ՎՐԱՑ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՉԱՓ ԿԱՐԵՎՈՐ Է

Տպել

Դեկտեմբերի 16-ին Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցը Սամցխե-Ջավախեթիի հանրային աշխատողներին ներկայացրեց կրթօջախի ծրագրերն ու առկա հիմնախնդիրները։

Հանդիպումն անցկացվեց Ախալցիխեում, Սամցխե-Ջավախեթիի երկրամասային վարչությունում։ Հանդիպմանը ներկա էին երկրամասի պետական լիազոր-նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, մունիցիպալիտետների վարչությունների նախագահները, փոխնախագահները եւ սակրեբուլոյի նախագահները։
Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցի տնօրեն Քեթեւան Ջաղելին շնորհանդեսին խոսեց 2014 թվականին դպրոցի կողմից իրականացված աշխատանքների եւ 2015 թվականին ծրագրված նախագծերի մասին։
«Մենք ներկայացրինք տեղեկատվություն եւ լսեցինք տարածաշրջանում առկա հիմնախնդիրների մասին, ինչն օգտագործելու ենք ուսումնական ծրագրերը կազմելիս»,- ասաց Քեթեւան Ջաղելին եւ հավելեց, որ Սամցխե-Ջավախեթին վարչական դպրոցի առաջնահերթային տարածաշրջաններից է։ «Ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածաշրջանները մեր դպրոցի առաջնահերթությունն են։ Փոքրամասնության ներկայացուցիչներին աջակցում են ինչպես մասնագիտական զարգացման, պետգնումների, ֆինանսական մենեջմենտի, հանրային կառավարման եւ ձեռներեցության իրականացման գործերում, այնպես էլ սովորեցնում ենք պետական լեզուն»,- նշեց Ջաղելին։
Հանդիպմանը Ախալքալաքիի մունիցիպալիտետում պետական լեզվի ուսուցման առումով ձեռք բերած հաջողությունների մասին խոսեց մունիցիպալիտետի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը. «Շատ դժվար է աշխատակիցներին մեկ կամ երկու ամսով Քութայիսի գործուղելը։ Ճիշտ է, Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցը ստանձնել է պարտավորություն եւ հնարավորություն ընձեռել երիտասարդներին համապատասխան կրթությամբ ապահովելու հարցում։ Վրաց լեզվի իմացությունն անչափ նշանակալից է մեր շրջանի համար»։
Նշենք, որ Քութայիսիում գործող Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչական դպրոցն ունի տարածաշրջանային ուսուցման 8 կենտրոն։ Դրանցից երկուսը գործում են Սամցխե-Ջավախեթիում, հինգը՝ Քվեմո Քարթլիում եւ մեկը՝ Կախեթիում։ Հաջորդ տարվա համար ծրագրվում է եւս երկու տարածաշրջանային կենտրոնի բացում։

ՄԱՆԱՆԱ ԽԱՐԱՇՎԻԼԻ

Ախալցիխե