ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ՝ ԱԽԱԼՔԱԼԱՔԻՈՒՄ

Տպել

Մարտի 23-ին, Ախալքալաքիում, անցկացվեց Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի խորհրդատվական խորհրդի արտագնա նիստը։

Նիստին քննարկվեցին տարածաշրջանի մունիցիպալիտետներում իրականացվող ենթակառույցային նախագծերը, դրանց փորձաստուգման եւ վերահսկողության հարցերն ու հայտնաբերած թերացումները։ Քննարկվեց նաեւ պետգնումների գործընթացում ծագած հիմնախնդիրների հարցը։
Նիստում քննարկվեցին նաեւ այն հիմնախնդրային հարցերը, որոնց լուծումը դուրս է տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների շրջանակներից եւ դրանց կարգավորման համար պահանջվում է կենտրոնական գերատեսչությունների ներգրավումը։ Նիստի օրակարգում ներառվել էր նաեւ բյուջետային պակասորդի կառավարման նպատակով վարչական ծախսերի նվազեցմանն ուղղված մունիցիպալիտետներում ծրագրված միջոցառումների, գործի էլեկտրոնային վարման համակարգի ներդրման գործընթացի, ամառային հանգստյան-զբոսաշրջության սեզոնի նախապատրաստման եւ ծրագրված ակտիվությունների մասին հարցը։
Տարածաշրջանային խորհրդատվական խորհրդի նիստին ներկա էին Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում պետական լիազոր-նահանգապետ Ակակի Մաչուտաձեն, փոխնահանգապետ Ավթանդիլ Կաճկաճաշվիլին, տարածաշրջանային նախագծերի համակարգման ծառայության պետ Մարինա Գաչեչիլաձեն, Ախալքալաքիի, Նինոծմինդայի, Ախալցիխեի եւ երկրամասի մյուս մունիցիպալիտետների վարչությունների ու սակրեբուլոների նախագահները, պաշտոնական այլ անձինք։