ՌՈՒՍԼԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ»

Տպել

Ապրիլի 20-ին Վրաստանի խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիում հայտնի «Ռեպորտեր» լրատվա-վերլուծական կենտրոնում, հատուկ հրավիրված ճեպասուլիսում, որին մասնակցում էին 15 ԶԼՄ-ների, առաջատար հեռուստակայանների լրագրողներ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային, նշեց, որ այդ հարցում վրաց ժողովրդի բարոյական աջակցությունը դրական ազդեցություն է գործում երկու երկրների միջեւ առկա հարաբերությունների վրա։ Պատգամավորի հավաստմամբ, Ցեղասպանությունից հետո անցած հարյուր տարվա ժամանակահատվածում միշտ զգացվել է վրաց հասարակայնության աջակցությունը։ «Այսօր արդեն Ցեղասպանությունը պատմություն է, սակայն, միաժամանակ, այն մեծ ցավ է պատճառում, եւ մենք երբեք չենք մոռանա նահատակներին։ Մենք իրավունք չունենք մոռանալու նրանց։ Այսօր շատ են խոսում այդ իրադարձությունների քաղաքական եւ իրավական գնահատականների մասին։ Ես գտնում եմ, որ ոչ պակաս նշանակություն ունի բարոյական աջակցությունը, որը մենք միշտ զգացել եւ զգում ենք  Վրաստանում։ Ինչ վերաբերվում է իրավական եւ քաղաքական գնահատականներին, ապա դա, նախեւառաջ, անհրաժեշտ է, որպեսզի առաջիկայում ոչ մեկը չդառնա բռնության զոհ։ Ցանկանում եմ իմ ազգի ցավը ներկայացնել վրաց հասարակայնությանը եւ փոխարենը ստանալ եղբայրական աջակցություն»,- հայտարարեց Ռուսլան Պողոսյանը։

ԱԽԱԼՔԱԼԱՔԻ
ԽԱՉՔԱՐ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ
Հայոց ցեղասպանության 100֊րդ տարելիցի կապակցությամբ, Ախալքալաքիի մունիցիպալիտետի Ախալքալաքիի Խանդո, Էխտիլա, Կուլիկամ, Դադեշ գյուղերում կանգնեցվեցին Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի խաչքարեր:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կանգնեցված խաչքարերն օծվեցին ձեռամբ Սամցխե-Ջավախեթիի եւ Ծալկա տարածաշրջանի առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի։
Նշենք, որ Էխտիլա գյուղում խաչքարը կանգնեցվեց Դեմուրճյան եղբայրների հովանավորությամբ, իսկ Կուլիկամում իր ազգանվեր գործունեությամբ աչքի ընկավ Սուրիկ Մարաբյանը։
Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, Ախալքալաքիի մունիցիպալիտետի վարչության նախագահ Էդուարդ Աղասարյանը, սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի մունիցիպալիտետի վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը, մտավորականներ, մանկավարժներ, այլք: Այստեղ էին գտնվում նաեւ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը։

ՆԻՆՈԾՄԻՆԴԱ
ՕԾՎԵՑ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՀՈՒՇԱՐՁԱՆ-ԽԱՉՔԱՐԸ
2014 թվականի ապրիլի 23-ին, Նինոծմինդայի մշակույթի տան առջեւ, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձան-խաչքարը՝ ամենախոշորը համայն Վրաստանում: Նրա շինարարությունն իրականացվեց ՌԴ անվանի արդյունաբերող Արմեն Ղարսլյանի եւ նրա եղբայր Թաթուլի ու Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եւ նրա եղբայր Մարտունիի անձնական միջոցներով: Հայոց մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման 100 – ամյա տարելիցի միջոցառումների կիզակետն այսօր առավոտյան ծավալվեց հենց այդ հուշարձանի շրջակայքում...
Նինոծմինդայում դեռ ձմեռ է։ Անընդհատ տեղացող ձյունը, ցուրտը, սակայն, անկարող են կասեցնել մարդկանց հոծ խմբերի հոսքը դեպի Նինոծմինդա, դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուր Սրբասուրբ պատարագից հետո, պսակներով, բազմաթիվ ծաղիկներով, Վրաստանի եւ Հայաստանի պետական դրոշներով, նրանք ուղղվում են դեպի քաղաքի կենտրոն, դեպի Մեծ եղեռնի զոհերի հուշարձան:
Երիտասարդների՝ հատուկ հանդերձանքով հարյուրակը խոնարհվում է հուշարձանի առաջ, ազգային տարազներով աղջիկները վառվող մոմեր են դնում պատվանդանին:
Հուշարձանին են մոտենում եւ պսակներ ու ծաղիկներ խոնարհում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը, շրջանի գամգեբելին՝ Գագիկ Կարսլյանը, սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը, շրջանային ժողովի պատգամավորներ, մտավորականներ. հավաքվածների թիվը հասնում էր մոտ 6 հազարի: Նրանք եկել են իրենց խոնարհումը բերելու Օսմանյան կայսրության կողմից ոչնչացված 1,5 միլիոն հայերի հիշատակը ոգեկոչելու, գլխավոր հանդիսությանը մասնակցելու, «ո՚չ» ասելու եւ դատապարտելու բռնությունն ու մարդատյացությունը ողջ աշխարհում:
Սկսվում է «Վերածնունդ» կոչվող համերգային ծրագիրը, որում մեր ժողովրդի անցած դժվարին, ողբերգական ուղին է. որքան դառն ու դաժան, այնքան՝ հերոսական եւ լուսավոր:
Մշակույթի տան աստիճանավանդակին քաղաքի երաժշտական դպրոցի եւ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի 100 հոգանոց երգչախումբն է, ասմունքի ստուդիայի սաները, մշակույթի տան ժողովրդական եւ ազգագրական համույթների պարողներն ու երգիչները, անհատ կատարողներ՝ մունիցիպալիտետի շատ բնակավայրերից:

ԺՈՐԱ ՍՆԽՉՅԱՆ