ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Տպել

ԹԵԱ ԾՈՒԼՈՒԿԻԱՆԻՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ, ԻՍԿ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ ԵՎ ՆԻՆՈԾՄԻՆԴԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԻ ՏԵՂԱՑԻՆԵՐԻ ՀԵՏ

Փետրվարի 11-ին Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին աշխատանքային հանդիպում անցկացրեց Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի եւ Ախալքալաքիի մեծամասնական պատգամավորներ Հենզել Մկոյանի, Սամվել Պետրոսյանի եւ «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի համամասնական պատգամավոր Ռուսլան Պողոսյանի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին բնակչության որոշ հատվածին հուզող երկքաղաքացիություն, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձանց հիմնախնդիրների հետ կապված կարգավորման ուղիները։

Հանդիպմանը ներկա էին նաեւ արդարադատության փոխնախարարներ Ալեքսանդր Տաբատաձեն եւ Միխեիլ Սարջվելաձեն:
Արդարադատության նախարարության տեղեկատվությամբ, դա վերոնշյալ հարցերի կարգավորմանն ուղղված երկրորդ հանդիպումն էր:
Հանդիպմանն արդարադատության նախարարն ընդգծեց, որ առաջին հանդիպումից հետո, որին մասնակցում էր Նինոծմինդայի մեծամասնական պատգամավորը, հաջողվեց լուծել քաղաքացիների համար կարեւոր մի շարք հարցեր: «Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ մեր քաղաքացիներին հուզող հարցերի շուրջ համագործակցությունը դրական արդյունքների հանգեցրեց եւ ուրախ եմ, որ մեր աշխատանքին հիմա ակտիվորեն միացել է նաեւ Ախալքալաքիի մեծամասնական պատգամավոր Սամվել Պետրոսյանը եւ պատգամավոր Ռուսլան Պողոսյանը։ Մեր այս հանդիպումները կանոնավորապես կանցկացվեն մինչ տարածաշրջանի քաղաքացիների բոլոր խնդիրները չկարգավորվեն»,- նշեց Թեա Ծուլուկիանին ու հավելեց. «Նինոծմինդայի պատգամավորի բյուրոյի հետ աշխատանքի ընթացքում տեսանք, օրինակ, Սամցխե-Ջավախեթիի շատ բնակիչներ դեռեւս ունեն հին, խորհրդային անձնագրեր, եւ նախարարությունը փորձում է լուծել նրանց նոր փաստաթղթեր տրամադրելու հարցը»:
Վրաստանի արդարադատության նախարարությունում կայացած հանդիպումից հետո մենք հեռախոսով կապվեցինք Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայից մեծամասնական պատգամավոր ՀԵՆԶԵԼ ՄԿՈՅԱՆԻ հետ։ Ահա թե ինչ ասաց նա.
- Նախ, ասեմ, որ անձնագրերի հետ կապված հարցի ծագումից անմիջապես հետո, մոտ երեք ամիս առաջ թեմայի շուրջ հանդիպումներ ունեցա Վրաստանի ինչպես օրենսդիր, այնպես էլ՝ գործադիր իշխանության ղեկավարների հետ։ Մասնավորապես հանդիպեցի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլու, մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Էկա Բեսելիայի, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանու հետ։ Օրենսդիրների հետ խոսեցինք Հայաստանի եւ ուրիշ երկրների քաղաքացիություն ստացած եւ, դրա արդյունքում, Վրաստանի օրենսդրության համաձայն Վրաստանի քաղաքացիությունը կորցրած մարդկանց իրավական կարգավիճակի հարցի օրինական կարգավորման հնարավորությունների մասին, իսկ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ քննարկեցինք վերոնշյալ հիմնախնդրի լուծման հետ առնչվող կոնկրետ միջոցառումները։
Արդյունքում արդարադատության նախարարությունում ստեղծվեց աշխատանքային խումբ, որը Նինոծմինդայի եւ Ախալքալաքիի պատգամավորների բյուրոյի հետ միասին ձեռնամուխ եղավ հարցի կարգավորման ուղիների որոնմանը։
Անկեղծ ասաց, ինքս էլ չէի սպասում, որ փաստաթղթերի առումով նման խառնաշփոթ իրավիճակ կարող էր բացահայտվել։ Պատկերացրեք, շատերը խորհրդային անձնագրերից բացի այլ փաստաթուղթ չունեին։ Մի խոսքով, համատեղ ջանքերով հարյուրավոր մարդկանց համար փաստաթղթերի հետ առնչվող հիմնախնդիրներն արդեն կարգավորվեցին։
Թեպետ նշեմ նաեւ, որ այդ ուղղությամբ անելիքները շատ են։ Ուրախալի է, որ այս հիմնախնդիրը հայտնվեց իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Արդարադատության նախարարությունում հանդիպումից հետո, տիկին Թեա Ծուլուկիանու հետ պայմանավորվեցինք, որ նա փետրվարի 19-ին, կայցելի Ախալքալաքի եւ Նինոծմինդա, որտեղ անմիջականորեն կկարողանա հանդիպել տեղի ղեկավարներին, բնակիչների, ոչ կառավարական կազմակերպությունների որոշ ներկայացուցիչների հետ եւ առաջին աղբյուրից տեղեկություն կստանա փաստաթղթերի, երկքաղաքացիության, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող եւ քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի հարցի կապակցությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Ընդհանրապես ասեմ, որ հիմնախնդիրն ընկալումով ընդունվեց Վրաստանի իշխանությունների կողմից, համենայնդեպս նրանց կողմից հնարավոր ամեն ինչ արվում է դրա կարգավորման համար։

ՅՈՒՐԻ ԽՈՐԵՆՅԱՆ