ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ.«ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՊԱՏԻՎ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԵՐ ԱՄԵՆԱՄԵՐՁԱՎՈՐ ՀԱՐԵՎԱՆ ՈՒ ԱՄԵՆԱՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՈՒՄ»

Տպել

Հարցազրույց՝ Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի հետ

֊ Նախ մի քանի խոսք՝ Ձեր մասին։ Հաճախ ենք լսել Ձեր մարզական ձեռքբերումների մասին, նշանակալի աշխատանքային փորձ եք կուտակել նաեւ Հայաստանի կառավարության բարձր պաշտոններում։

- Անշուշտ, ինձ համար հաճելի է, որ սպորտի երկրպագուները չեն մոռանում մարզական ձեռքբերումներս: Մարզական կարիերայիս ընթացքում քրտաջան աշխատանքի շնորհիվ ինձ հաջողվել է նվաճել ամենաբարձր «գագաթները», ըմբոշխնել երկրպագուների սերն ու հիացմունքը, բնականաբար, կյանքիս այդ ժամանակաշրջանի հիշողությունները շատ թանկ են ինձ համար: Սակայն, պետք է խոստովանեմ, որ այժմ պետական ոլորտում գործունեությունս ամբողջովին կլանում է իմ ժամանակը եւ բավարարում աշխատանքային պահանջմունքերս։
Դուք իրավացի եք, պետական բարձր պաշտոններում իմ ծառայության աշխատանքային փորձը ինձ վստահություն է տալիս, որ հայրենիքիս համար օգտակար կլինեմ նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանի պատասխանատու դիրքում։

Առհասարակ, պատասխանատվության զգացումը միշտ եղել է ինձ համար այն հզոր խթանը, որը ուղղորդում է իմ յուրաքանչյուր գործունեությունը եւ ճանապարհ հարթում դեպի կոնկրետ ձեռքբերումները։
- Արդեն վեց ամիս է, ինչ Դուք Վրաստանում ներկայացնում եք Հայաստանը։ Մի քանի խոսք՝ Ձեր տպավորությունների եւ Վրաստանում հայաստանյան դիվանագիտական առաքելության առաջնահերթությունների մասին։ Ձեր կարծիքով, ի՞նչ է առաջին հերթին բնորոշ Վրաստան-Հայաստան փոխհարաբերություններին։
- Վրաստանում, առաջին հերթին, ինձ վրա տպավորություն է գործել մարդկանց ջերմ եւ բարյացակամ վերաբերմունքը, ինչը ես, ընդհանրապես, շատ բարձր եմ գնահատում ե՚ւ մարդկային, ե՚ւ աշխատանքային տեսակետից: Դրա միջոցով ձեւավորվող մթնոլորտը լավ ֆոն է ստեղծում թե՚ անձնական, թե՚ գործնական հարաբերությունների հաստատման ու զարգացման համար, ինչը, իր հերթին, առաջնային նշանակություն ունի դիվանագետի աշխատանքում։
Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, ապա, հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական տեսակետից Վրաստանը Հայաստանի համար վճռորոշ երկիր է, փաստորեն, դարպաս է դեպի արտաքին աշխարհ, ուստի հայ-վրացական հարաբերություններում ամենաչնչին զարգացումը, առաջընթացը կարեւորագույն նշանակություն ունի։ Կարելի է ասել, որ առաջնահերթություն չունեցող հարցեր մեր երկրների հարաբերությունների օրակարգում չկան։
Այնուամենայնիվ, հաղորդակցության բնագավառը եւ հայկական համայնքի առկայությունը ես դիտարկում եմ որպես այն հենակետերը, որոնց շուրջ եւ որոնց հիմքի վրա պետք է կառուցվի հայ-վրացական բազմակողմ ու բազմազան հարաբերությունների ամբողջ համակարգը։ Կարծում եմ, որ «եղբայրական հարաբերություններ» հասկացությունը, որը կասկածի տակ չեն առնում ո՚չ Հայաստանում, ո՚չ էլ Վրաստանում, պետք է լցվի նոր բովանդակությամբ, որը համահունչ կլինի XXI դարում մեր երկրների եւ ժողովուրդների առջեւ ծագած քաղաքական ու սոցիալական մարտահրավերներին։
- Ինչպես հայտնի է, Վրաստանը կողմնորոշված է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ստորագրել է Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագիրը։ Իսկ Հայաստանը միտված է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) եւ ՀԱՊԿ-ի անդամ է։ Որքանո՞վ կարող է կողմնորոշումների վերոնշյալ տարբերությունն ազդեցություն գործել երկու երկրների հարաբերությունների վրա։ Ինչպիսի՞ն են ի շահ երկու երկրների՝ Վրաստանի եվրոպական եւ Հայաստանի ԵԱՏՄ-ի կողմնորոշման օգտագործման հնարավորությունները։
Ընդհանրապես, ինչպիսի՞ն է մեր երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրական փոխհարաբերությունների դինամիկան։ Որքանո՞վ են երկու կողմերից լրիվությամբ օգտագործվում ունեցած ներուժը։
- Ակնհայտ է, որ տարբեր քաղաքական, տնտեսական ու ռազմական միավորումներին պատկանելության պարագան պետությունների փոխհարաբերությունների համար լրացուցիչ մարտահրավեր է, եւ այն կարելի է հաղթահարել միայն փոխադարձաբար համապատասխան քաղաքական կամք դրսեւորելու դեպքում։
Բարեբախտաբար, այդպիսի կամք չի պակասում ո՚չ Հայաստանի, ո՚չ էլ Վրաստանի իշխանություններին։ Նման հայտարարություն անելու իրավունք ինձ տալիս է ոչ միայն մեր երկրների ղեկավարների որդեգրած պաշտոնական քաղաքականությունը, այլեւ Վրաստանում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքային շփումները։
Վերջին տարում տեղի ունեցած բոլոր մակարդակներով փոխայցելությունների ժամանակ քննարկումների համար առաջին հարցը եղել է այն, թե ինչպես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցության եւ Վրաստանի Եվրամիության (ԵՄ) ասոցիացման իրողությունը օգտագործել ի նպաստ մեր երկրների տնտեսական զարգացման ու քաղաքական փոխըմբռնման։
Մեր պետությունների պաշտոնատար անձինք՝ սկսած երկրների նախագահներից, ավարտած համապատասխան գերատեսչությունների ղեկավարներով, բազմիցս հայտնել են վերոնշյալ գաղափարին իրենց հավատարմության մասին եւ տեղյակ են պահել այդ ուղղությամբ իրականացվող քայլերին։
Ավա՜ղ, այստեղ պատրաստի «դեղատոմսեր» չկան, մենք ինքներս այժմ մշակում ենք անհրաժեշտ միջոցներ՝ մաքսային, հարկային եւ այլ բնագավառներում, սակայն համոզված ենք, որ կհասնենք մեր նպատակին՝ ի շահ մեր երկու պետությունների ու ժողովուրդների։
Արդեն կան կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ, որոնք ապացուցում են, որ Հայաստանի միանալը ԵԱՏՄ-ին եւ Վրաստանի ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը խոչընդոտ չեն դառնա մեր երկու երկրների միջեւ փոխշավետ համագործակցության համար։ Այսպես, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի դեկտեմբերին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, վերջնականապես ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը պահպանվում է. մաքսատուրքեր մեր երկրների միջեւ չեն լինելու։
Եթե մի կողմ թողնենք մասնագիտացված հարցերը, ապա կարող եմ ասել, որ գլխավոր գաղափարը կայանում է նրանում, որ Վրաստանը Հայաստանի համար պետք է կատարի դեպի ԵՄ «լուսամուտի» գործառույթը եւ, համապատասխանաբար, Հայաստանը Վրաստանի համար՝ դեպի ԵԱՏՄ։
Հենց այս խնդրի լուծումից կախված կլինի մեր երկու երկրների միջեւ տնտեսական, առեւտրական փոխհարաբերությունների հետագա զարգացման դինամիկան եւ արդյունավետությունը։
- Ձեր կարծիքով, ի՞նչ հնարավորություններ կան Հայաստանում վրացական գործարարության, իսկ Վրաստանում հայկական գործարարության մասնակցության մակարդակի բարձրացման համար։ Ի՞նչ համատեղ նախագծեր կարող են իրականացվել վրաց եւ հայ գործարարների կողմից։
- Տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ նաեւ անհատ-գործարարների միջոցով, միշտ եղել է հայ-վրացական հարաբերությունների խարիսխը: Համագործակցության ավանդական ոլորտներ են հանդիսացել էներգետիկան, տրանսպորտը, գյուղմթերքների արտադրությունը, սննդարդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունն ու հանքարդյունաբերությունը, իսկ վերջին տարիներին հատկապես զարգացել է տուրիզմը:
Մեր երկրների միջեւ բնիզնեսի, առեւտրաշրջանառության ծավալները տարեցտարի աճում են: Առանձնապես նկատվում է հայկական բիզնեսի աճը Վրաստանի ուղղությամբ, ինչը հիմնականում պատճառաբանվում է նրա զարգացմամբ եւ սպառման համար նոր հնարավորությունների որոնման անհրաժեշտությամբ:
Եթե նախկինում ավելի շատ Վրաստանն էր ապրանքներ արտահանում Հայաստան, իսկ Հայաստանից Վրաստան արտահանումը բավականին սահամանափակ էր, ապա 2013 թվականից դրությունը սկսեց փոխվել: Այժմ Հայաստանից Վրաստան ներմուծման ծավալներն աճել են գրեթե երեք անգամ՝ կազմելով Վրաստանի ընդհանուր ներկրումների 2,5%-ը: Եթե 2012 թվականին Հայաստանից Վրաստան ներմուծումը կազմել է մոտավորապես 71 մլն դոլար, ապա 2013-ին՝ արդեն 182 մլն, իսկ 2014 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում՝ 190 մլն դոլար: Տպավորիչ առաջընթաց է:
Ինչպես արդեն նշեցի, ծավալման տեսակետից առանձնանում է զբոսաշրջությունը: 2013 թվականին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը երրորդն է եղել: Վրացական պետությունը, արժեւորելով Վրաստանում հայ գործարարների այսօրվա ներկայությունը, շարունակում է խրախուսական քաղաքականություն վարել բիզնեսի այդ ոլորտում: Օրինակ, Վրաստանի ծովափնյա՝ Քոբուլեթիի եւ Անակլիայի շրջաններում ամենաքիչը 50 սենյակ ունեցող հյուրանոցների սեփականատերերը, ովքեր մեկ մլն լարիից ավելի ներդրում են կատարել, 15 տարի ժամկետով ազատվում են գույքահարկի եւ շահութահարկի վճարումից:
Մի խոսքով, մենք ակնկալում ենք, որ այդ դրական զարգացումները, որ տեղի են ունեցել մեր տնտեսական հարաբերություններում, հետագայում էլ կպահպանեն իրենց ձեռք բերած դինամիկան:
- Եթե փորձեք ընդհանուր առմամբ գնահատել Վրաստանի ներքաղաքական իրավիճակը, ինչպիսի՞ն է Ձեր բնորոշումը։
- Կարծում եմ, որ այն ժամանակաշրջանը, ինչ ես աշխատում եմ Վրաստանում, բավական չէ նստավայր երկրի ներքաղաքական իրավիճակին խորապես հասու լինելու համար։ Այնուամենայնիվ, ձեր հարցը անպատասխան չթողնելու համար, կարող եմ ասել, որ ինձ համար՝ որպես դեսպան, կարեւորն այն է, որ Վրաստանում կա կայուն, կառավարման լծակներն իր ձեռքում ամուր բռնած, ժողովրդավարական սկզբունքների հիման վրա կառուցված իշխանություն։ Դրանք լավագույն պայմաններ են, որպեսզի երկրում հավատարմագրված այլ պետության ներկայացուցչությունը կարողանա իրականացնել իր վրա դրված պարտականությունները։
- Ձեր կարծիքով, ի՞նչ դեր է կատարում վիրահայ համայնքը վրաց ներքաղաքական կյանքում, որքանո՞վ է այն ինտեգրված երկրի հասարակական կյանքում։ Գաղտնիք չէ, որ, մասնավորապես Թբիլիսիում, Բաթումիում ինտեգրման մակարդակը շատ ավելի բարձր է, քան տարածաշրջաններում։ Խոսքը վերաբերում է պետական լեզվի իմացությանը, հասարակական կյանքին մասնակցության մակարդակին եւ այլն։ Ի՞նչ կասեիք այդ մասին։
- Եթե մենք խոսում ենք Վրաստանի ներքաղաքական կյանքում հայկական համայնքի դերի մասին, ապա սկզբից պետք է իրարից տարանջատենք հայկական համայնքի՝ որպես միասնության եւ նրա առանձին ներկայացուցիչների հանրագումար դերերը։
Առաջին դեպքում պետք է ակնկալել, որ իր ուրույն մշակութային, հոգեւոր ու հասարակական եւ այլ ակտիվությամբ համայնքն աչքի ընկնող տեղ գրավի բազմազգ Վրաստանի գեղատեսիլ «քարտեզի» վրա։ Ես տեղյակ եմ, որ այդ առումով վիրահայ համայնքի կյանքում գրանցվել են լուրջ դրական տեղաշարժեր, եւ այստեղ ես կուզենայի առանձնացնել Վիրահայոց թեմի ու անձամբ թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի դերակատարությունը։
Ի դեպ, պետք է նշեմ, որ Սրբազանը, ով քաջատեղյակ է իր հոգեւոր հոտի, առհասարակ վիրահայ համայնքի անցուդարձին, հիմնախնդիրներին ու հոգսերին, անփոխարինելի աշխատանք է կատարում՝ համայնքի հետ շփումներում: Նորին սրբությունը հաճախ մասնակցել է իմ աշխատանքային եւ ճանաչողական հանդիպումներին, նա նաեւ ուղեկցել է ինձ Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան իմ աշխատանքային այցի ժամանակ:
Ինչ վերաբերում է երկրորդին, ապա քաղաքական, տնտեսական, գիտական, արվեստի, մի խոսքով, երկրի կյանքի ամենատարբեր բնագավառներում, իմ կարծիքով, հայական համայնքի դերը պետք է ձեւավորվի նրա անհատ ներկայացուցիչների պրոֆեսիոնալ հաջողությունների հաշվին։ Այստեղ ես հատկապես կարեւորվում եմ պետական լեզվի իմացությունը, կրթությունը, կարիերային առաջադիմությունը։
Հակիրճ կուզենայի անդրադառնալ նաեւ ջավախահայության պարագային։ Վերջերս ես շատ հետաքրքիր եւ ուսանելի այցելություն եմ կատարել Ջավախք, որի ընթացքում համոզվել եմ, որ չնայած տարբեր սոցիալական ու տնտեսական բարդությունների, որոնց ընդհարվում է տեղական բնակչությունը, նրանց մոտ չի նկատվում ո՚չ ընկճվածություն, ո՚չ էլ պասսիվություն։ Ընդհակառակը, նրանք ձգտում են ակտիվորեն տնօրինել իրենց կյանքը, բարելավել իրադրությունը տարածաշրջանում։ Բավականին ակտիվ են այնտեղ հայկական հասարակական կազմակերպությունները, աճում է ջավախքցիների, հատկապես՝ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների ակտիվությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ նրանց պահանջատիրությունը տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության նկատմամբ։ Կարծում եմ, որ այդ ամենը Վրաստանի ներքաղաքական կյանքում ջավախահայության դերի բարձրացման վստահելի նախապայման է։
- Հավանաբար, մեկ անգամ չէ, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները տարբեր հարցերով դիմում են դեսպանություն, անմիջականորեն՝ Ձեզ։ Եվ շատ հաճախ այդ հարցերը բացարձակապես չեն առնչվում դեսպանության իրավասություններին։ Նման դեպքերում ինչպե՞ս եք վարվում եւ ի՞նչ խորհուրդ կտայիք մեր ընթերցողներին այդ առումով։
- Նախ, ցանկանում եմ ասել, որ մեր դեսպանությունը՝ սկսած նրա ղեկավարից, ավարտած անձնակազմի ամեն մի ներկայացուցչով, տրամադրված է հնարավորինս օգտակար լինել եւ զորավիգ կանգնել Վրաստանի հայազգի քաղաքացիներին նրանց հուզող բոլոր հարցերում։ Դա բխում է ոչ այնքան մեր բարյացակամությունից, որքան մեր առջեւ դրված խնդրից՝ աջակցել հայկական համայնքին իր օրինական իրավունքների կիրառման ու շահերի ապահովման հարցում՝ նպաստելով նրա ազգային ինքնության պահպանությանը եւ վրաց հասարակությունում նրա սոցիալական դերի բարձրացմանը։ Բացի այդ, մենք պարզապես ուզում ենք, որ դեսպանություն դիմած ցանկացած մարդ, առնվազն գոնե մեկ քայլով առաջ ընթանա իր առջեւ ծառացած խնդրի լուծման գործում։ Եվ, կարծում եմ, որ հիմնականում մեզ հաջողվում է իրագործել այդ սկզբունքը։
Սակայն հաճախ, դուք միանգամայն իրավացի եք, վրաստանահպատակ մեր հայրենակիցները դիմում են ՀՀ դեսպանություն այնպիսի հարցերով, որոնցում մենք չենք կարող աջակից լինել այն պարզ պատճառով, որ դա դուրս է գալիս մեր իրավասությունների շրջանակից եւ կարող է որակավորվել որպես միջամտություն Վրաստանի ներքին գործերին։ Ուստի, նման դեպքերում, ամենաշատը, ինչ մենք կարող ենք անել, խորհուրդ տալն է, թե ինչպես նրանք վարվեն։

Բարեբախտաբար, Վրաստանն այն պետությունն է, ուր ներդնում եւ զարգացնում են բոլոր այն օրենսդրական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները, որոնք կոչված են պաշտպանելու մարդու իրավունքները։ Հետեւապես, մեր խորհուրդներից մեկը կայանում է նրանում, որ Վրաստանի հայազգի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն իրենց շահերի ապահովման այն մեխանիզմներին, որ ընձեռված են Վրաստանի քաղաքացիներին՝ լինի դա օմբուդսմենի աշխատակազմը, կամ տարբեր իրավաբանական ինստիտուտները՝ այդ թվում հասարակական սկզբունքներով գործող այդ բնագավառի ոչ կառավարական կազմակերպությունները, ինչպես նաեւ դատարանը եւ այլն։ Մի գուցե, բոլորին չէ, որ կարող է բավարարել այս խորհուրդը, սակայն ուզում եմ շեշտել, որ այդ է գլխավոր ճանապարհը, որը ժողովրդավարական երկրում թույլ է տալիս արդյունավետ կերպով լուծել քաղաքացիների խնդիրները՝ միաժամանակ քաջալերելով նրանց սոցիալական ակտիվությունը։
֊ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն ունի բարի, լավ ավանդույթներ, որոնք ներդրվել են դեռեւս 20 տարի առաջ, երբ բացվեց հայկական դեսպանատունը եւ դրանք առ այսօր շարունակվում են։ Մինչ Ձեր նշանակումը գործող դեսպաններն այդ ավանդույթները հնարավորինս ծառայեցնում էին երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար։ Մասնավորապես, դեսպանությունը միշտ ակտիվ դեր է կատարել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի ամրապնդման ուղղությամբ։ Առաջիկայում ի՞նչ եք ծրագրում իրականացնել այդ հարցում։ Դիվանագիտական Ձեր գործունեության ընթացքում ի՞նչ նորամուծություններ եք մտադիր ներդնել վերոնշյալ նպատակներին հասնելու համար։
֊ Կարող եմ միայն հաստատել այն գնահատականը, որ դուք տալիս եք Վրաստանում Հայաստանի դեսպանության տարիների ընթացքում ձեւավորված աշխատանքային ավանդույթներին: Ավելին, շնորհակալ եմ, որ դուք հիշատակում եք դա՝ ինձ էլ հնարավորություն տրամադրելով պատշաճը հատուցել այդ ավանդույթներին: Նշեմ նաեւ, որ այդ ավանդույթների նշանակալից մասը կազմում է դեսպանության անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակը, ընդ որում դա վերաբերում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ՝ վարչատեխնիկական կազմին: Այն հուսալի նեցուկ է մեր աշխատանքում:
Ինչ վերաբերում է մեր առաջիկա ծրագրերին, ապա որոշակի նպատակահարմարություններից ելնելով, ընդունված չէ նախապես հրապարակայնորեն հայտնել տեղեկատվություն դեսպանության նախատեսված գործունեության վերաբերյալ: Սակայն, ի հարգանս «Վրաստան» թերթի ընթերցողների, ես փոքր-ինչ կխախտեմ այդ կարգը եւ, այնուամենայնիվ, կնշեմ, որ միտված եմ լուծելու Թբիլիսիում մեր դեսպանության շենքի դիրքի եւ հարմարավետության հարցը, որպեսզի այն առավել պիտանի լինի իր նշանակությամբ շահագործելու համար: Այդ հարցում ես արդեն ձեռք եմ բերել մեր երկրի նախագահի եւ կառավարության աջակցությունը, եւ հուսով եմ, որ 2015 թվականի ընթացքում այդ խնդիրը կլուծվի: Թեեւ մենք ունենք Թբիլիսիում դեսպանատուն, որը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, սակայն այն ձեռք է բերվել 20 տարի առաջ եւ այլեւս չի բավարարում դիվանագիտական ներկայացուցչության շենքին ներկայացվող ժամանակակից պահանջներին ամենատարբեր տեսակետներից, այդ թվում, հաշվի առնելով հայ-վրացական հարաբերությունների զարգացման ներկա մակարդակը:
Ի դեպ, այստեղեւեթ ուզում եմ նշել, որ մեր պետությունների միջեւ հարաբերությունների որակի եւ ծավալի աճը հանգեցրել է այն բանի, որ 2014 թվականը դարձավ աննախադեպ տարի՝ հայ-վրացական ամենաբարձր մակարդակի փոխայցելությունների տեսակետից՝ մեր երկրների անկախության վերականգնման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ամբողջ տարեգրության մեջ: Կաշխատենք, որ դա էլ դառնա բարի ավանդույթ եւ զարգացում ստանա՝ տարածվելով ամենատարբեր ոլորտների վրա:
֊ Ընդհանրապես, ինչպե՞ս է տեղի ունենում դեսպանի նշանակումը, դրանում ո՞ր չափորոշիչներն են համարվում վճռորոշ։
֊ Հետաքրքիր հարց է։ Անկեղծ ասած, այդ հարցն ինձ չէ, որ պետք է տրվի՝ նկատի առնելով, որ դեսպան նշանակելը պետության ղեկավարի արտոնությունն է: Որքանով որ, այնուամենայնիվ, ինձ եք դիմում այդ հարցով, ես կարող եմ միայն շարադրել իմ դիտարկումները: Ենթադրում եմ, որ դեսպան նշանակելու մասին որոշում ընդունելիս, երկրի առաջին դեմքը ղեկավարվում է այնպիսի չափորոշիչներով, ինչպիսիք են, օրինակ, թեկնածուի ճանաչվածությունը, որը պետք է օգնի վերջինիս գործնական կապեր հաստատելու նստավայր երկրում, պետական ծառայության նրա փորձը, պատասխանատվության գիտակցումը, մենեջերական ընդունակությունները, ինչպես նաեւ բազում այլ հանգամանքներ, կամ հանգամանքների միասնություն։ Երեւի, դրանց թվում, վերջինը չէ նաեւ անձնական քաղաքական վստահությունն այն անձի նկատմամբ, ով օտար երկրում պետք է ներկայացնի պետությունը, եւ, ինչու ոչ, պետության ղեկավարին։
֊ Վերջում ի՞նչ կցանկանայիք ասել «Վրաստան» թերթի ընթերցողներին, բոլոր վիրահայերին։
- Ինձ մեծ պատիվ եւ պատասխանատվություն է բաժին ընկել՝ ներկայացնել հայոց պետությունը մի երկրում, որը մեր ժողովրդի գոյության ամբողջ պատմության ընթացքում հանդիսացել է, առանց որեւէ չափազանցության, մեր ամենամերձավոր հարեւանը եւ ամենամտերիմ բարեկամը, իսկ այժմ նաեւ գլխավոր գործընկերն է տարածաշրջանում։ Դա նշանակում է, որ Հայաստանի հաջողությունները սերտորեն կապված են Վրաստանի հաջողությունների հետ։
Եվ քանի որ սույն հարցազրույցը տպագրվելու է Ամանորի տոներից անմիջապես հետո, եւս մեկ անգամ, իմ բարեմաղթանքները, նախեւառաջ, ուզում եմ հղել ամբողջ Վրաստանին, վիրահայ համայնքին եւ ձեր թերթի ընթերցողներին։ Թո՚ղ այս Նոր տարին ձեզ համար լինի իսկական տոն, թո՚ղ 2015 թվականին ձեր կյանքը լի լինի սիրով, խնդությամբ, հաջողություններով ու ձեռքբերումներով։

ՅՈՒՐԻ ՊՈՂՈՍՅԱՆ