ԱԽԱԼՑԻԽԵ. ԱՐՄԵՆ ՄԱՐԱՆԳՅՈԶՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

Դեկտեմբերի 10-ին Ախալցիխեում Վրաստանի ժողովրդական պաշտպանի ինստիտուտի պատմության մեջ առաջին անգամ օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցիչը հանդես եկավ ազգային փոքրամասնությունների իրավունքների վիճակի եւ պաշտպանության հաշվետվությամբ։

Ախալցիխեի Ժողովրդավարական ներգրավման USAID կենտրոնում Վրաստանի ժողովրդական պաշտպանի տարածաշրջանային ներկայացուցիչ Արմեն Մարանգյոզյանը ելույթ ունեցավ 2013 թվականին ազգային փոքրամասնությունների իրավունքների վիճակի եւ պաշտպանության մասին հաշվետվությամբ։ Ելույթն առնչվում էր դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների միջազգային օրվան։
Հաշվետվության մեջ ուշադրությունը բեւեռված էր ազգային փոքրամասնությունների իրավական վիճակի, կրթության, տեղեկատվության մատչելիության, տարբեր մակարդակներով որոշումների ընդունման գործընթացում մասնակցության եւ կրոնական ազատությունների վերաբերող հարցերին։
Ազգային փոքրամասնությունների իրավական կարգավիճակի կապակցությամբ, Արմեն Մարանգյոզյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների քաղաքացիական ինտեգրման ու իրավունքների պաշտպանության հարցը դեռեւս չի լուծվել։ Կարգավորված չէ նաեւ երկրի քաղաքական մշակութային եւ հասարակական կյանքում ազգային փոքրամասնությունների լիարժեք մասնակցության հարցը։ «Ազգային փոքրամասնությունները քանակական առումով քիչ են ներկայացված կենտրոնական իշխանության մակարդակում, ինչպես նաեւ քաղաքական կուսակցությունների կառավարման մակարդակում»,- ընդգծեց Մարանգյոզյանը։
Անդրադառնալով կրթության ոլորտին, օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցիչը նշեց, որ ազգային փոքրամասնությունների դպրոցներ են առաքվում անորակ թարգմանություններով վրացական դասագրքեր։ Սրությամբ է դրված նոր մանկավարժների անբավարարության հարցը։ «Ոչ վրացական դպրոցներում ուսուցիչների անբավարարությունը պայմանավորված է նրանով, որ վրացական բուհերում ազգային փոքրամասնության լեզուներով մանկավարժներ չեն պատրաստում, ինչի արդյունքում աճում է ազգային փոքրամասնությունների լեզուներով կրթություն ունեցող մանկավարժների անբավարարություն»,- հայտարարեց Արմեն Մարանգյոզյանը։
Նրա հավաստմամբ, Վրաստանի լրատվամիջոցները ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներով հետաքրքրվում են այն ժամանակ, երբ տարածաշրջանում տեղի է ունենում որեւէ իրադարձություն կամ տարածաշրջան է գալիս կառավարության որեւէ ներկայացուցիչ։ Ժողովրդական պաշտպանի ներկայացուցչի պնդմամբ, ցածր է նաեւ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման, գործընթացում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների մասնակցությունը։
Նշենք, որ այդ օրը Ախալցիխեում, օմբուդսմենի տարածաշրջանային ներկայացուցիչներից բացի, մարդու իրավունքների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին զեկույց ներկայացրեց նաեւ Սամցխե-Ջավախեթիի իրավաբանական օգնության բյուրոյի նախագահ Դավիթ Զարիձեն։ Զարիձեի հաշվետվության մեջ շեշտը դրված էր քրեական, վարչական գործերի, քրեական հետապնդման դադարեցման հարցերով բյուրոյի կողմից մատուցած ծառայությունների վիճակագրությանը։