«ՀԻՇԱՏԱԿՆ ԱՐԴԱՐՈՑ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ ԵՂԻՑԻ»

Տպել

Վրաստանի մայրաքաղաքում շարունակվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։

Մարտի 21-ին, Վրաստանի հայ երաժիշտների միության նախաձեռնությամբ եւ «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի աջակցությամբ, տեղի ունեցավ անմեղ նահատակների հիշատակին նվիրված դասական երաժշտության երեկո։
Հանդիսույթին մասնակցեցին Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, լարային երաժշտության ամբիոնի վարիչ Էռնստ Առաքելովի դասարանի ուսանողներ՝ ջութակահարներ Մարիաննա Կիրակոզովան (1-ին կուրս, մագիստր) եւ Ստելլա Մկրտչյանը (3-րդ կուրս, բակալավր)։ Երիտասարդ երաժիշտներն առանձնակի պատասխանատվության զգացումով փորձեցին հանդիսատեսին փոխանցել դասական երաժշտության հսկաների՝ Բախի, Բեթհովենի, Մոցարտի, Պագանինիի, Խաչատրյանի, Վեյավսկու անմահ արարումները։ Նրանց գրագետ կատարումներին նպաստեց նաեւ Թեոնա Միքելաձեի դաշնամուրային վարպետ նվագակցությունը։
Երեկոյին ներկա Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՎՀՄ-ի նախագահ Հենրիխ Մուրադյանը, կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժշտագետ Մարիա Կիրակոզովան բարձր գնահատեցին պրոֆեսոր Առաքելովի եւ նրա շնորհալի ուսանողների՝ Եղեռնի զոհ անմեղ նախնիների հիշատակին տրված տուրքը։

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԴԱԼՅԱՆ