափորոշիչներ։ Դրանում խոսվում է նաեւ ճանապարհային ենթակառույցների եւ անվտանգ երթեւեկության մյուս բաղադրիչների մասին»,- հայտարարեց ավտոփորձագետը։
Թեպետ, ինչպես նշում են ապահովագրությունների ներկայացուցիչները, ավտոապահովագրումը եւ մեքենաների տեխստուգումը միմյանց հետ առնչություն չունեն, թեպետ ապահովագրական փաթեթ ունեցող վարորդներն իրենք շահագրգռված կլինեն ավտոմեքենայի տեխստուգումն անցնելու հարցում։
Այսօրվա տվյալներով, Վրաստանում գործող ապահովագրական 14 ընկերություններից ավտոապահովագրման մշակված ծրագիր ունեն միայն 12-ը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, 2013 թվականին Վրաստանում պաշտոնապես գրանցվել էր 874928 ավտոմեքենա։ Ցավոք, նախարարության տվյալներում դասակարգված չէ, թե վերոնշյալ ավտոմեքենաների թողարկման ժամկետը, ինչը որոշակի դժվարություն է առաջացնում դրանց տեխնիկական վիճակի մասին ստույգ տեղեկատվության ձեւակերպման հարցում։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ