ՆԵՐԴՐՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՍԽԵՄԱ

Տպել

Վրաստանի կառավարությունը հաստատել է պետական հանձնաժողովի կողմից հռչակված  ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ պաշտոնական առաջադիմության նոր սխեման։

Վրաստանի կրթության եւ գիտության նախարար Թամար Սանիկիձեն, ներկայացնելով ուսուցիչների մասնագիտական զարգացման նոր սխեման, նշեց, որ այն նախատեսում է ուսուցիչների բազմակողմանի նախապատրաստություն։ Սխեմայում արտացոլվել է համալսարանական ծրագիրը, որն ուղղված է մասնագիտական որակավորման բարձրացմանն ու պաշտոնավարման առաջընթացին։
«Սխեմայի հիման վրա մշակվել է ուսուցիչների մասնագիտական նախապատրաստման բարձրագույն կրթության ծրագիրը։ Մինչ օրս, գոյություն չուներ մանկավարժների նախապատրաստման եւ գնահատման հետեւողական միասնական համակարգ։ Իսկ նոր համակարգը շահագրգռում է երիտասարդներին ոչ միայն մանկավարժությամբ զբաղվել, այլեւ ծառայում է մանկավարժի հեղինակության բարձրացմանը։ Պետությունը պատրաստ է ֆինանսական որոշակի ռեսուրսներ ներդնել մանկավարժների նոր կադրերի նախապատրաստման գործում»,- հայտարարեց կրթության նախարարը։
Սխեմայի շրջանակներում բավականին գործառույթներ են փոխանցվում դպրոցներին, ինչը արտահայտվելու է կրթօջախների ինքնավարության մակարդակի բարձրացման մեջ։
Թամար Սանիկիձեի խոսքերով, հաշվի առնելով սխեմայի մասշտաբայնությունը, 2015-2016 թվականներին այն կկիրարկվի պիլոտային պայմանակարգով։ Թեպետ այդ ընթացքում ուսուցիչների ձեռքբերումները կպահպանվեն, եւ դրանք ազդեցություն կգործեն նրանց պաշտոնական առաջադիմության վրա։
Նախարարի հավաստմամբ, նոր սխեմայի ներդնումը հնարավորություն կտա բարձրացնել կրթօջախներում դասավանդման մակարդակը, երկիրը կստանա առավել նախապատրաստված մանկավարժական կադրեր։

ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ