ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ՝ ՏԱՐԵՎԵՐՋԻ «ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

Տպել

Ժամը 23։55 էր, երբ ֆեյսբուքյան իմ զրուցակցին՝ ընդամենը 10-րդ դասարանի աշակերտ Աննա Հովհաննիսյանին, բարի գիշեր մաղթեցի՝ գիտակցելով, որ վաղն առավոտյան դպրոց է գնալու.

- Դե’, գնա քնիր, Աննա ջան, շատ ուշ է։
- Չէ, ի՞նչ եք ասում,- պատասխանեց նա,- ես դեռ այնքա՜ն գործեր ունեմ։ Քննաշրջանն է սկսվել։
- Դպրոցու՞մ,- ստիպված շարունակեցի զրույցս։
- Ո’չ, Իվ. Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ¤։
- Այսի՞նքն,- զարմացա ես։
- Դե, ես նաեւ ԹՊՀ ճշգրիտ ու բնագիտական գիտությունների ֆակուլտետի մաթեմատիկայի դեպարտամենտի եւ ԹՊՀ Մանկական համալսարանի կրթագիտական դպրոցի 4-րդ խմբի 12-րդ դասարանի սանն եմ ու նաեւ ղեկավարը։
Նորից զարմացա, բայց շա՜տ հաճելիորեն։ Ու նաեւ արտասովոր մի հպարտություն ապրեցի, որ Աննան հենց մայրաքաղաքի թիվ 104 հայկական դպրոցի սան է։ Դե՚, թող զարմանան հիմա նրանք, ովքեր խոսում են մեր դպրոցների թույլ լինելու մասին, եւ կամ նրանք, ովքեր պնդում են, որ Վրաստանում ինտեգրացիայի առաջին խոչընդոտը ոչ վրացական ազգանունն է։ Ահա խնդրեմ, ի դեմս Աննայի վառ ապացույցն այն բանի, որ երիտասարդն ինքն էլ պիտի ձգտող ու շնորհալի լինի։
Պարզեցի նաեւ, որ ծանոթ-բարեկամը չէ կամ ընտանիքի նյութական հնարավորությունը, որ շարժիչ ուժ են դառնում Աննայի համար։ Սովորական ընտանիքի զավակ է. մայրը՝ տնային տնտեսուհի է, հայրը՝ կոշկակար։ Ծնվել է Թբիլիսիում, 1-ից 3-րդ դասարանները սովորել ռուսական դպրոցում, այնուհետեւ ծնողները տեղափոխել են հայկական դպրոց, ըստ որում՝ նաեւ իր ցանկությամբ։ Ասեմ նաեւ, որ կրթական նրա արեալը միայն դպրոցը չէ։ Ինչպես նշեցի, Աննան Մանկական համալսարանի սան է (Գ.Բ. գործում է 2012 թվականից, ընդգրկում 7-12-րդ դասարանի աշակերտների, պատրաստում նրանց բարձրագույն մաթեմատիկայում¤, բացի այդ, հաճախում է իրավաբանական, տնտեսագիտական կուրսերի։ Նորից զարմացեք. լրջորեն զբաղվում է նաեւ սպորտով։ 2010 թվականին, Վրաստանի ձյուդոյի առաջնությունում, կադետ աղջիկների շրջանում երրորդ տեղն է նվաճել, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ լողորդի կոչում է ստացել լողի ասպարեզում։
- Աննա, իսկ ինչպե՞ս ես իմանում այս ամենի մասին, հետո մասնակցում։ Այս ամենն անվճա՞ր է,- հարցնում եմ նրան։
- Այո, անվճար է։ Դասընթացների եւ ուսումնական այլ ծրագրերի մասին համացանցից եմ տեղեկանում ու անմիջապես գնում եմ մասնակցելու։ Քննություն կամ հարցազրույց են նշանակում, հաղթահարում եմ ու սկսում սովորել։ Իսկ օլիմպիադաների՝ տնօրինությունն է ուղարկում, հետամուտ է լինում նաեւ դասղեկս՝ Ալլա Գրիգորյանը։ Ընդհանրապես, օրս սկսվում է դպրոցով, ավարտվում՝ համալսարանով կամ մարզադահլիճով։ Շաբաթ ու կիրակի օրերին եւս սովորում եմ: Օրինակ, անցած կիրակիներին բարեհաջող հանձնեցի բարձրագույն մաթեմատիկայի եւ իրավագիտության քննությունները։
- Չես հոգնու՞մ…
- Շատ,- պատասխանում է ու շարունակում։ Բայց գիտեմ, որ ինչ-որ բանի հասնելու համար պետք է շա՜տ աշխատել, սովորել, մտավոր ու սեփական կարողություններով։
Երեւի հենց այդ գիտակցումն էլ օգնեց. Աննան հաղթեց միջազգային մաթեմատիկայի օլիմպիադայում, որն անցկացվեց այս տարվա սեպտեմբերին, Թուրքիայի սեւծովյան Օրդու քաղաքի մոտակայքում գտնվող Կորղան շրջանում, ուր, ի դեպ, հանդես եկավ որպես աշակերտական խմբի ղեկավար։ Ավելացնենք նաեւ, որ Աննան հաղթեց նաեւ Բակուրիանիում, Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության հովանավորությամբ անցկացվող Վրաց լեզվի օլիմպիադայում („King’s“¤։ Նա հաղթող ճանաչվեց նաեւ «Քայլ առ քայլ դեպի գիտելիք», «Պյութագորասի առաջնություն» «Վաղվա հույս» մրցաշարերում։
- Աննա, իսկ գիտե՞ս, թե ո՞րն է հաջողությանդ գրավականը։
- Աշխատելու անսպառ ցանկությունն ու պետական՝ վրաց լեզվի լավ իմացությունը։ Ընտանիքս հայախոս է։ Վրացերեն ես սովորում եմ միջավայրում, դպրոցում, համացանցում, տարբեր դասընթացների ու պարապմունքների մասնակից եմ դառնում։ Լեզվական որեւէ խոչընդոտ չունեմ, վրացի շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել։ Ես հպարտ եմ, որ էթնիկ հայ եմ, որ Վրաստանում եմ ապրում եւ կարողանում իրագործել այն, ինչ երազում եմ։
- Իսկ ի՞նչի մասին ես առավել երազում… Ահա մոտենում է 2015-ը։
- Երազում եմ, որ ամենուր՝ տանը, դրսում, երկրում խաղաղություն լինի, որ իմ բոլոր մերձավորները՝ տանեցիները, ընկերներս, լինեն առողջ ու հաջողակ։ Միշտ կարողանանք սովորել, էլ ավելին իմանալ, գիտելիք կուտակել։
Ընթերցողի հետ պետք է անկեղծ լինեմ՝ ասելով, որ որեւէ խոսք կամ նկարագիր այս խոստումնալից աղջնակի կենսագրականում չեմ ավելացրել, դեռ մի բան էլ կրճատել եմ, չնշելով այլեւայլ կոնֆերանսներին կամ կրթական ծրագրերին իր ակտիվ ու փայլուն մասնակցությունը։ Կարծում եմ, այսքանն էլ բավական է Ամանորի նախաշեմին հասկանալու համար, որ ամեն ինչ մեր իսկ սեփական ձեռքերում է։ Ու եթե դա հաջողվում է անել ընդամենը 10-րդ դասարանի աշակերտին, ապա ի՞նչ ասեմ… Պարզապես ցանկանում եմ, որ 2015-ի ծրագրերն ու անելիքները կազմելիս, այս նյութն, իրոք, մտածելու տեղիք տար մեր դպրոցների աշակերտներին, ուսանողներին, ընդհանրապես երիտասարդներին եւ օգներ նրանց այս կամ այն առումներով։


Գայանե Բոստանջյան