ՄԵԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տպել

Մեծ եղեռնը Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18թթ.) ու դրան հաջորդած տարիներին Օսմանյան կայսրության եւ քեմալական կառավարության՝ Արեւմտյան Հայաստանում, Կիլիկիայում եւ կայսրության մյուս հայաբնակ վայրերում, ինչպես նաեւ Արեւելյան Հայաստանում իրագործած հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանության ու բնաջնջման պետական քաղաքականությունն է: Բնորոշվում է որպես XX դարի առաջին ցեղասպանություն:

Հայերի, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության մյուս քրիստոնյա բնակչության դեմ իրագործված ցեղասպանության թուրքական քաղաքականության հիմքում պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի պետական դարձած գաղափարախոսություններն էին:
Երիտթուրքական կառավարությունը, մտնելով Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, «Մեծ Թուրան» ստեղծելու հեռահար ծրագրեր ուներ: Այդ նպատակի իրականացման ճանապարհին անհրաժեշտ էր առաջին հերթին ոչնչացնել հայ բնակչությանը` նրանց մեղադրելով ռուսական կողմնորոշման եւ պանթյուրքիստների զավթողական ծրագրերը խոչընդոտելու համար: Հայերի բնաջնջումը միաժամանակ օրակարգից կհաներ նաեւ Հայկական հարցը, որով վերջ կդրվեր եվրոպական տերությունների միջամտություններին Թուրքիայի ներքին գործերին:
Ցեղասպանության ծրագիրն ուներ նաեւ ակնհայտ նյութական դրդապատճառներ. այն է` ձերբազատվել հայերի տնտեսական մրցակցությունից եւ բռնազավթել նրանց անշարժ ու շարժական գույքը:
Դեռեւս Առաջին աշխարհամարտից առաջ հայ բնակչության բնաջնջման ծրագիրը մշակել էին կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան, ռազմական նախարար Էնվեր փաշան, ծովային նախարար Ջեմալ փաշան, երիտթուրքական կուսակցության կենտկոմի անդամ Բեհաէդդին Շաքիրը եւ ուրիշներ: Առաջին աշխարհամարտի սանձազերծումը պատեհ առիթ է ստեղծել հայերի զանգվածային ոչնչացման ծրագրերի իրագործման համար: 1914թ.-ի հոկտեմբերին Թալեաթի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ կազմվել է հատուկ մարմին՝ «Երեքի գործադիր կոմիտե», որին հանձնարարվել էր կազմակերպել հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը:
Իրենց ծրագիրն իրականացնելու նպատակով իշխանությունները նախ փորձել են հայերին զրկել դիմադրելու հնարավորությունից: Հայերի ցեղասպանության ծրագիրն իրականացվել է 3 փուլով:
Առաջին՝ պատերազմի սկզբին բանակ զորակոչված 18-45 տարեկան 60 հզ. հայ զինվորները, Սարիղամիշի մոտ թուրքական բանակի ջախջախումից հետո, որպես քավության նոխազ, զինաթափվել են եւ 1915թ.-ի փետրվարին Էնվերի հրամանով ոչնչացվել:
Ցեղասպանության երկրորդ փուլը հայ մտավորականության եւ հայությանը կազմակերպող ուժի ձերբակալությունն ու ոչնչացումն էր: Զեյթունում խոշտանգվելով սպանվել է ազատագրական շարժման գործիչ Նազարեթ Չաուշը (Նորաշխարհյան), Վանում՝ Իշխանը (Նիկողայոս Պողոսյան), օսմանյան խորհրդարանի պատգամավոր Արշակ Վռամյանը (Օնիկ Դերձակյան) եւ շատ ուրիշներ: 1915թ.-ի ապրիլի 24-ին եւ հաջորդ օրերին Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ Անատոլիայի խորքերն է աքսորվել մոտ 800 մտավորական. նրանց թվում էին կոմպոզիտոր Կոմիտասը, գրողներ Գրիգոր Զոհրապը (նաեւ խորհրդարանի պատգամավոր էր), Ռուբեն Սեւակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, բժիշկ Նազարեթ Տաղավարյանը եւ շատ ուրիշներ: Մեծ մասն սպանվել է:
Երրորդ փուլում սկսվել է տասնյակ հազարավոր անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի զանգվածային տեղահանությունը: Որոշ վայրերում հայ բնակչությունը փորձել է դիմադրել: 1915թ.-ի մայիս-հունիսին սկսվել են Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Խարբերդի, Սեբաստիայի, Դիարբեքիրի նահանգների, Կիլիկիայի, Արեւմտյան Անատոլիայի եւ այլ վայրերի հայ բնակչության տեղահանությունն ու կոտորածը: Մշտական բնակության վայրերից բռնի տեղահանված հայերը կարավաններով ուղարկվել են կայսրության խորքերը, Միջագետք եւ Սիրիա, որտեղ նրանց համար ստեղծվել էին հատուկ ճամբարներ: Հարյուրհազարավոր մարդիկ էլ դարձել են սովի, հիվանդությունների եւ համաճարակների զոհ:
Կոտորածը շարունակվել է նաեւ հետագա տարիներին: Հազարավոր հայեր ոչնչացվել են Ռաս ուլ Այնի, Դեյր էզ Զորի եւ այլ ճամբարներում:
Չնայած օրհասական դրությանը՝ 1915 թ.-ին Արեւմտյան Հայաստանում եւ կայսրության մի շարք շրջաններում հայությունը դիմել է ինքնապաշտպանության: Հերոսամարտեր են տեղի ունեցել Վանի վիլայեթում (Շատախ, Հայոց ձոր, Գյավաշ, Թիմար եւ այլ վայրերում), Վան քաղաքում, Մուշում, Սասունում, Շապին-Գարահիսարում, Մուսա լեռան վրա, Ուրֆայում…
1918թ.-ին արշավելով Այսրկովկաս՝ թուրքական զորքերը շարունակել են կոտորածը Հայաստանում, իսկ սեպտեմբերին, երբ անգլիական ուժերը լքել են դիրքերը, թուրքերը գրավել են Բաքուն եւ ադրբեջանական ազգայնամոլների հետ կոտորել 30 հզ. հայի:
1918-20թթ.-ին հայ բնակչության ջարդեր են կազմակերպվել Շուշիում:
1920թ.-ի թուրք-հայկական պատերազմի (սեպտեմբերի 28-նոյեմբերի 18) ընթացքում թուրքական զորքերը Ալեքսանդրապոլում եւ գավառի գյուղերում զանգվածաբար ոչնչացրել են խաղաղ հայ բնակչությանը, կողոպտել ունեցվածքը:
1915-16թթ.-ին Եղեռնից մազապուրծ Կիլիկիայի հայերը, որոնք ապաստանել էին արաբական երկրներում, Թուրքիայի պարտությունից հետո սկսել են վերադառնալ իրենց բնակության վայրերը: Ըստ դաշնակիցների գաղտնի համաձայնության (1916թ.)՝ Կիլիկիան մտնելու էր Ֆրանսիայի ազդեցության գոտի: 1919թ.-ին Կիլիկիայում հայերի թիվը 120-130 հզ. էր, 1920թ.-ին հասել է 160 հազարի: Այդտեղ տեղաբաշխված ֆրանսիական զորքերի հրամանատարությունը միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու հայ բնակչության անվտանգությունը, որից օգտվելով՝ քեմալականները բռնություններ են սկսել հայերի դեմ: 1920թ.-ի հունվարին, 20 օրվա մարտերի ընթացքում, Մարաշում զոհվել է 11 հզ. հայ։
Հայոց ցեղասպանության վերջին արարը 1919-22թթ.-ի հույն-թուրքական պատերազմի ընթացքում հայերի կոտորածն էր Թուրքիայի արեւմտյան շրջաններում: 1922թ.-ի սեպտեմբերի 9-ին նրանք մտել են Իզմիր եւ կազմակերպել հայերի ու հույների ջարդը, խորտակել են Իզմիրի նավահանգստում կանգնած հայ եւ հույն փախստականներով լեփ-լեցուն, ինչպես նաեւ փախստականներին փոխադրելու պատրաստ նավերը:
Թուրքական իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության հետեւանքով կայսրության 2,5 մլն հայերից զոհվել է 1,5 մլն-ը: Շուրջ 800 հզ. հայեր գաղթական են դարձել եւ ցրվել աշխարհով մեկ: Հայության մի մեծ հատված 1915-1918թթ.-ին գաղթել եւ ապաստան են գտել Թբիլիսիում, Բաթումիում, ուրիշ երկրների խոշոր քաղաքներում։
Այդ ժամանակ Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի գլխավորությամբ ստեղծվել էր շտաբ, որի կազմում էին վրաց մտավորականներ, հայտնի գրողներ ու արվեստագետներ, ինչպիսիք էին Իոսիֆ Գրիշաշվիլին, Իոսիֆ Իմեդաշվիլին եւ ուրիշներ։ Շտաբը ակտիվ գործունեություն ծավալեց, անցկացրեց հանգանակություններ փախստականներին պարենով եւ հագուստով, թեկուզ ժամանակով ապաստարաններով ապահովելու ուղղությամբ։
Արեւմտյան Հայաստանը զրկվել է իր բնիկ հայ բնակչությունից: Բռնի մահմեդականացվել է 200 հզ. հայ, որոնց սերունդներն այժմ հիմնականում բնակվում են Ճորոխ գետի հովտում: Այդ ջարդերի ժամանակ ոչնչացվել է 66 քաղաքների ու 2500 գյուղերի հայ եւ այլազգի քրիստոնյա բնակչությունը: Կողոպտվել ու քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, 1500 դպրոց ու վարժարան:
Հայոց ցեղասպանության համար պատասխանատվություն է կրում նաեւ կայզերական Գերմանիայի կառավարությունը, որը ոչ միայն տեղյակ էր նախապատրաստվող ոճրագործությանը, այլեւ նպաստել է դրա իրագործմանը: Գերմանիայի մեղսակցությունը նշել են գերմանացի հանրահայտ մտավորականներ Յոհաննես Լեփսիուսը, Արմին Վեգները, Կարլ Լիբկնեխտը եւ ուրիշներ:
Աշխարհի առաջադեմ հասարակական, քաղաքական եւ մշակույթի ու գիտության բազմաթիվ գործիչներ (Ջեյմս Բրայս, Առնոլդ Թոյնբի (Մեծ Բրիտանիա), Մաքսիմ Գորկի, Վալերի Բրյուսով (Ռուսաստան), Անատոլ Ֆրանս, Ժակ դը Մորգան (Ֆրանսիա), Յոզեֆ Մարկվարտ (Գերմանիա), Հերբերտ Գիբոնս (ԱՄՆ), Ֆրանց Վերֆել (Ավստրիա) եւ շատ ուրիշներ¤ դատապարտել են Օսմանյան կայսրության ջարդարար հանցագործությունը: